Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ վարչապետը քանի՞ անգամ է հետաքրքրվել Արթուր Սարգսյանի առողջությունով, որ հիմա ցավակցում է». Էդմոն Մարուքյան

Մարտ 17,2017 14:23

ՀՀԿ-ն եւ վարչապետ Կարեն Կարապետյանը դադարեցրել են գովազդային քարոզչական նյութերի սփռումը՝ հարգելով Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը:

Aravot.am-ը այս առնչությամբ «Ելք» դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ իշխանություններին եք մեղադրում «Հաց բերողի» մահվան մեջ, Կարեն Կարապետյանն իր ցավակցությունն է հայտնել նրա մահվան կապակցությամբ, ասել է, որ սգում են եւ ցավում են, դուք չե՞ք հավատում անկեղծությանը:

Նա պատասխանեց. «Բնականաբար, ոչ: Ցավակցություններին հավատալ-չհավատալու խնդիր չկա, իշխանության պատասխանատվության հարց կա: Կարեն Կարապետյանն ինքը նույնպես պատասխանատու է: Ինքը այն հանրապետության վարչապետն է, որտեղ մարդուն անազատության հետ անհամատեղելի հիվանդությունով ազատազրկում են ու հասցնում նրան, որ նրա առողջությունն այնքան է քայքայվում ու նա հետո մահանում է: Նա ա՛յ այդ երկրի վարչապետն է եւ նաեւ ինքն է պատասխանատվություն կրում: Հանկարծ այնպես չստացվի, որ ինքը, որպես ՀՀԿ-ի համար ձայն հավաքող դեմք, դուրս գա այս գործընթացից: Էդ վարչապետը քանի՞ անգամ է հետաքրքրվել Արթուր Սարգսյանի առողջությունով, որ հիմա ցավակցում է: Ի՞նչ է արել, ասենք: Ես գիտեմ, որ արդարադատության նախարարը հետաքրքրվել է, քրեակատարողական վարչությունում ինչ կարող էին, արել են, դատապարտյալների հիվանդանոցի բժիշկները ամենօրյա ռեժիմով դռան մոտ նստած էին: Բա ի՞նչ է արել վարչապետը, մի հատ ինձ կարո՞ղ եք ասել: Մի անգամ գնացե՞լ է տեսնի կամ գլխավոր դատախազի հետ խոսե՞լ է արդյոք, ասի՝ կարո՞ղ է Էդմոնն ու Նիկոլը եկել են, վսյո տակի պետք է խափանման միջոցը փոխել: Հիմա ո՞ւմ է պետք իր ցավակցական խոսքը»:

Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ իսկ փող բաժանողները դադարեցնո՞ւմ են իրենց քարոզարշավը՝ Արթուր Սարգսյանի հիշատակին. «Իրենց համատիրության ղեկավարները, կադաստրի աշխատողները, իրենց հարկայինի աշխատողները, գազի աշխատողները դադարեցնո՞ւմ են քարոզարշավը: Եթե ուզում ենք ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ մարդն արժեք է, որտեղ ամեն բան արվում է՝ հանուն մարդու, ուրեմն պետք է ոչ մի րոպե պայքարը չդադարեցնել այս իշխանությունների դեմ: Մնացածը՝ իրենց արածը դա թատրոն է, ուղղակի թատրոն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031