«Հայաստանում Էներգակիրների հարցը կրկնակի կարևոր է»,-այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի գործատուների հայկական միության» նախագահ Գագիկ Մակարյանը՝ խոսելով գազի և էլեկտրաէներգիայի սակագների մասին ընտրություններից հետո:
Նրա կարծիքով՝ սա երկու պատճառ ունի: Առաջինը այն է, որ մեզ մոտ բարձր է սոցիալական իրավիճակի բեռը՝ աղքատ պետություն, գործազրկություն, այսինքն՝ էներգակիրների բեռը կարևոր է այս ընտանիքների համար:
«Եթե մենք թանկացնում ենք էներգակիրները, սահմանափակում ենք մարդկանց կենցաղը, ստիպում ենք, որ խնայողության պատճառով մի տեղ լույս վառել, գազօջախի վրա չպատրաստել»:
Պարոն Մակարյանի կարծիքով՝ եթե տնտեսական կողմից դիտարկենք այս հարցը, ապա քաղաքացիները ունենում են խնայողություններ նաև էներգակիրների շնորհիվ: Այդ գումարը կարող են ծախսել այլ նպատակների վրա, որը կմտնի տնտեսություն, իսկ բիզնեսի տեսանկյունից մանր-մունր էժանացումները էական չեն:
Կարդացեք նաև
Բանախոսի խոսքով՝ բոլոր էներգակիրների էժանացման լավագույն աղբյուրը համակարգի արդյունավետության բարձրացումն է: Եթե օրինակ՝ ջուրը ունի կորուստներ, ջրի խողովակները պետք է փոխել, իսկ էլեկտրական ցանցերում՝ լարերի համակարգի փոփոխություն է անհրաժեշտ: Նույնը վերաբերում է գազին:
«Այս համակարգերը հանելուկային համակարգերն են: Մենք տարիներ շարունակ խոսում ենք այդ խնդրի մասին, բայց հստակ չենք տիրապետում, թե ինչ է կատարվում այդ համակարգերի ներսում, իսկ լավագույն ձևը արդյունավետության բարձրացումն է»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ