Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձեր քվեարկությունը չեն կարող վերահսկել կամ բացահայտել. ընտրեք նրան, ում ուզում եք

Մարտ 17,2017 16:30

Քվեարկելով վարկանիշային թեկնածուի օգտին՝ ձեր ձայնը մեխանիկորեն գնում է
թեկնածուին առաջադրած կուսակցությանը. ծանոթացեք ընտրական կարգի նրբություններին:

Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, այս ընտրական համակարգը նոր է, եւ ՀՀ քաղաքացիները ապրիլի 2-ին միանգամայն նոր ընթացակարգով են իրենց քվեն տալու նախընտրելի թեկնածուին, կուսակցությանը կամ դաշինքին:

«Առավոտի» հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը (լուսանկարում) մի քանի կարեւոր կետեր է ներկայացնում, թե ի՞նչ պետք է իմանա ընտրողը քվեարկության ընթացակարգի մասին, ինչպե՞ս քվեարկի, որպեսզի քվեաթերթիկն անվավեր չլինի, ինչի՞ն ուշադրություն դարձնի, ինչպե՞ս խուսափի ուղղորդված ընտրությունից եւ այլն:

Իրավախորհրդատուն զգուշացնում է՝ նախ, ընտրատեղամաս գնալուց առաջ ընտրողը պետք է ուշադրություն դարձնի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետին: Թեեւ վավերականության ժամկետն անց փաստաթղթով էլ անձը կարող է քվեարկել, բայց եթե հանձնաժողովում առկա սարքը պարզի, որ տվյալ քաղաքացին նաեւ ID քարտ ունի, նրան պետք է հորդորեն գնալ եւ ID քարտը բերել:

Քվեաթերթիկների նմուշներ՝ պայմանական անուններով

Քվեաթերթիկի այն էջն է, որտեղ կուսակցության կամ դաշինքի անունն ու դրանց առաջին 3 դեմքերի անուն-ազգանուններն են գրված լինելու:

Քվեաթերթիկի այն էջն է, որտեղ կուսակցության վարկանիշային թեկնածուների անուն-ազգանուններն են գրված լինելու:

Մինչեւ քվեարկությունը ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը պետք է քվեարկության համար կտրոն տպի, ապա կնքի եւ տա ընտրողին: Այս կտրոնը պետք է միշտ ընտրողի մոտ լինի՝ մինչեւ քվեաթերթիկով ծրարը քվեատուփի մեջ գցելը: Եթե մինչ այդ հանկարծ այս կտրոնը ընտրողը կորցնի, ապա նրան թույլ չեն տա քվեատուփի մեջ գցել ծրարը. այն ձեռքից կվերցնեն եւ անվավեր կդարձնեն: Կորցրած կտրոնի փոխարեն 2-րդ կտրոն չեն կարող տալ: Կտրոնը կորցնելով՝ ընտրողը զրկվում է քվեարկության հնարավորությունից:

Ընտրողին ընտրատեղամասում տալու են թվով 9 քվեաթերթիկ (ԱԺ ընտրություններին առաջադրված է 9 կուսակցություն եւ դաշինք). յուրաքանչյուր քվեաթերթիկի մի էջին գրված են կուսակցության անունը եւ համամասնական ցուցակի առաջին երեք դեմքերի անուն-ազգանուններն ու հայրանունները, մյուս էջին՝ տվյալ կուսակցության վարկանիշային թեկնածուների անունները:

Այսպիսի նշան պետք է դնեք ձեր նախընտրելի կուսակցության, դաշինքի կամ վարկանիշային թեկնածուի անվան դիմացի վանդակում:

Նոր ընտրական կարգի համաձայն, ինչպես նշում է իրավախորհրդատուն, ընտրողը պետք է իմանա՝ եթե չունի նախընտրելի կուսակցություն կամ դաշինք, սակայն ունի նախընտրելի թեկնածու, ապա քվեարկելով վարկանիշային թեկնածուի օգտին՝ ընտրողը մեխանիկորեն ձայն է տալիս նաեւ այն կուսակցությանը, որի վարկանիշային (ռեյտինգային) թեկնածուի օգտին քվեարկել է:

Քվեաթերթիկի համար նախատեսված հատուկ ծրարը:

Նախընտրելի թեկնածուի անուն-ազգանվան դիմացի վանդակի մեջ ընտրողը պետք է լատինատառ V կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «պտիչկա» դնի. այլ տեսակի նշան կամ լատինատառ V-ից տարբերվող նշան դնելու, կամ ասենք՝ խաչ (+) դնելու դեպքում այն անվավեր է համարվելու, տվյալ թեկնածուի օգտին ձայն չի գնա, սակայն քվեն կգնա տվյալ կուսակցությանը: Պետք է ընտրել մեկ թեկնածուի, մի քանի թեկնածուների անունների դիմաց նշում կատարելու դեպքում եւս թեկնածուներին ձայն չի գնալու, սակայն քվեն գնալու է այն կուսակցությանը, որն էլ առաջադրել է այդ թեկնածուներին:
Ընտրողը պետք է իմանա՝ չի կարող քվեարկել մի կուսակցության օգտին եւ միաժամանակ այլ կուսակցության վարկանիշային թեկնածուի օգտին էլ ձայն տալ: Եթե ընտրողը չունի վարկանիշային նախընտրելի թեկնածու, սակայն ունի նախընտրելի կուսակցություն, ապա 9 քվեաթերթիկներից ընտրում է իր ուզած կուսակցության քվեաթերթիկը եւ առանց որեւէ նշում կատարելու այն դնում ծրարի մեջ:

Ծրարի մեջ պետք է դրվի մեկ քվեաթերթիկ եւ առանց ծալելու, որպեսզի ծրարի անցքից երեւա քվեաթերթիկը, որի վրա փակցվելու է ինքնասոսնձվող դրոշմանիշը: Երբ արդեն այս ամենը պատրաստ է, ընտրողը կարող է քվեաթերթիկով ծրարը գցել քվեատուփը:
Քվեաթերթիկի վրա որեւէ գրառում, ասենք՝ սիրո կամ ատելության խոստովանություն, հայհոյանք կամ այլ տեսակի գրառումներ կատարելու դեպքում, եւ էական չէ, թե որ էջի վրա է, տվյալ քվեաթերթիկը համարվելու է անվավեր:

Ընտրողը պետք է իմանա՝ ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկները նկարահանում են հանձնաժողովի աշխատասեղանը, քվեատուփը եւ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքը, այս տեսախցիկները որեւէ կերպ չեն կարող տեսանկարահանել քվեախուցն ու ընտրողի քվեարկություն կատարելու պահը:

Իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ընտրողներին հորդորում է չենթարկվել որեւէ ճնշումների, ընտրել այն թեկնածուին, կուսակցությանը կամ դաշինքին, ում նախընտրում են, ձեր ընտրությունը անհնար է վերահսկել եւ բացահայտել, թե ում օգտին եք քվեարկել:
Ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, ձեզ վախեցրել են, գումար են տվել եւ պահանջել են ապացույցներ՝ ընտրատեղամասից դուրս հանել քվաթերթիկները կամ լուսանկարել նշում կատարած քվեաթերթիկը:

Հերիքնազ Տիգրանյանն այս առնչությամբ նախ հիշեցնում է՝ քվեաթերթիկները չի կարելի ընտրատեղամասից դուրս հանել: Սակայն եթե ձեզ սպառնացել են, եւ դուք ստիպված եք գնալ այդ քայլին, ապա խորհուրդ՝ քվեախցում դրված է չքվեարկած քվեաթերթիկների արկղ, այստեղ գցվում են այն թերթիկները, որոնք չեն դրվում ծրարի մեջ: Քանի որ դուք ստիպված եք լինելու ձեզ սպառնացողին որպես ապացույց ներկայացնել 9 քվեաթերթիկներից 8-ը, որոնց մեջ չպետք է լինի այն կուսակցության կամ դաշինքի ու դրանց վարկանիշային թեկնածուների անուններով քվեաթերթիկը, ում օգտին ստիպել են քվեարկել, որովհետեւ ապացույցն այն է լինելու, որ այդ թերթիկը դրել եք ծրարի մեջ, ուստի հանգիստ նշում կատարեք ձեր նախընտրելի թեկնածուի օգտին եւ այդ քվեաթերթիկը դրեք ծրարի մեջ, ապա քվեախցում դրված արկղից վերցրեք ձեր քվեն տված թեկնածուի անունով մեկ այլ թերթիկ, իսկ ում օգտին ստիպել են քվեարկել, տվյալ թերթիկը նետեք արկղը, եւ այդ 8 քվեաթերթիկները ցույց տվեք ձեզ սպառնացողին: Այս 8 քվեաթերթիկների մեջ չպետք է լինի այն թեկնածուի թերթիկը, որի օգտին ստիպել կամ հորդորել են քվեարկել:

Եթե ստիպված եք լուսանկարել եւ որպես ապացույց ներկայացնել, թե քվեարկել եք նրա օգտին, որի համար սպառնացել են կամ հորդորել, սակայն դուք մեկ ուրիշին եք ուզում ձեր ձայնը տալ, ապա նշում կատարեք ձեզ հուշած թեկնածուի անվան դիմաց, քվեաթերթիկը լուսանկարեք, սակայն մի դրեք ծրարի մեջ, այլ գցեք քվեախցիկում դրված արկղը:
Եթե բացահայտվի այն անձը, որը ստիպել, սպառնացել կամ պարտադրել է քվեարկել որեւէ թեկնածուի օգտին, ապա վերջինս՝ այդ պարտադրողը, պետք է պատասխանատվության ենթարկվի:

Իրավախորհրդատուն հիշեցնում է՝ ընտրողը որեւէ ձեւով չպետք է բացահայտի, թե ում օգտին է քվեարկել, ասենք՝ ընտրատեղամասում, իբր միամտաբար, ցույց տա քվեաթերթիկը: Ընտրողը պետք է հիշի՝ քվեարկության գաղտնիությունը պահելը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն: Ընտրատեղամասից դուրս էլ ընտրողը չպետք է հայտարարի, թե ում օգտին է քվեարկել:

Քվեարկության օրը որեւէ մեկն իրավունք չունի քարոզչություն կամ հակաքարոզչություն կատարելու:

Քաղաքացին իրավունք չունի ուրիշի փոխարեն քվեարկելու, ասենք՝ ընտանիքի անդամի, կնոջ, մոր, զավակների անձնագրերով ներկայանալ ընտրատեղամաս՝ քվեարկելու: Ընտրողն իրավունք չունի քվեարկելուց հետո մնալ ընտրատեղամասում կամ ուղղորդել այլ ընտրողների:

Եթե ընտրատեղամասում փակցված ընտրողների ցուցակներում հանդիպեք ձեր ազգականի, ծանոթի, հարեւանի կամ ընտանիքի այն անդամների անունները, որոնք հանրապետությունից բացակայում են, նշանակում է՝ նրանք Հայաստանում դեռ հաշվառված են, սա խախտում չէ: Բայց եթե ուզում եք տեսնել՝ այդ բացակա անձանց փոխարեն արդյոք քվեարկե՞լ են, ապա դա կարող եք քվեարկության 3-րդ օրը ստուգել: Ինչպես տեղեկացրեց իրավախորհրդատուն՝ ընտրողների ցուցակները սքանավորվում եւ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` www.elections.am կայքում, այցելելով այս կայք՝ կարող եք ստուգել՝ հանրապետությունից բացակա անձի անուն-ազգանվան դիմաց ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ: Եթե բացահայտեք, որ բացակա անձի անվան դիմաց ստորագրություն կա, ապա, ըստ ձեր հայեցողության, կարող եք այդ մասին դիմում գրել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
Ինչպե՞ս է քվեարկությունը կատարվելու քրեակատարողական հիմնարկներում:
Իրավախորհրդատուի վստահեցմամբ՝ ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություն կատարած կալանավորներն իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին, մյուս կալանավորներն ունեն:

Ժամկետային զինծառայողները քվեարկում են մոտակա բնակավայրում գտնվող ընտրատեղամասերում, այսինքն՝ զինվորական տեղամասերին մոտ ընտրատեղամասերում, սակայն թե քանի զինվոր է քվեարկությանը մասնակցել՝ չի բացահայտվում, համարվում է ռազմական գաղտնիք:

Տեղեկացված եղեք ձեր ընտրելու իրավունքին եւ պաշտպանեք այն:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031