Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված փորձագետ Կարեն Վարդանյանի հեռախոսից բացակայել են SIM քարտերը. նոր մանրամասներ (Տեսանյութ)

Մարտ 17,2017 14:11

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործի քննությունը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ՝ խաբեության միջոցով Գեւորգ Զոհրաբյանը գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին, այնուհետև Միհրանյանի հետ շահադիտական դրդումներով, դիտավորությամբ, ապօրինաբար Վարդանյանին զրկել կյանքից, որից հետո էլ հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը: (Կատարվածի մանրամասները՝ այստեղ):

Նիստի մեկնարկին ամբաստանյալները խնդրեցին, որպեսզի դատավորի կարգադրությամբ՝ լրատվամիջոցները չլուսանկարեն իրենց, քանի որ լուսանկարները տարածվում են համացանցում եւ իրենց վարկաբեկում են, մինչդեռ գործի քննությունը չի ավարտվել: Դատարանը բավարարեց նրանց խնդրանքը:

Որպես վկա հարցաքննվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Նա դատավորին ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գեւորգ Զոհրաբյանին. «Ենթադրում եմ, որ նա իմ ընկերոջն է սպանել»:

Իոաննիսյանը տեղեկացրեց, որ Կարեն Վարդանյանը եղել է ոչ միայն իր ենթական, այլեւ ընկերը: Նրան ճանաչում է 2009թ.-ից, իսկ 2015թ. Վարդանյանն «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ում աշխատել է որպես գլխավոր փորձագետ:

«Նա միամիտ էր՝ չէր կարծում, որ մարդիկ ունակ են խաբելու եւ խարդախություն գործելու: Նա հավատում էր, որ մարդիկ ազնիվ են»,-Կարեն Վարդանյանին այսպես բնորոշեց Դանիել Իոաննիսյանը:

Ապա պատմեց՝ նախորդ տարվա մարտին Կարեն Վարդանյանը հայտնել է, որ հրավիրվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ բիզնես սկսելու հնարավորություններ քննարկելու նպատակով:

Ըստ նրա պատմածի՝ Կարենի «մեկնելուց» հետո չեն կարողացել նրա հետ կապ հաստատել. «Նկատեցինք, որ սոցցանցում նշել է, թե գտնվում է Դուբայում: Վերադարձի օրն էլ շարունակում էր անհասանելի լինել: Մտահոգվեցինք…»:

Վկան նշեց, որ օրեր անց իմացել են, որ Կարենի բնակարանը վաճառված է. «Կարենի իրերը սկսեցին հանել բնակարանից: Տեղում տեսանք Գեւորգ Զոհրաբյանին: Ասացին, որ Կարենն այդ տունը նվիրել է Գեւորգին, որն էլ վաճառել է այլ անձի: Տարօրինակ էր, որ նվիրել է: Գեւորգն ասաց, որ Կարենն իրեն շատ է սիրում, ծննդյան առիթով նվիրել է: Տարօրինակ թվաց: Մտքներովս չէր անցնում, որ Կարենն արդեն մահացած կամ սպանված է»:

Իոաննիսյանի տեղեկացմամբ՝ վերցրել են Կարենի համակարգիչը եւ բջջային հեռախոսները, որոնց մեջ բացակայում էին SIM քարտերը. «Համակարգչում առկա «Վայբեր» հավելվածով անհայտ անձը Կարենին գրել էր, թե իր քարտը գտել է հարեւան շենքի բակում: Համոզեցինք, քարտը տվեց մեզ, որի միջոցով մուտք գործեցինք Կարենի սոցցանցի էջ: Պարզվեց՝ երբ Կարենը գրել էր, թե Դուբայում է, իրականում Աջափնյակում գտնվող IP հասցեից էր արվել գրառումը: Ոստիկանությանը հաղորդում տվեցի հանցագործության մասին…»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031