Հայաստանի Կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու Սիլվա Ադամյանին նախընտրական քարոզարշավի ընթացքում զավեշտալի հարց են տվել:
«Որեւէ կուսակցության հետ երբեւէ չեմ համագործակցել, չնայած շատ առաջարկներ են եղել, այս տարիների ընթացքում միայն տեսել եմ՝ մարդիկ ճոխ խոստումներ են տալիս, մտնում են խորհրդարան, բայց ի՞նչ է փոխվել մեր երկրում, դրական փոփոխություն չեմ տեսնում: Բայց ինչ ենք մենք տեսել՝անհոգ կյանք, անվճար կրթություն, երջանիկ կյանք, այն ինչ տեսել ու ապրել ենք, չենք կարողանում այդ կյանքով հիմա ապրել:
Ինձ ասում են՝ ձեր ժամանակ փամփերս ու ծամոն կա՞ր, պարզապես զավեշտալի է: Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը լավ ապրի ու ունենա աշխատանք»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց բնապահպան, պատգամավորի թեկնածու Սիլվա Ադամյանը:
Նա ասաց նաեւ, որ «Նաիրիտը» պետք է վերականգնել: Հարցին, թե հակասություն չկա՞ ձեր ասածի մեջ՝ հաշվի առնելով, որ «Նաիրիտը» փակվեց նաեւ բնապահպանների ճնշման արդյունքում, տիկին Ադամյանը պատասխանեց. «Հնարավոր չէ արտադրությունը կանգնեցնել բնությունը պահպանելու համար»:
Կարդացեք նաև
Նա նաեւ անդրադարձավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան դեպքին, ասաց, որ «Հաց բերողը» նման վերաբերմունքի արժանացավ միայն նրա համար, որ փորձել էր օգնել մարդկանց հաց ու ջրով:
Կոմկուսի պատգամավորի թեկնածու Նաիրա Մարտիրոսյանն էլ ասաց, թե քսան տարուց ավելի ԱԺ-ում ներկայացված են ուժեր, կոմկուսը համարյա չի եղել, բայց ինքն էլ դրական ոչինչ չի տեսել. «Քսան տարվա ընթացքում ինչ են արել, բոլորի գաղափարներն էլ լավն են: Չեմ տեսնում՝ ով պետք է պաշտպանի հազարավոր սովորական մարդկանց իրավունքները, մարդիկ, որոնք կանգնած են աղքատության եզրին:
Մեր երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում»:
Ըստ նրա, նոր բաներ պետք չէ կառուցել, պետք վերականգնվի արդյունաբերության նախարարությունը, ստեղծվի հանձնաժողով, որը վերլուծության կենթարկի բոլոր գործարանների գործունեությունը ու կվերականգնվի նրանց աշխատանքը, մեր ժողովուրդն էլ դուրս չի գա, կաշխատի մեր երկրում. «Բոլոր հոսքագծերն ու սարքավորումները կան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ