Իշխող կուսակցությունը վստահեցնում էր` ամեն ինչ անելու են, որպեսզի ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններն անթերի անցնեն: Ընտրությունները դեռ չմեկնարկած` հանրապետությունում մի քանի, այսպես ասած, «նախընտրական հանցագործություններ» տեղի ունեցան: Եվ որքան էլ փորձ է արվում համոզել, թե դրանք քաղաքական պատճառներով չեն եղել, այդուամենայնիվ՝ փաստերն այլ բան են հուշում:
«Տորք Անգեղնե» ընդդեմ «Ելքի»
Ամենաթարմ միջադեպը արձանագրվեց երեկ: Նոր Նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի` «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի մոտ դպրոցի աշխատակիցները Նիկոլ Փաշինյանին արգելում էին մուտք գործել սպորտդպրոց, մինչդեռ սպորտդպրոցի միջանցքում՝ մուտքի մոտ, ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ծառուկյան» դաշինքից թեկնածու Արթուր Մամոյանի նկարով քարոզչական պաստառն էր, որը դպրոցի տեխնիկական աշխատողները փորձեցին արագ թաքցնել, բայց տեսնելով, որ լրագրողները փորձում են ֆիքսել, հայհոյանքներ տալով ու սպառնալով հարձակվեցին նրանց եւ «Ելք»-ի անդամների վրա:
Միջադեպից քիչ ժամանակ անց ոստիկանները բերման ենթարկեցին «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի աշխատակիցներին, որոնք հարձակվել եւ հայհոյանքներ էին տեղացել լրագրողների եւ «Ելքի» անդամների հասցեին: Մասնավորապես, բերման ենթարկվեցին այն երկու կանայք, որոնք թաքցրել էին «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը եւ հայհոյել էին լրագրողներին ու «Ելքի» անդամների հասցեին գոչում էին՝ «Բոմժեր, հետո էլ ուզում եք` ձեզ ընտրեն»: Արթուր Մամոյանը միանգամից ժամանեց մարզադպրոց, ներողություն խնդրեց Նիկոլ Փաշինյանից ու «Ելքի» անդամներից, իսկ լրագրողներին վստահեցրեց, թե իրենց տեխնիկան ոչ ինքը, ոչ էլ իր համակիրները չեն փչացրել, պաստառի համար էլ հայտնեց, թե իրենք տեղյակ չեն եղել, որ այն տեղադրված է եղել մարզադպրոցում, ու այժմ այն ոչնչացվել է:
Կարդացեք նաև
Ջրառատում ՕՐՕ-ի
ու ՀՀԿ-ի ջրերը մի առվով չեն հոսում
Մարտի 14-ին Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում հերթական ծեծկռտուքն էր: Վիճաբանության արդյունքում երեք քաղաքացի` ոտքի հրազենային վնասվածքով, դանակահարումով, ձեռքի կոտրվածքով, տեղափոխվեցին հիվանդանոց:
Միջադեպին հաջորդեց ՀՀ ոստիկանության պարզաբանումը, համաձայն որի՝ վիճաբանությունը տեղի է ունեցել դպրոցականների միջեւ, հետո միջամտել են մեծահասակները, այդ ժամանակ նրանցից մեկի ձեռքին ինքնաձիգ է եղել: Ոստիկանության փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով, վիճաբանությանը միջամտողները փորձել են ինքնաձիգը վերցնել, եւ քաշքշոցի ընթացքում էլ կրակոց է եղել:
Ըստ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների՝ այս միջադեպը շարունակությունն է մարտի 12-ին նույն համայնքում տեղի ունեցած միջադեպի: Այդ օրն էլ «դպրոցականների» հարազատներն են միջադեպի կիզակետում եղել:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Ջրառատ համայնքում ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի եղբայրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ է վիճաբանություն տեղի ունեցել, որն ավելի ուշ վերածվել էր ծեծկռտուքի: Գետնին ընկած ոստիկանության աշխատակից Լեռնիկ Երանոսյանը, որը փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրն է, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակ է արձակել, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներին, սակայն, հաջողվել էր նրա ձեռքից խլել ատրճանակը:
«Առավոտ»-ին հասած տեղեկություններով՝ տուժածների եւ գյուղապետի թիմակիցների միջեւ թշնամությունը համայնքի ղեկավարի նախկին ընտրություններից է մնացել, եւ այսօրվա տուժածները պարտված թեկնածուի թիմից են, որոնք հիմա ՕՐՕ-ի կողմնակիցներն են:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությունից հաստատել էին, որ մարտի 12-ին հրազենը կիրառել է Ոստիկանության զորքերի 1001 զորամասի ծառայող, գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, որը միջադեպից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Նաիրի» բուժկենտրոն: Այս երկու գործերով էլ զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեն: Մարտի 14-ի դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։
Լեռնիկ Երանոսյանի մասնակցությամբ միջադեպից 4 օր անց դեռեւս քրեական գործ հարուցված չէ:
Մեկ քվեն մարդու
կյանքից էլ թա՞նկ է դարձել
Գարնան առաջին օրը` մարտի 1-ին, նույնպես «նախընտրական միջադեպ» արձանագրվեց. Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում դանակահարվեց ԲՀԿ մարզային կառույցի ներկայացուցիչը` 23-ամյա Աբրահամ Ադամյանը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ դանակահարողը ՀՀԿ-ի շտաբից էր: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժինն այս դեպքն էլ հաստատեց` նշելով, որ ժամը 15:50-ին ոստիկանությունում ահազանգ են ստացել Մասիսի բժշկական կենտրոնից, որ որովայնի շրջանում վնասվածք ստացած քաղաքացի է իրենց մոտ տեղափոխվել:
«Սայաթ-Նովա գյուղի մեր ակտիվիստը դանակահարվել է Մասիսի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի՝ ՀՀԿ թիմակցի կողմից»,- նույն օրը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ տեղի ունեցածը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի. «Սա հերթական վկայությունն է, որ որոշ թեկնածուների, մարդկանց համար մեկ քվեն ավելի թանկ է, քան մարդու կյանքը»:
Մասիսում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ էլ, ինչպես հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից, Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 112 հոդվածի 1-ին մասով, եւ ներկայումս քննություն է տարվում:
ՀՀԿ-ականները միմյանց մեջ էլ են պայքարը ծեծկռտուքով տանում
Փետրվարի 23-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում երեկոյան բախում տեղի ունեցավ հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի եւ մեկ այլ ՀՀԿ-ական՝ Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջեւ։ Արայիկ Գրիգորյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով:
Ըստ մամուլի հրապարակումների՝ այս անգամ էլ վեճը ծագել է այն բանի համար, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են վերջինիս թեկնածությունը։
Մուրադ Մուրադյանը լրատվամիջոցների հետ զրույցում չէր հերքել, որ միջադեպ է տեղի ունեցել` հայտնելով, որ այդ պահին, սակայն, ներկա չի եղել:
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այս հարցը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, քանի որ հեռախոսազանգերին չի պատասխանել։
Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, սակայն, Tert.am լրատվական կայքի լրագրողի հետ զրույցում փորձել էր միջադեպի պատճառներն այլ կերպ մեկնաբանել եւ քաղաքական աստառ չտալ` նշելով. «Ասում են՝ ջահելների հետ կապված ինչ-որ միջադեպ է եղել, լուրջ բան չկա, որ սարքել են քաղաքական հարց»:
Մասիսի քաղաքապետը նաեւ կոչ էր արել սպասել իրավապահ մարմինների բացահայտումներին:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ Մասիսում Արայիկ Գրիգորյանի եւ Մուրադ Մուրադյանի թիմակիցների վեճի մասին էլ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պայքարը ոչ միայն քաղաքական ուժերի միջեւ է, այլ նաեւ ներկուսակցական. «Իրար ճիշտ չհասկանալու դեպքեր առօրյայում էլ կարող են լինել»:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը նույնպես հերքել էր, որ միջադեպը քաղաքական պատճառներով է` նշելով, որ «ինչ-որ աղջկա հետ կապված պատմություն է եղել»:
Այս դեպքի առիթով էլ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հայտնել են, որ միջադեպը գրանցվել է Մասիսի բաժնում, իրականացվում է հետաքննություն։
Կոալիցիայում գործընկերություն են անում, ընտրություններում` իրար ծեծում
Փետրվարի 26-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգ հնչեցրեց Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին: Այստեղ էլ կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ եւ ՀՅԴ թեկնածուների կողմնակիցներն են միմյանց ծեծել: Ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ ծեծի էր ենթարկել ՀՅԴ-ական համագյուղացուն այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր ընտրություններում Դաշնակցության օգտին աշխատելու մասին:
Միջադեպը տեղի էր ունեցել Բազմասեր Առաքելյանի տանը:
ՀՅԴ կողմնակիցը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն այս առիթով ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` բացակայում է դիմողի բողոքը:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
16,03.2017