Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Որոշ ուժեր «Հաց բերողի» մահին փորձում են քաղաքական վեկտոր հաղորդել» (Տեսանյութ)

Մարտ 17,2017 12:55

«Մենք իրատեսական ենք, փորձառու, ներկայանում ենք ավելի փորձված թիմով ու քաղաքական բազայով: Յուրաքանչյուր ընտրություն մեզ համար ավելի պատասխանատու է, էլ ավելի ճանաչելի: Մենք հավասարակշռված ենք, ներկայանում ենք հիմնական շեշտադրումը դնելով ոչ թե պոպուլիզմի, այլ՝ պետության վաղվա օրը ապահովագրելու, պետական անվտանգության, պետության կառուցման հիմքի վրա: Մեզ այսօր դա է անհրաժեշտ»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր այսպես արտահայտվեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացին, ընտրողը պետք է ձայն տա իշխող ՀՀԿ-ին:

Առհասարակ, Արտակ Զաքարյանը կարծում է, որ նախընտրական քարոզարշավը բավական հետաքրքիր է: Իր համոզմամբ, հանրությանը ներկայացվել է ընտրության բավական լայն հնարավորություն:

«Մենք հստակ, ամուր, քաղաքական առումով լիարժեք ապահովագրված քաղաքականություն ենք իրականացնում արտաքին քաղաքականության դաշտում՝ հակասությունների մեջ չմտցնելով մեր շահերը, մենք անվտանգության խնդիրը բարձրացնում ենք՝ քաղաքական որոշումների կայացման թիվ հարց դարձնելով, որովհետև դրա բացակայության պարագայում անգամ սոցիալական ամենալավ վիճակը դառնում է մեծ հարց: Վստահ ենք, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը կաջակցի մեզ, որպեսզի մենք կարողանանք մեր ծրագրերն իրականացնել՝ ի նպաստ ՀՀ պետական շահի: Առաջընթացի խնդիրների մասին էլ ասեմ, որ դրանք հեքիաթային պատկերացումներ չպետք է լինեն: Մենք այս հարցում պետք է իրատես լինենք, երբեք մեր ընտրողին չենք խաբել, բարձր ակնկալիքների մթնոլորտ չենք ձևավորել»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Միաժամանակ, Արտակ Զաքարյանի կարծիքով, ՀՀԿ-ի քաղաքական ընդդիմախոսները «աչքերը փակ» խոստումներ են տալիս ընտրողներին, մինչդեռ ՀՀԿ-ն յուրաքանչյուր ընտրողի հետ ազնիվ է: Նա պնդում է` ՀՀԿ-ի համար գերխնդիր է անբիծ, մաքուր, իրավական չափորոշիչներին ու պահանջներին համապատասխան ընտրություն անցկացնելը:

Այս համատեքստում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`Ջրառատի դեպքերի մասին, մասնավորապես անդրադառնալով այն կարծիքներին, թե կատարվածը «ֆեոդալների ձեռքի գործ էր», իշխող ուժը ներկայացնող գործիչը ասաց. «Որևէ գյուղապետ, որևէ ընդդիմություն, որևէ թաղային կերպար, հանցագործ տարր, չի կարող ստվերել ընտրական գործընթացը: Շատ դեպքերում մեր ընդդիմադիր գործընկերները, նրանց հարող, աջակցող անձինք են հրահրում նման երևույթներ: Լարվածությունը չպետք է անցնի սահմանը, որը պետք է որակվի որպես քրեական արարք: Ես կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին անհարկի չլարել իրավիճակը, անհարկի հակասություններ չփնտրել այնտեղ և եթե տեղի են ունեցել անթույլատրելի երևույթներ, դրանք չքաղաքականացնել, դիտարկել միմիայն համապատասխան օրենսդրության շրջանակներում՝ որպես պատժելի արարք»:

Aravot.am-ի Ճշտող հարցին`ՕՐՕ դաշինքի՞ն է մեղադրում Ջրառատի դեպքերի համար, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ես ոչ թե մեղադրում եմ դաշինքին, այլ ասում եմ, որ ցավոք, կան երևույթներ, որտեղ հրահրվում են նման անթույլատրելի արարքներ, որի պարագայում հասարակական տրամադրությունները ուղվում են հանգամանքի վրա, թե այ տեսեք՝ մեզ հերթական անգամ չհաջողվեց անցկացնել արդար ընտրություններ: Իսկ դա անում են, որ պատճառներ ու բացատրություններ գտնեն պարտությունների համար: Սա անթույլատրելի է, երբ քաղաքական աստառ է տրվում անթույլատրելի երևույթներին: Այստեղ եմ տեսնում ընդդիմադիր որոշ շրջանակների գործողություններ: Մենք պետք է ապահովենք համերաշխ ընտրություններ, խաղաղ ընտրական գործընթաց ունենանք, հետընտրական գործընթաց, որպեսզի կարողանանք արդյունքում լիարժեք իրավական հիմքի կառուցված խորհրդարան ունենալ»:

Aravot.am-ի մյուս հարցին`«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը ինչպե՞ս կանդրադառնա ընտրական գործընթացի վրա, բանախոսն այսպես պատասխանեց. «Այդ գործընթացները քաղաքականացնել, դրանց հիմքում ձևավորել հանրային տրամադրություններ, անթույլատրելի է, մեզ պատիվ չի բերում: Հանրության արտահայտած վրդովմունքից դիվիդենտներ շահելը ճիշտ չեմ համարում: Մարդիկ վրդովվում են զուտ մարդկայնորեն, դա նորմալ է, մենք գործ ունենք էմոցիաների հետ, բայց որոշ ուժեր փորձում են դրանց քաղաքական վեկտոր հաղորդել»:

Այլ մանրամասները` տեսանյութում

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031