Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նախորդ տարի հուլիսյան դրամատիկ իրադարձությունների օրերին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» ջոկատի տղաներին սնունդ հասցնելու համար «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանը: Ըստ բժիշկների, նա աղիքի ոլորում էր ստացել, անհապաղ վիրահատման ենթակա: Վիրահատությունից հետո նա մահացել է սրտային անբավարարությունից: Իրավապահները հայտարարել են մահվան հանգամանքները պարզելուն ձեռնամուխ լինելու մասին: Ինչպես հայտնի է, «Հաց բերող» Արթուր Սարգսյանը օրերս էր ազատվել կալանքից: Նա կալանավայրում հացադուլ էր հայտարարել, և նրա փաստաբանը հայտնում էր պարբերաբար, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը ծանր է և նրան հարկավոր է բուժում: Միաժամանակ նա հայտարարում էր, որ այդ խնդիրները անտեսվում են, ինչը սպառնում է նրա կյանքին: Ի վերջո նրան ազատ արձակեցին, տեղափոխելով հիվանդանոց, և կարծես թե կյանքի վտանգի մասին այլևս խոսք չկա, բայց ահա մարտի 16-ին ստացվեց գույժը, որ «Հաց բերողն» այլևս չկա:
Դեռևս մի քանի ամիս առաջ նա անծանոթ էր բոլորին, առողջական խնդիրներ ունեցող մի մարդ, որը մի քանի ժամերի ընթացքում հայտնի դարձավ գրեթե ամբողջ հասարակությանը: Հայտնի դարձավ դրամատիկ ու ողբերգական իրադարձությունների օրերին, երբ պետությունը իսկապես կախված էր մազից, երբ աջ կամ ձախ կատարվելիք մեկ քայլ անգամ կարող էր դառնալ արյունահեղության և պետականության աղետի պատճառ: Այդ իրավիճակում «Հաց բերողն» ըստ էության դարձավ այդ դրամատիկ և Հայաստանի նորագույն պատմության ամենալարված ու ճակատագրական էջերից մեկի երևի թե միակ լուսավոր և հուսադրող կետը, միակ կետը, որտեղից ըստ էության ճանապարհ էր բացվում՝ առաջին հերթին մարդկային մտքի, հոգեբանության, արժեհամակարգի համար: Դա մարդասիրության, հանուն մարդու, մարդ արժեքի գերակայության ճանապարհն էր, որ ցույց տվեց «Հաց բերողը» երևի թե նույնիսկ իր կամքից էլ անկախ: Եվ իր կամքից անկախ նա ըստ էության դարձավ Հայաստանի պետականության և հասարակական-քաղաքական զարգացումների մի ամբողջ շրջափուլի խորհրդանիշ:
Մուսա Միքայելյան
Նկարը՝ Medialab.am-ի
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում