«Ինչու Արթուր Սարգսյանի հետ այսպես վարվեցին՝ հետեւողականորեն նրան խոշտանգելով, որպեսզի ՀՀ-ում հուսահատության մթնոլորտը ավելի խորացնեն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ իշխանությունն իր այս նպատակին չկարողանա հասնել»,- այսօր «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մասին հրավիրած ասուլիսում ասաց «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել այն քննադատությունները, որ ընդդիմությունն այս հարցը փորձում է շահարկել, դարձնել դրոշակ ու օգտագործել այն քարոզարշավի շրջանակներում, որն այնքան էլ բարոյական չէ, մարդիկ ասում են՝ Ավետիսյանններին ինչքա՞ն են հիշում, այս ամենը երկու օր է տեւելու ընդամենը, համաձա՞յն եք: Բացի այդ, Էդուարդ Շարմազանովն էլ է հայտարարել, որ որոշ ուժեր դիվիդենտներ շահելու համար քարոզարշավում դա կփորձեն օգտագործել:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Շարմազանովը մի ռեժիմի ներկայացուցիչ է, որը սպանեց Արթուր Սարգսյանին: Առհասարակ նման քննադատություն մեզ որեւէ մեկը չի կարող ուղղել, որովհետեւ երբ Արթուր Սարգսյանը կալանավորված էր եւ հացադուլի մեջ էր, առաջին օրից մենք զբաղվել ենք դրանով, մեզնից կախված մաքսիմալ ջանքերը գործադրել ենք, որպեսզի նա ժամ առաջ հայտնվի ազատության մեջ: Մենք գլխավոր դատախազի աշխատասենյակում առանց լրագրողների, առանց հրապարակայնության դատախազին զգուշացրել ենք, որ սա կարող է մահվան ելքով ավարտվել եւ անձամբ ինքը պատասխանատվություն է կրելու դրա համար: Եթե այդ օրը՝ փետրվարի 13-ին գլխավոր դատախազը որոշում կայացներ նրան ազատելու համար, շատ մեծ էր հավանականությունը, որ այս ելքը մենք չէինք ունենա»:
Մեր դիտարկմանը, որ իշխանություններն ասում են՝ դա մեզ ամենաքիչն էր ձեռնտու, դա մեզ ինչո՞ւ պիտի ձեռնտու լիներ այս պահին՝ Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Մենք նաեւ ՀՔԾ ենք գնացել, մոտ կես ժամ երկու պատգամավորով մուտքի մոտ սպասել ենք, չենք կարողացել պետի հետ խոսել: Ինչ է ձեզ թվում՝ մենք երկու պատգամավորով հարցի լրջությունն այդքան հասկանում էինք, խորհրդարանում 26 պատգամավոր միացավ, ոչ մի ՀՀԿ-ական պատգամավոր չստորագրեց, տիկին Փոստանջյանն անձամբ թերթիկը ձեռքին շրջել է, անգամ բարձրացավ Գալուստ Սահակյանի մոտ, ասեց՝ միացեք, էլի չմիացան, ի՞նչ է նշանակում՝ մենք հո չէի՞նք ուզում: Հետեւողական կերպով մարդուն խոշտանգեն, անմարդկային , արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկել, վերջում, որ նա մահանա, ասեն՝ գիտեք, մեզ ձեռնտու չէր: Դա ի՞նչ է նշանակում՝ մեկ բան, եթե ընդունենք, որ ձեռնտու չէր նրանց, նշանակում է իրենք զրո ադեկվատություն ունեն: Իշխանությունները կարող են լինել կոռումպացված, թալանչի, բայց չեն կարող լինել ոչ ադեկվատ: Իսկ ՀՀ-ում իշխանությունը ադեկվատ չի, չի կարողանում արագ իրավիճակին արձագանքել: Ինչ վերաբերում է շահարկմանը, մեր կողմից որեւէ բան չի արվել ու որեւէ բան չի արվելու դիվիդենտներ շահելու եւ «Հաց բերողի» մահը քարոզարշավում օգտագործելու համար»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը զարմացավ՝ ի՞նչ է նշանակում իրենց ձեռնտու չէր, գլխավոր դատախազից կես ժամ կպահանջվեր, որ Արթուր Սարգսյանը հայտնվեր ազատության մեջ, երբ պատգամավորները երաշխավորել են. «Նա ոչ մի որոշում կայացնելու լիազորություն չունի, մինչեւ Սերժ Սարգսյանը չբարեհաճի իրենց զանգերին պատասխանել կամ իրենց ընդունել կամ իրենց հանձնարարական տալ: Դրա համար մենք ունենք այս իրավիճակը: Եթե իրենց ձեռնտու չլիներ՝ սա չէին անի: Հայաստանում ինչ վատ բան տեղի է ունենում, դրա հեղինակը կամ իրենք են, կամ համահեղինակն են իրենք ու իրենք հաջորդ պահին ասում են՝ մեզ ձեռնտու չէր: Գիտե՞ք ինչ, ՀՀ-ում կան խմբակներ, որ երբ մենք գնում էինք Արթուր Սարգսյանի հարցով զբաղվում էինք, ասում էին՝ ա՜հ, նախընտրական քարոզչություն է, գնում ենք քաղբանտարկյալներին տեսնելու՝ ասում են՝ ա՜հ, նախընտրական քարոզչություն է, չե՛նք գնում, ասում են՝ այ դուք, բա ինչի՞ մի հատ չեք գնում: Հենց գնում ենք՝ էդ նույն մարդիկ իրենց մի ֆեյքի պրոֆիլից դուրս են գալիս, էն մյուս ֆեյքի պրոֆիլով գրում՝ էլի սկսեցիք շահարկե՞լ: Ո՞վ են դրանք ընդհանրապես, ո՞վ են էդ մարդիկ, գլուխները պատի՛ն կտա որեւէ մեկը մեզ որեւէ շահարկման մեջ կմեղադրի՝ ցանկացած պահից սկսած: Գլուխները պատի՛ն կտա, ուզում ա Շարմազանովը լինի, ուզում է Սերժ Սարգսյանը լինի, ուզում է փողոցում կանգնած մի հատ սեմչկա վաճառող կլինի»:
Նիկոլ Փաշինյանը բարկացավ, տոնը բարձրացրեց եւ ասաց. «Բանտում նստած էինք, էլի ասում էին՝ շահարկում է, որ կենդանի ենք՝ էլի ասում են շահարկում է: Ասում են՝ խի՞ եք կենդանի, խի՞ չի Սերժ Սարգսյանը խփում ձեզ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ