Ովքե՞ր իրավունք ունեն ապրիլի 2-ին քվեարկելու
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընտրողների ցուցակներում ընգրկվելու, այսինքն՝ քվեարկության իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ այլ համայնքի հաշվառում ունեցողները, ՀՀ-ում հաշվառում չունեցողները, պարտադիր ժամկետային զինծառայողները, բուժհիմնարկներում գտնվող եւ ինքնուրույն տեղամաս գալու հնարավորութուն չունեցող ընտրողները, նաեւ՝ քրեակատարողական հիմնարկներոմ հաշվառված ընտրողները:
Ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն հաշվառում ունեցող քաղաքացիները: Այստեղ ընդգծենք, որ նույն անձը կարող է ընգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում: Եթե, օրինակ, քաղաքացին հաշվառված է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, սակայն բնակվում եւ աշխատում է Երեւանում, ապա նա պետք է ապրիլի երկուսից ոչ ուշ, քան տասը օր առաջ զբաղվի իր հաշվառման վայրը ժամականավերապես փոխելու եւ Երեւանում հաշվառում ստանալու հարցերով: Իսկ եթե ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկության օրը գտնվելու է ՀՀ-ում, ապա նույն ժամկետում կարող է դիմել լիազոր մարմնին՝ նշելով ապրիլի 2-ին ՀՀ-ում գտնվելու իր հասցեն:
Ի՞նչ փաստաթղթով պետք է գնալ քվեարկության
Կարդացեք նաև
Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում.
-Նույնականացման քարտը,
-Կենսաչափական անձնագիրը,
-Ոչ կենսաչափական անձնագիրը,
-Անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը:
Զինծառայողների համար էլ անձը հաստատող փաստաթուղթ է համարվում զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե քվեարկելու է զորամասում կազմված ընտրողների ցուցակով:
Ի՞նչ անել, եթե քաղաքացին իր անունը չի գտնում ընտրողների ցուցակում
Եթե ընտրողների ցուցակում, որոնք արդեն իսկ փակցված են տեղամասային կենտրոններում, քաղաքացին իր անձի տվյալների հետ կապված անճշտություններ է նկատում, կարող է այդ մասին դիմում ներկայացնել տեղամասային հանձնաժողովին՝ ապրիլի 2-ից ոչ ուշ, քան տասը օր առաջ: Անճշտությունների վերացման մասին դիմողը գրավոր տեղեկացվում է 5 օրվա ընթացքում:
Նոր Ընտրական օրենգրքով՝ արդեն իսկ քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակվելու են ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ից սկսած: Այդ ցուցակներին կարելի է ծանոթանալ նաեւ էլեկտրոնային տարբերակով՝ ԿԸՀ կայքում:
Ի՞նչ է լրացուցիչ ցուցակը
Եթե քաղաքացին նկատում է, որ հաշվառված է տվյալ տարածքում, սակայն իր անունը չկա ընտրողների ցուցակում, ապա ապրիլի 2-ին նախորդող 5 օրվա ընթացքում պետք է դիմի տեղամասային ընտրական հանձնաժողովին, որպեսզի ընդգրկվի ընտրողների լրացուցիչ ցուցակում: Նույնը կարող են անել նաեւ նրանք, ովքեր ներկայացրել են տվյալ տեղամասում ժամանակավորապես ընդգրկվելու դիմում, սակայն չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում, թեեւ դիմումի մերժում չեն ստացել:
ԱԺ ընտրությունների ժամանակ կազմվելու են նաեւ հետեւյալ լրացուցիչ ցուցակները.
-Ստացիոնալ բուժհիմնարկների ընտրողների լրացուցիչ ցուցակ, որում ընդգրկվելու են ստացիոնար բուժման մեջ գտնվող, սակայն տեղամաս գնալու հնարավորություն չունեցող այն ընտրողները, որոնք ցանկանում են մասնակցել քվեարկությանը:
-Ձերբակալված անձանց պահելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակ, որում ընդգրկվելու են այդ վայրերում գտնվող ընտրողները:
-հաշվառում չունեցող ընտրողների ցուցակ:
Հավելենք, որ եթե ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետն ավարտվել է, դա ընտրողին քվեարկության չթողնելու հիմք չէ: Այստեղ բացառություն է այն դեպքը, երբ տեխնիկական սարքավորումից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած անձը հաստատող փաստաթուղթ:
Պատրաստեց
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ»
16,03.2017