Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանը հերքում է՝ իր եւ Վահան Կարապետյանի թիմակիցների միջեւ ծեծկռտուքը միջանձնային հարաբերությունների պարզում է

Մարտ 17,2017 11:51

«Այն լուրերը, որոնք տարածվել են լրատվամիջոցներում իմ անվան հետ կապված, իրականությանը չեն համապատասխանում: Կարծում եմ՝ դա եւս մեկ փորձ է վարկաբեկելու ինձ՝ որպես պատգամավորության թեկնածու», Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը:

Հիշեցնենք, որ երեկ վիճաբանություն, ապա ծեծկռտուք է եղել Արման Սահակյանի թիմակիցների եւ նույն տարածքում «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Վահան Կարապետյանի ու իր թիմակիցների միջեւ: Կան տուժածներ:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ վիճաբանություն եւ ծեծկռտուք չի՞ եղել, Արման Սահակյանը պատասխանեց. «Այո, ասեմ, որ իմ տեղեկություններով, միջադեպը, որը տեղի է ունեցել իմ ենթաշտաբներից մեկի հարեւանությամբ, կենցաղային եւ միջանձնային բնույթի է, որը որեւէ աղերս չունի ընտրարշավի եւ քաղաքական գործընթացների հետ: Ես եւ իմ թիմը բոլոր ջանքերը գործադրում ենք եւ գործադրելու ենք, որպեսզի ընտրարշավը ընթանա օրենքի տառին համապատասխան: Նման ձեւով շարունակելու ենք մինչեւ ԱԺ ընտրությունների ավարտը»:

Aravot.am-ի դիտարկմանն էլ ի պատասխան՝ մեր տեղեկություններով ամեն ինչ սկսվել է նրանից, որ Վահան Կարապետյանի նախկին թիմակիցներից մեկն այժմ իր թիմում է աշխատում եւ փորձեր է արել այլոց եւս ներգրավել Արման Սահակյանի թիմ, ուստի միջադեպը հենց քաղաքական աստառ ունի եւ ընտրական գործընթացներով է պայմանավորված, Արման Սահակյանն ասաց. «Գիտեք, Վահան Կարապետյանի թիմակիցներից կամ մեկ այլ թեկնածուի թիմակիցներից շատ-շատերն են այսօր իմ կողքին: Տեղեկություններն ավելի, ըստ էության, և ճշգրիտ, իհարկե, կիմանանք ոստիկանությունից, բայց ես նորից եմ կրկնում՝ իմ տեղեկություններով՝ դա երկու ընկերների վիճաբանություն է: Միջանձնային հարաբերություններ են պարզել»:

Aravot.am-ի զարմանքին՝ մի փոքր կենցաղայի՞ն չի ստացվում քարոզարշավային այս ակտիվ փուլում բոլորը հանկարծ սկսեցին միջանձնային հարաբերություններ պարզել, Արման Սահակյանը հակադարձեց. «Կարծում եմ՝ հարցն ինձ ուղղված չէ, համենայնդեպս, ես ոչ մի տեսակի միջանձնային հարաբերություններ քարոզարշավի առաջին իսկ օրվանից չեմ պարզել եւ չեմ էլ պարզելու, որովհետեւ այդպիսի վատ հարաբերություններ էլ չունեմ ինչ որ մեկի հետ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նանի says:

    Սուտ,լկտի ձեռագիր,ռեժիմին բնորոշ:Երեսուն հոգով դարանակալել են Վահանին խանութից դուրս գալիս:Կացմակերպիչը եղել է շինարարների գարիկը,ում կնոջը վերջերս արման դու՜ որպես կանխավճար 41 մանկապարտեզի տնօրեն ես դարձրել:Շարունակեմ՞ թե բավ է…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031