Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «ՀՀ բնակչության 70 տոկոսը պաշտպանում է Պուտինի քաղաքականությունը» (Տեսանյութ)

Մարտ 17,2017 14:06

«ՀՀ բնակչության շրջանում հարցումների բոլոր տվյալները ցույց են տալիս, որ բնակչության 70 տոկոսը հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ, պաշտպանում է Պուտինի քաղաքականությունը և ակնկալում է երկկողմ հարաբերությունների զարգացում»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում այսօր հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Այս հայտարարությունն արտացոլում է նաեւ ՌԴ-ում ապրող 2 մլն-ից ավելի հայերի տրամադրությունները, նաեւ`ՌԴ մեկնող 220 000 միգրանտների եւ ՌԴ-ի հետ կապեր ունեցող տասնյակ հազարավոր բիզնես կազմակերպությունների:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր Արամ Սաֆարյանը ներկայացնում էր վերջին մեկ ամսում իրենց կողմից անցկացված ընթացիկ քաղաքական հետազոտությունը, որը վերաբերում է հայ-ռուսական արդի հարաբերություններին: Այն արվել է ՀՀ նախագահի`ՌԴ վերջին այցի համատեքստում: Ըստ հետազոտության, առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու են այն քաղաքական ուժերը, որոնք հետևողականորեն հանդես են գալիս հայ-ռուսական քաղաքական դաշտի զարգացման օգտին:

Նաեւ, ըստ բանախոսի, ՀՀ-ի բնակչության 90 տոկոսն իր սպասելիքները կապում է տնտեսության կառավարման հետ, ուստի մեր հասարակությունը մեծամասնությամբ աջակցում է այն քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ տնտեսական շահերի զարգացման և խորացման օգտին:

Հետազոտության հաջորդ կետով, Կարեն Կարապետյանի կառավարությունն օգտվում է ՌԴ քաղաքական էլիտայի և ռուս գործընկերների համակողմանի աջակցությունից. «Կարծում եմ, Կարեն Կարապետյանի գործունեության այն կողմը, որն ուղղված է ՌԴ-ում ներդրողներ գտնելու, գործընկերներ հայտնաբերելու և ՀՀ-ում տնտեսության զարգացման ճյուղեր առաջ տանելու հարցը, արտահայտում է ՀՀ բնակչության այս սպասելիքը»:

ՌԴ-ի հետ բարեկամության և զարգացման օգտին, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության օգտին շատ քաղաքական ուժեր են հանդես գալիս: Բայց, Արամ Սաֆարյանի վստահեցմամբ, ՀՀԿ-ն միանձնյա է առաջ տանում հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու հարցը: «Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առումով գործունեության առյուծի բաժինն ընկնում է ՀՀԿ-ի վրա, որը հատկապես համագործակցության սերտ կապեր ունի «Յեդինայա Ռոսիա» կուսակցության հետ»,-ասաց նա:

Երկրորդ քաղաքական ուժը «Ծառուկյան» դաշինքն է և ԲՀԿ կուսակցությունը, որը նույնպես ունի համագործակցության դաշինք «Յեդինայա Ռոսիա» կուսակցության հետ: Այս ուժի համագործակցության առյուծի բաժինն ընկնում է առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Հայ-ռուսական հարաբերություններն առաջ մղելու եռյակը սահմանափակում է ՀԱԿ-ը` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

ՀՀ քաղաքական դաշտում այլ կուսակցություններ էլ կան, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու խորացման օգտին, բայց նրանց հրապարակային գործունեությունը շատ համեստ է: Միաժամանակ, ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են լռության մատնել հայ-ռուսական հարաբերությունների հարցը. «Սրանք մանևրում են ՌԴ-ի և Արևմուտքի միջև և ակնկալում են ստանալ դիվիդենտներ`մեկ այստեղ, մեկ այնտեղ համագործակցությունը առաջ մղելու օգտին»:

Մանրամասները`տեսանյութում

Ըստ Արամ Սաֆարյանի, Արևմուտքի դիվանագետները, քաղաքական գործիչները, խորքային զրույցներում հասկանում և արտահայտվում են, որ իրականում հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն այլընտրանք չկա: «Այլ բևեռ չկա, որ պատրաստ է իր վերցնել ամբողջ բեռը»,- ասաց նա`հավելելով, որ եթե այս հարցումը կօգնի, որ արեւմտյան ներդրումները Հայաստանում կաճեն, ինքը շատ ուրախ կլինի:

Հարցումն անցկացնելիս, հաշվի է առնվել նաեւ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը, ինչը Հայաստանում բավական ցավոտ է ընդունվում: Արամ Սաֆարյանը վստահեցնում է`այդ ամենով հանդերձ, հայ հանրությունը վստահում է ՌԴ-ի եւ Պուտինի քաղաքականությանը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031