Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը գրավիչ երկիր չէ ներդրումների համար. զեկույց

Մարտ 17,2017 13:51

Եվրասիական կենտրոնը ( (ECED) հրապարակել է «Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ներդրումային գրավչության քարտեզ» զեկույցը, որում ներառված է 8 երկիր՝ Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Վրաստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Թուրքմենստան:

Հայաստանը ներդրումային գրավչության առումով զեկույցում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակի առաջին երեք հորիզոնականներում են հայտնվել Ղազախստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը: Վրաստանը գտնվում է 4-րդ տեղում:
Երկրների ներդրումային գրավչությունը գնահատվել է մի քանի գործոններով, ինչպիսիք են՝ տրանսպորտային հասանելիություն, քաղաքական կայունություն, տնտեսական զարգացման ծրագրերի իրագործում և այլն:

Հայաստանի վերաբերյալ հատվածում նշվում է, որ ներդրումային առումով դրական կողմերից է տնտեսության դիվերսիֆիկացված լինելը, որակավորված աշխատուժը, համեմատաբար բարենպաստ ներդրումային միջավայրը: Բացասական կողմերից են՝ արտաքին քաղաքական բարձր վտանգները (Ադրբեջանի հետ զինված հակամարտության սպառնալիքը), տրանսպորտային շրջափակումը, պաշարների աննշան բազան, սոցիալական հակասությունների առկայությունը, քաղաքական ապակայունացման վտանգները:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակը առանձնանում է լարվածության բարձր մակարդակով և անկանխատեսելիությամբ՝ պայմանավորված մի շարք գործոններով: Երկարաժամկետ պատճառներից է արցախյան հակամարտության առկայությունը, բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը: 2017-ին ներքին քաղաքական հիմնական մարտահրավերը կլինեն խորհրդարանական ընտրությունները: Ապրիլին ընտրված խորհրդարանի կազմը ձևավորելու է կառավարություն:
Զեկույցը, անդրադառնալով ներդրումային և վարկային միջազգային վարկանիշներին, նշում է, որ Moody’s-ը Հայաստանի վարկանիշը 2015թ. հունվարին նվազեցրել է մինչև Ba3 մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ: Միևնույն ժամանակ Fitch-ը նվազեցրել է վարկային կայունության գնահատականը՝ կայուն կանխատեսմամբ: Doing Business վարկանիշում Հայաստանը 2016թ. զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է մյուս պետություններից և զիջում է միայն Վրաստանին:

Նշվում է նաև, որ 2016թ. երկիրը բախվել է բավականին լուրջ տնտեսական խնդիրների հետ: Հայաստանի ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում կրճատվել է 2.6 տոկոսով: Անցած տարի ՀՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 18.1 տոկոս, ինչն ամենաբարձրն է Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրների շրջանում:
Հանրապետությունում ներկայում իրագործվում են էկոնոմիկայի առանձին ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրային մի քանի ռազմավարություն: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ դրանց մեծ մասը մշակվել է արևմտյան դոնորների մասնակցությամբ, որոնք առաջարկում են չնչին արտաքին ֆինանսավորում և, ընդհանուր առմամբ, կրում են կետային բնույթ՝ ասվում է զեկույցում:
Զեկույցը Հայաստանի ներդրումային միջավայրի համար կանխատեսումը բացասական է գնահատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031