Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախընտրական կենացներ»

Մարտ 17,2017 15:30

Այսպես է բնութագրում «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը`անվտանգության, բանակի եւ կոռուպցիայի վերաբերյալ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մոտեցումները

Անվտանգությունն ընտրություններին մասնակցող «Ազատ դեմոկրատներ» դաշինքի համար լայն հայեցակարգ է, որը սկսվում է մարդու իրավունքներից մինչեւ սահմանի պաշտպանական խնդիրները: Երեկ կազմակերպված «Անվտանգություն, բանակ եւ կոռուպցիա» թեմայով քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանն ասաց, որ «Ազատ դեմոկրատների» ծրագրի առյուծի բաժինը հենց երկրի անվտանգության մասին է. «Մենք տնտեսական խնդիրներից զատ դրել ենք անվտանգության խնդիր, որ եթե 800 մլն դոլարից մինչեւ 1 մլն դոլար ստվերից բերենք դաշտ, ապա կրկնապատկելու ենք պաշտպանության ոլորտի ծախսերն` աշխատավարձի բարձրացումից մինչեւ զինտեխնիկա: Նախատեսվում է պաշտպանության քաղաքականության վերանայում, սպառազինությունների մրցավազքի խնդրի լուծում, մի բան, որը ՀՀ-ն չի արել, այլ մտել է Ադրբեջանի հետ մրցավազքի: Սահմանում ապրող մարդկանց լուրջ մասնակցություն բանակաշինության գործում, աստիճական անցում պրոֆեսիոնալ բանակի, բանակի չափանիշների համապատասխանեցում ՆԱՏՕ-ի չափանիշներին` խոսքը միայն ռազմական սպառնալիքների կառավարման մասին չէ»: Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ բանակը պետք է զսպող գորոծն լինի, ոչ թե քաղաքականություն իրականացնող:

ՀՅԴ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Եղիազարյանն էլ ասաց` Դաշնակցության ծրագրում չկա Արցախի խնդրին վերաբերող առանձին կետ:

Դա իրենց համար Հայ դատի անբաժան մասն է. «Կոնկրետ Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը տեղավորվում է պանթուրքիստապաշտության մեջ: Մեզ համար բանակի մարտունակությունն ու պատրաստվածությունը կարեւոր է: Պետք է վերանայվի բանակի ռազմավարությունը, մոտեցումները, խաղաղություն կարող ենք պարտադրել լավ պատրաստված լինելով, իսկ մենք ձգտում ենք խաղաղության: Այս ամենը մենք դիտարկում ենք ազգ-բանակ կոնցեպցիայի շրջանակում: Ռազմարդյունաբերության շրջանում ենք դիտարկում այս հարցը, մենք պետք է ինքնաբավ լինենք, եթե Ադրբեջանն ունի նավթ, ապա մենք ունենք խելք: Բանակի մարտավարությունը պետք է պաշտպանվողականությունից անցնի պատժիչ-կանխարգելիչի, այդ ամենը հիմա էլ կա, սակայն ավելի պետք է շեշտադրվի, որպեզի բացառվեն ապրիլի նման իրադարձությունները»: ՀՅԴ-ում գտնում են, որ բանակում պետք է ավելացվի պրոֆեսիոնալ զորաբաժանումների քանակը:

«Ելք»-ում էլ այս խնդիրները դիտարկում են արտաքին անվտանգության համատեքստում: «Կոռուպցիան նույնպես մեր ազգային անվտանգության սպառնալիքն է, քանի որ ապրիլին համոզվեցին, որ կոռուպցիան կարող է վերածվել արյան: Տնտեսական զարգացումները պետք է բանակի թիկունքին լինեն: Բուն տարածաշրջանային անվտանգության հետ կապված ասեմ, որ կարծում եմ` պետք է վերականգնվի ռազմական հավասարակշռվածությունն Ադրբեջանի հետ: ՀՀ-ն մենակ է նստած բանակցային սեղանին, մենք գործընկեր չունենք, մեզ հետ բանակցող պետություն ունենք, որի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է թեյ խմել Երեւանում ու Ստեփանակերտում: Այս մթնոլորտում մենք համարում ենք, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանելու, եւ մենք պետք է հզորանանք երկրի ներսում»,-ասաց «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը:

«Ընտրություններից առաջ եւ որսից հետո ամենաշատը ցանկություններ ու կենացներ են հնչում: Ո՞ւմ հաճելի չէ կրկնապատկել, հզորացնել հայկական բանակը, ունենալ հարձակվողական սպառազինություն, զենքի արտադրություն: Խոսել զենքի արտադրության մասին մի երկրում, որի գիտության ծախսերը 0.25 տոկոս են` 12 մլրդ դրամ: Նախազինկոչային տարիքի` 16 տարեկան 3800 տղա լքել է Հայաստանը: 15 տարվա ընթացքում 125 հազարով պակասել են մեր տղաները: Մենք չենք ներկայացնում ցանկություններ, թե ինչ ենք ուզում, մենք ասում ենք այն, ինչ հնարավոր է անել»,- մյուս բանախոսների կարծիքներին այսպես հակադրվեց «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքից պատգամավորության թեկնածու առաջադրված Արամ Մանուկյանը: Վերջինս պնդեց` իրենց ծրագրերն իրատեսական են:

Վիկտոր Ենգիբարյանը հակադարձեց Արամ Մանուկյանին. «Եթե այստեղ անձ լիներ, որն առաջին անգամ կլսեր Արցախյան հիմնախնդրի մասին, ապա տպավորություն կստեղծվեր, թե ՀՀ-ն ագրեսոր է, իսկ Ադրբեջանը բարի էակ, որը մեզ ներկայացնում է ծրագրեր, իսկ մենք չենք ընդունում»:

«Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը նկատեց`ՀՀ իշխանությունները համաձայնել են նրան, որ ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները. «Ինչպե՞ս կարող ենք կողմ լինել այս սկզբունքներին: Ես միջազգային իրավունքի 4 կետ գիտեմ, որոնցով ճանաչվում է պետությունը, իսկ այնտեղ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի ցանկությունները չկան: Ես չեմ կարող համաձայնել մի բանի հետ, որին դեմ է միջազգային իրավունքը: Սկզբունքային կապրիզներն ու ցանկությունները չի կարելի պետության իրավունքի հետ խառնել»:

Ամփոփելով քննարկումը՝ Արամ Մանուկյանն ասաց. «Մեր քաղաքական միտքը հիվանդ է պոռոտախոսությամբ եւ պրիմիտիվիզմով: Էդ հիվանդությունը մեզնից դուրս չի գալիս: Չունենք էդ համարձակությունը, որ իրականությանը նայենք եւ եզրակացություններ անենք»: Նա հավաստիացնում է`ՀԱԿ-ի առաջարկը Ադրբեջանին վատ վիճակում է դնում. «Վաղը ավելի շատ վտանգներ են կանգնելու մեր առջեւ: Դուրս եկեք նախընտրական տրամաբանությունից»:

Ստեփան Սաֆարյանն էլ հավելեց. «Այս իրավիճակում, երբ Ադրբեջանն օր-օրի լկտիանում է, ես չեմ կարող ապավինել որեւէ միջազգային, խաղաղապահ ուժի»: Իր համոզմամբ`Հայաստանը միանշանակ պետք է մերժի այն տարբերակը, որն առաջարկվում է`Լավրովի պլանը, եւ սա չի նշանակում բանակցություններից դուրս գալ: «Այս իշխանությունից միակ բանը, որ ընդունել եմ, այն էր, ապրիլյան պատերազմից հետո ասացին` ի՞նչ բանակցություն, եթե Ադրբեջանն իրեն այսպես է պահում: Հիմա, պարզվում է, կա բանակցություն, ինչի՞ պիտի ես համաձայնվեմ»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031