Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Եթե այս կառավարությունը չշարունակի աշխատել, ես չեմ տեսնում մեր երկրի զարգացումը»

Մարտ 17,2017 11:56

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ

Մենք գիտենք մեր թույլ և ուժեղ կողմերը և ռեալ ձևակերպել ենք ուր ենք ուզում հասնել. Կարեն Կարապետյանը նախընտրական հանդիպում է ունեցել Արաբիրում

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: «Մենք գիտենք մեր թույլ և ուժեղ կողմերը, ռեալ ձևակերպել ենք ուր ենք ուզում հասնել, գիտենք ինչպես այդտեղ հասնել»,- նշել է Կարեն Կարապետյանը և պատասխանել ներկաներին հուզող մի շարք հարցերի:

Անդրադառնալով վարկերի տոկոսադրույքների մասին հարցին՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը նշել է, որ բանկը ևւս բիզնես է, որի ծառայությունն է գումար վաճառելը: Հետևաբար, վարչապետի խոսքով, բանկն ունի իր շահը: «Եթե մենք ռեալ մրցակցություն ենք ապահովում, ապա բանկի համար անհեռանկարային կլինի մատուցել այնպիսի ծառայություն, որը չի կարողանալու վաճառել: Միևնույն ժամանակ, գիտենք, որ այսօր բանկի մատուցվող ծառայությունը շատ դեպքերում մատչելի չէ: Հոկտեմբերից առ այսօր Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 4 անգամ: ՀՀ-ում հիմնականում վաճառվող, տրամադրվող վարկերը ՀՀ քաղաքացիների ավանդներն են, ընդհանուր կառուցվածքում 9 տոկոսն է արտերկրից ստացված միջոց, որն էժան է: Մի կողմից ունենք մեկ միլիոնից ավելի ավանդատու, մյուս կողմից նրանց միջոցները վերավաճառվում են: Բացի այդ, 2016 թվականին Հայաստանի բանկերում գոյացել է բավականին շահույթ, լիկվիդայնությունը բարձր է, այսինքն առաջարկն ավելին է քան պահանջարկը, որը պակաս է՝ կապված տնտեսական, առևտրային ակտիվության հետ: Հենց պահանաջարկը ձևավորվի՝ տոկոսները բալանսավորվելու են»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր կառավարության նիստում վարկերի տույժերի հետ կապված տրվել է հանձնարարական՝ սահմանափակելու բանկերի ու վարկային կազմակերպությունների իրավունքները գրավադրված գույքի առնչությամբ:

Ինչ վերաբերում է արտարժույթով վարկերին և դրանց ռիսկերին, ապա ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը նշել է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ քաղաքացին հայտնվել է վատ վիճակում զուտ չիմացության պատճառով: «Օրինակ, գյուղվարկերի մեծ մասը դրամով կամ դոլարով են: Մեր հիմնական շուկան Ռուսաստանն է, որի ռուբլին հենց գնազրկվում է՝ մեր բոլոր գյուղատնտեսների բիզնեսը տուժում է: Բավական էր իրենք մի փոքր ավելի բարձր տոկոսով վարկը վերցնեին ռուբլով, ընկնեին ռուբլու դաշտ, այսօր եթե երկու անգամ են տուժել, ապա երկու, երեք անգամ կշահեին: Լիբերալ բանկային շուկան լավ բան է, մենք նպաստելո՞ւ ենք որպեսզի շուկան բալանսավորվի, միանշանակ՝ այո»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Խոսելով ԵԱՏՄ-ին անդամակցության մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Ինչո՞ւ է մեզ այս շուկան հետաքրքիր. մենք պետք է պատրանքների մեջ չընկնենք և հասկանանք, որ մեր տնտեսական ներուժն այսօր հիմնականում ուղղված է այն շուկաներին, որոնց հետ զուգահեռ ապրել ենք բավականին երկար տարիներ: Սահմանափակո՞ւմ է ԵԱՏՄ-ն մեկ այլ շուկայի հետ աշխատել, մենք ո՞ւնենք այսօր ապրանքատեսակ, ծառայություն, որը կարող ենք Եվրոպա արտահանել և մեր՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելով պայմանավորված չենք անում դա: Կարծում եմ ոչ: Սահմանմափակո՞ւմ է դա մեզ, որպեսզի ռեգիոնալ համագործակցություն ծավալենք՝իհարկե ոչ»: ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը շեշտել է, որ Վրաստանին առաջարկել է Հայաստանի հարթակն օգտագործել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար, իսկ Իրանի հետ աշխատելու հետաքրքրություն ունեցող պետություններին՝ օգտագործել Մեղրիի ազատ տնտեսական գոտին: «Մենք աճ կապահովենք, թե՝ ոչ, դա կախված է նրանից, թե որքանով ենք խելացի, որքանով ենք ճիշտ զարգացնելու տնտեսությունը: Եթե դա լինի, աճ կունենանք միանշանակ, իսկ դա իմ կարծիքով կլինի»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև ներքին տուրիզմին և ծառայությունների բարձր սակագների մասին հարցին և նշել, որ կան շուկայական հարաբերություններ, պետությունը պետք է բիզնեսի համար ստեղծի հավասար դաշտ, որպեսզի պահանաջարկի դեպքում առաջանա մրցակցություն, բիզնեսը շահույթը նվազեցնի՝ առաջարկելով ցածր գներ: «Մենք պետք է ստեղծենք մրցակցային դաշտ, որպեսզի առաջարկությունը շուկայում մեծ լինի և դուք ընտրեք, թե ինչպիսի ծառայություն եք նախընտրում: Մեր խնդիրն է՝ չստեղծել մի իրավիճակ, որպեսզի մեկը լինի արտոնյալ, հարկ չտա, իսկ մյուսը՝ոչ»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով արտերկրից զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը նշել է, որ ունենք շատ բան, որը պետք է ներկայացնենք, լավագույնս մատուցենք, վաճառենք, հրամցնենք: «Պետք է դառնանք ժամանակակից և քրտնաջան աշխատենք»:

ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ՀՀԿ-ի ներկայացրած ծրագիրն իրատեսական է և լինելու է շարունակական: «Մեր կառավարման թիմը շատ լավ տեսնում է մեր կողմից նախանշված ծրագրերի իրականացման տեսլականը: Իսկ այսօրվա մեր կառավարության ծրագրերը տեսանելի են և հստակ: Մենք համոզված ենք, որ միասին ենք կառուցելու մեր երկիրը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի չորրորդ համարում ներկայացված , Ազգային ժողովի պատգամավոր Արա Բաբլոյանն էլ իր ելույթում ընդգծել է, որ անհնար է հաջողության հասնել առանց կոռուպցիան, անարդարությունը վերացնելու և մարդասիրություն սերմանելու: Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետևողականորեն իրականացնում է այդ քայլերը: «Ես տեսնում եմ այդ պոտենցիալը, որն ունի մեր կառավարությունը: Եթե այս կառավարությունը չշարունակի աշխատել, ես չեմ տեսնում մեր երկրի զարգացումը: Ես կոչ եմ անում բոլորս միասին գնանք և մեր ձայնը տանք Հանրապետական կուսակցությանը»,- ասել է Արա Բաբլոյանը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Նման եզրակացությունը կարող է բերել վատ հետևանքներ:

  2. Artur says:

    Այ քեզ նորություն: Ես էլ գիտեմ կարգին մարդ է, ամեն ինչ հաշվի առնող…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031