Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդը Փաշինյանին պատմել է՝ «ՕԵԿ-ից հեռախոս եմ վերցրել, ԲՀԿ-ից ու ՀՀԿ-ից էլ փող եմ վերցրել» (Տեսանյութ)

Մարտ 17,2017 13:40

Այսօր հրավիրած ասուլիսում «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հետ կապված ասաց. «Հանրությունը պետք է շատ հստակ պատասխան ստանա, թե ի վերջո ինչն է դարձել Արթուր Սարգսյանի մահվան պատճառը: Երեկ զրուցել եմ «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի բժշկի հետ, ասվել է, որ դա կապված է հետվիրահատական ճողվածքի բարդության, սրտի անբավարարության եւ սուր ինտոքսիկացիայի հետ: Բայց ես կարծում եմ, որ պետք է հանրությունը հստակ պատասխաններ ստանա այս հարցում»:

Մեր հարցին՝ եթե այն պահին , երբ դուք գլխավոր դատախազին զգուշացրեցիք, որ նրա վիճակը վատ է, «Հաց բերողի» խափանման միջոցը փոխվեր, նա ո՞ղջ կլիներ՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ այդ հիվանդությունն ընդգրկված է պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի մեջ:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, հավանականություն կա, որ ողջ կլիներ. «Դեկտեմբերին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է Բեխտերեւի հիվանդության պատճառով եւ դա արվել է բժշկական եզրակացության հիման վրա: Հետո մեկ ամսվա ընթացքում այդ անբուժելի հիվանդությունը չէր կարող բուժվել: Այդ հիվանդության պատճառով ազատ արձակեցին, հետո նորից կալանավորեցին»:

Փաշինյանը մանրամասն սկսեց բացատրել, թե ինչից է մահացել Արթուր Սարգսյանը, ինչ հիվանդություններ է ունեցել. «Մահվան պատճառը ինչն է՝ որովայնի ճողվածքի հետ կապված, երբ ճողվածքը երկար մնում է, աղիքները տեղից շարժվում են, սկսում են դուրս գալ կամաց-կամաց: Մարդը մի ամիս հացադուլ է արել, այդ հացադուլն իր աղեստամոքսային համակարգի վրա ազդե՞լ է, թե՞ չի ազդել»:

Հարցին՝ ի վերջո «Հաց բերողի» մահը չպե՞տք է հանրությանը, քաղաքական ուժերին ոտքի հանի՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոտքի կանգնելու մասին պետք է մտածեն նրանք, ովքեր նստած են: Մենք ոտքի կանգնած ենք եղել վերջին 20 տարում եւ ոտքի կանգնած մնալու ենք այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը դառնա այնպիսին, ինչպիսին նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ: Ոտքի կանգնելու մասին մեզ մի՛ հարցրեք, հարցրեք նրանց, ովքեր մեզ փողոցում տեսնելիս ասում են՝ ա՜յ, մենք էս կանենք, էն կանենք…»:

Նիկոլ Փաշինյանը մի թարմ դեպք պատմեց, որը կատարվել է այսօր առավոտյան՝ ասուլիսի գալիս. «Տաքսու վարորդը միտինգ է անում արդեն, մինչեւ ինձ բերում, հասցնում է այստեղ, վերջում ասաց՝ ՕԵԿ-ից հեռախոս եմ վերցրել, ԲՀԿ-ից էլ եմ փող վերցրել, անցած ընտրությունների մասին է խոսքը, ՀՀԿ-ից էլ եմ փող վերցրել: Այսինքն, որ ասում են՝ ոտքի կանգնեք, մտածեք, նստածները թող մտածեն: Մենք ոտքի կանգնած ենք եւ այսօր էլ ոտքի ենք կանգնելու: Ես հանուն Արթուր Սարգսյանի հիշատակի այսօր էլ նույն ձեւով մտնելու եմ թաղեթաղ եւ մեր ասելիքը պետք է ասենք: Մենք կանգնած ենք, ընտրությունը մնացածինն է՝ ուզում են ոտքի՞ կանգնեն, թե՞ ուզում են նստած, կամ ավելի ճիշտ՝ պպզած մնան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031