Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ժողովրդի հաց գողացողները, բանակում զինվորի հաց գողացողները սպանեցին «Հաց բերողին»

Մարտ 17,2017 11:34

Գիտեք, երեսպաշտությունն էլ սահման ունի: Չի կարելի այդքան նողկալի լինել, զբաղվել բացարձակ դեմագոգիայով: Եթե ցավում էին, երբ որ խորհրդարանում ստորագրահավաք էր եւ 26 պատգամավոր ստորագրեց Արթուրի խափանման միջոցը փոխելու համար, Զարուհի Փոստանջյանը մեկ առ մեկ մոտեցավ բոլորին`ասելով, որ մարդը մահանում է, այդ ցավացողները, որ դահլիճում նստած էին, հրաժարվեցին ստորագրել: Հիմա, իրենցից որեւէ մեկը բարոյական իրավունք չունի այդ մասին խոսել անգամ:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցը Aravot.am-ին

Տիկին Զոհրաբյան, «Հաց բերող» Արթուր Սահակյանի մահը շոկային վիճակի մեջ դրեց: Քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ «Ծառուկյան» դաշինքը հայտարարեցին, որ դադարեցնում են քարոզարշավը, բայց չե՞ք կարծում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր նման առողջական վիճակում գտնվող մարդուն պահում են անազատության մեջ, պիտի պատասխանատվություն կրեն:

– Այո: Հաց գողացողները, այս երկրի քաղաքացու հացը թալանողները, բանակում զինվորի հացը գողացողները, բոլոր նրանք, ովքեր ասում էին, որ Արթուրի առողջական վիճակը բավարար է եւ նա կարող է մնալ անազատության մեջ, այն դեպքում, երբ Արթուրի հիվանդությունը կառավարության սահմանած որոշմամբ անհամատեղելի էր կալանքի տակ գտնվելու հետ, բոլոր`վերեւից ներքեւ պիտի կրեն իրենց պատասխանատվությունը, պետք է հեռացվեն իրենց զբաղեցրած պաշտոններից:

Սա նաեւ լակմուսի թուղթ է լինելու, այն առումով, թե ի՞նչ արժեք ունեն քարոզարշավին մասնակցող իշխանության տարբեր շոումեններ, որ իրենք փոխվելու են, որ իրենք գալիս են լրջագույն բարեփոխումներ անելու, որ իրենց օրակարգը մարդակենտրոն է, որ իրենց նպատակը Հայաստանի քաղաքացու կյանքը բարեկեցիկ դարձնելն է: Այս ամենը ջրի երես է դուրս գալու, թեեւ իրենք 15 տարի ժամանակ ունեին Հայաստանի քաղաքացու մասին մտածելու, բայց իրենք ինչ արել են, արել են ընդդեմ Հայաստանի քաղաքացու: Սա լակմուսի թուղթ է լինելու`իշխանության մեջ գտնվող տարբեր գործիչների արած հայտարարությունների եւ իրական քայլերի միջեւ:

Գույժն առնելուն պես, «Ծառուկյան» դաշինքը երեկ դադարեցրեց քարոզարշավը.  երեկ երեկոյան Երեւանում մենք ունեինք նախատեսված բակային հանդիպումներ, այսօր պետք է մեկնեինք Վայոց ձորի մարզ, Գագիկ Ծառուկյանի հրահանգով նաեւ դա է հանվել: Գագիկ Ծառուկյանն էլ, ինչպես գիտեք, իր ցավակցությունն է հայտնել Արթուր Սարգսյանի ընտանիքին եւ հարազատներին:

Գիտեք, Արթուրը բոլորիս համար, անկախ նրանից`ճանաչում էի՞նք, թե`ոչ, շփվե՞լ էին, թե`ոչ, վերածվել էր արդարության սիմվոլի: Հատկապես այս ընտրություններում, նա արդար հացի սիմվոլի էր վերածվել: Ժողովրդի հաց գողացողները, բանակում զինվորի հաց գողացողները սպանեցին «Հաց բերողին»:

– ՀՀԿ-ի տարբեր գործիչներն էլ իրենց ցավակցությունն ու խորը վիշտն են հայտնում Արթուր Սահակյանի մահվան կապակցությամբ:

– Գիտեք, երեսպաշտությունն էլ սահման ունի: Չի կարելի այդքան նողկալի լինել, զբաղվել բացարձակ դեմագոգիայով: Եթե ցավում էին, երբ որ խորհրդարանում ստորագրահավաք էր եւ 26 պատգամավոր ստորագրեց Արթուրի խափանման միջոցը փոխելու համար, Զարուհի Փոստանջյանը մեկ առ մեկ մոտեցավ բոլորին`ասելով, որ մարդը մահանում է, այդ ցավացողները, որ դահլիճում նստած էին, հրաժարվեցին ստորագրել: Հիմա, իրենցից որեւէ մեկը բարոյական իրավունք չունի այդ մասին խոսել անգամ:

– Տիկին Զոհրաբյան, չնայած թե դուք, թե Գագիկ Ծառուկյանը հայտարարում եք, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեք կազմելու, այնուհանդերձ, մամուլում այսօր կրկին տեղեկություն կար, որ հնարավոր է, խորհրդարանական ընտրություններից հետո`ինչ-ինչ զարգացումների դեպքում «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ:

– Գիտեք, երկու շատ վտանգավոր մեսիջ է գործող իշխանությունը փորձում տարածել հանրության մեջ: Մեսիջ առաջին`իրենցից պրծում չկա, իրենք միեւնույն է վերարտադրվելու են, որպեսզի հուսահատության համատարած այս մթնոլորտում կոտերն քաղաքացու հավատը, որ իր քվեն ինչ-որ բան փոխելու է: Եվ երկրորդ մեսիջը`իրենք շատ լավ տեղյակ են «Ծառուկյան» դաշինքի իրական վարկանիշից եւ տարբեր քարոզչական հնարքներով փորձում են մոլորեցնել հանրությանը:

Հայտարարում եմ ևս մեկ անգամ`ես հույս ունեմ, որ տարբեր պալատական վերլուծաբաններ, հերթական անգամ չեն փորձի ապակողմնորոշել մեր քաղաքացիներին: Որեւէ պարագայում, որեւէ զարգացման դեպքում, որեւէ կերպ, որեւէ անունով`թույլ տվեք չօգտագործել Հայկազյան եւ սուքիասյան բառարանների բոլոր մերժողական հոմանիշները, «Ծառուկյան» դաշինքն այս իշխանության հետ կոալիցիա չի կազմելու: Սա հստակ է: Կարծում եմ, Գագիկ Ծառուկյանն էլ շատ հստակ ասաց. «Ես իմ անունը չեմ վաճառում»:

Նաեւ`«Ծառուկյան» դաշինքը գնում է վերցնելու մեծամասնություն: Հանրային վստահությունը Ծառուկյանի եւ դաշինքի նկատմամբ այնքան մեծ է, որ մենք միանշանակ ստանալու ենք 50+1 ձայն: Բայց, ցանկացած այլ իրավիճակի դեպքում, միակ քաղաքական ուժը, որի հետ «Ծառուկյան» դաշինքը չի գնալու որեւէ համագործակցության`կլինի անունը կոալիցիա, ազգային համաձայնության կառավարություն, ազգային եղբայրության համադաշնություն, թե ինչ, դա ՀՀԿ-ն է:

– «Ելքը», օրինակ, չէր բացառել «Ծառուկյան» դաշինքի հետ հետընտրական կոալիցիան:

– Ես նշեցի մեկ քաղաքական ուժ, որի հետ միանշանակ բացառվում է կոալիցիան: Երբ պարզ կլինի, թե ո՞ր քաղաքական ուժերը կլինեն խորհրդարանում, մնացած քաղաքական ուժերի հետ ցանկացած հարց կարելի է, հնարավոր է եւ քննարկվելու է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031