Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ վիճաբանություն, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի թիմակիցների եւ «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Վահան Կարապետյանի («Չերրի» ռեստորանային համալիրի սեփականատեր) միջեւ: Վահան Կարապետյանը եւ նրա թիմակիցներից եւս 4 հոգի տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժողներ կան նաեւ Արման Սահակյանի թիմակիցներից:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ նախկինում Վահան Կարապետյանի թիմակից եւ մտերիմներից մեկը այժմ աշխատում է Արման Սահակյանի թիմում եւ առաջիկա ընտրություններում ձայներ է ապահովելու Արման Սահակյանի համար: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, «չարաշահել» է նախկին կապերը՝ փորձելով այժմ Վահան Կարապետյանի որոշ համակիրների ներգրավել Արման Սահակյանի թիմ:
Վահան Կարապետյանը եւ նրա հավատարիմ «զինակիցները» երեկ առավոտյան զրույց են ունեցել այդ երիտասարդի հետ եւ նախազգուշացրել, որ սահմանները չանցնի: Զրույցը վերաճել է լեզվակռվի, ապա քաշքշոցի: Երեկոյան Լենինգրադյան փողոցում գտնվող «Արաքս» խանութի մոտ վիճաբանությունը շարունակվել է՝ վերաճելով լուրջ կռվի:
Մեր տեղեկություններով՝ Արման Սահակյանը վիճաբանությանը ներկա չի եղել, իսկ Վահան Կարապետյանը թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել: Ականատեսներից մեկը պատմեց, որ Վահան Կարապետյանն առավոտյան երեխային դպրոց է տարել:
Կարդացեք նաև
Aravot.am-ը փորձեց կապ հաստատել Վահան Կարապետյանի եւ Արման Սահակյանի հետ: Վերջիններիս հեռախոսներն անջատված են:
«Ծառուկյան» դաշինքից մեզ փոխանցեցին, որ դեպքի առիթով իրենք շուտով պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության»-ն ավելի ուշ փոխանցել է, որ Վահան Կարապետյանն այսօր բացատրություն է տվել ոստիկանությունում։ Կարապետյանն ասել է, որ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պարզապես ընկել է։