«Համոզվում ենք, որ իշխանությունը այն խնդիրը իր առջեւ դրել էր վերջին 10-15 տարիների համար՝ դարձնել անդեմ մեր հասարակությանը, իր նպատակին հասավ»,- մարտի 17-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱԿ անդամ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահագն Խաչատրյանը:
Նա նկատեց, որ իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում որեւէ թվային ծրագրային խոստում չկա, թե օրինակ ինչպիսին է լինելու Հայաստանը մի քանի տարի հետո. «Մեր ռազմավարության հիմնական շեշտադրումը այսպիսինն էր, որ նախընտրական քարոզչության ժամանակ, այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից ընդունում ենք որպես ընդդիմախոս, բայց երբեւիցե ոչ քննադատելու առումով: Այսինքն՝ մենք իրենց ասելիք չունենք, մեր հիմնական ասելիքը եւ շեշտադրումը հիմնականում իշխանության եւ իշխանության մաս կազմող քաղաքական ուժերին է ուղղված, որովհետեւ ի վերջո այսօրվա ստեղծված իրավիճակի պատասխանատուն իրենք են»:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ ընտրողը կողմնորոշվելու խնդիր ունի, քանի որ կան կուսակցություններ, որոնք ծայրահեղ ընդդիմությունից հետո հանդես են եկել իշխանական դիրքերից եւ հակառակը. «Մեր խնդիրն է նաեւ, որ մարդկանց ծրագրերը ներկայացնելիս փորձենք նաեւ հավատ ներշնչել իրենց մոտ, որ մենք այն ուժը չենք, որ մեր դիրքերից նահանջում ենք: Մենք այն ուժն ենք, որ միշտ սկզբունքային է եղել, մեզ համար միշտ կարեւոր է եղել գաղափարական դիրքերից հանդես գալը եւ ոչ թե այսօրվա իրավիճակից ելնելով խնդիրների լուծման բանաձեւեր առաջարկել, որոնք կարող է ժողովրդի ականջին հաճելի լինել, բայց իրականում դրանք անիրականանալի լինեն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ