Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ճանաչված է որպես բարձրորակ կրթություն իրականացնող երկիր»

Մարտ 17,2017 14:30

Հայաստանում ֆրանսիական համալսարանի
ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի եւ ուսանողների դիտարկումները

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը «Առավոտի» հետ զրույցում խոսելով համալսարանի ուսանողների՝ արտերկրում անցկացրած պրակտիկայի մասին՝ նշեց, որ 55 ուսանող 7 շաբաթ անցկացրել են Բելգիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում: Ռեկտորը նշեց, որ 7 շաբաթվա ընթացքում ավելի լուրջ աշխատանք կարող են ուսանողները իրականացնել` նախկին 4 շաբաթի փոխարեն:
«Այն հաստատությունները, որտեղ մեր ուսանողները պրակտիկա են անցել, շատ գոհ են եղել ուսանողների մոտիվացված լինելով, աշխատանքին մասնակից լինելու ցանկությամբ, մասնագիտական գիտելիքներով ու 4-5 լեզուների իմացությամբ: Դա զարմացրել էր, քանի որ Ֆրանսիայում, երբ ուսանողների են աշխատանքի վերցնում, նրանք այդքան լեզուների չեն տիրապետում»,- ասաց պարոն Լավեստը:

Մեր հարցին` երբ ռեկտոր նշանակվեց Հայաստանի ֆրանսիական համալսարանում, պատկերացնո՞ւմ էր, որ նման որակյալ ուսանողներ պատրաստող համալսարան է ղեկավարելու, ռեկտորը պատասխանեց. «Հայաստանը ճանաչված է որպես բարձրորակ կրթություն իրականացնող երկիր, Հայաստանը նույնիսկ խորհրդային տարիներին էր դրանով հայտնի: Ինչ վերաբերում է մեր համալսարանի ուսանողներին, նրանք իսկապես փայլուն են: Երբ հարց ենք տալիս` ավարտելուց հետո կմնա՞ն Հայաստանում, նրանցից շատերը դրական են պատասխանում եւ ցանկանում են մասնակից լինել երկրի զարգացման գործին»:

Հետաքրքրվեցինք` արդյոք վարո՞ւմ է բանակցություններ, որ գալիք տարի Ֆրանսիական համալսարանի ուսանողները այլ` հատկապես ֆրանսախոս երկրներում էլ պրակտիկա անցնեն: «Այս պահին աշխատում ենք Կանադայի եւ Շվեյցարիայի հետ: Խնդիրն այն է, որ պրակտիկան ծախսեր է ենթադրում, իսկ մենք աշխատում ենք հայ համայնքների հետ, որպեսզի կարողանանք ծախսերը փակել»,-հնչեց պատասխանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ֆրանկոֆոնիական միջոցառումներին Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասնակցությանը: Ժան-Մարկ Լավեստը նշեց, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Հայաստանում Սենգորի ամբիոնի կողմից կազմակերպված «Ձեռնարկության եւ անհատի էլ-համբավի կառավարմանն ու պաշտպանությանն առնչվող մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովի նպատակն է տարածաշրջանային եւ միջազգային, բազմաոլորտային եւ բազմամասնագիտական մոտեցմամբ համախմբել մի շարք մասնակիցների՝ ձեռնարկատերերի, մասնագետների, գիտական հետազոտություններ իրականացնողների եւ քաղաքացիների:

Հավելեց, որ կկազմակերպվի նաեւ խաղ- մրցույթ` «Հարց ֆրանկոֆոն ուսանողին»: Խոսելով Ֆրանսիական համալսարանի ուսանողների աշխատանքի տեղավորման բարձր գործակցի մասին, ռեկտորը հայտնեց, որ նրանք աշխատում են տարբեր ոլորտներում` առեւտուր, կրթություն, դատական համակարգ, սպասարկման ոլորտ, բանկային գործ եւ ապահովագրություն, հանրային կապեր, կառավարում եւ այլն, նրանց աշխատանք է առաջարկվում նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից: Ռեկտորը հայտնեց, որ պատրաստվում են բացել ինֆորմատիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետ` հաշվի առնելով հայաստանյան շուկայի պահանջները:

Զրուցեցինք նաեւ ուսանողների հետ: Կառավարման ֆակուլտետի ուսանող Արփի Հարությունյանը պրակտիկա է անցել Մարսելում` Marseille Innovation ձեռնարկությունների ինկուբատորում: Ասում է՝ պրակտիկայի շրջանակում հետազոտում էր Հայաստանի ՏՏ ոլորտը եւ ստարտափների էկոհամակարգը: «7 շաբաթվա ընթացքում ես ոչ միայն ամբողջական պատկերացում կազմեցի ուսումնասիրության օբյեկտիս մասին, այլ նաեւ ձեռք բերեցի որոշ պրակտիկ գործիքներ, որոնք հեշտացնում են օնլայն միջավայրում ինֆորմացիայի ստացումը եւ վերլուծությունը։ Պրակտիկան հետաքրքիր էր հատկապես նրանով, որ հայտնվեցի ինձ համար լրիվ նոր իրավիճակներում։ Օրինակ, ելույթ ունեցա ֆրանկո-հայկական ամենամյա համաժողովում, ինչը ինձ օգնեց հաղթահարել մեծ լսարանի առջեւ հանդես գալու վախը։ Երազում եմ կրթությունս շարունակել Եվրոպայում, սակայն ապագաս, ապագա ընտանիքս պատկերացնում եմ իմ երկրում»,- նշեց Արփին։ Եվա Կարապետյանը Մարքեթինգի ֆակուլտետի ուսանող է, նա էլ պրակտիկա է անցել Լիոնում` Crռdit agricole բանկի Centre-est մասնաճյուղում: Նա ապագան տեսնում է Հայաստանում: Եվան նշում է, որ պրակտիկայի ընթացքում հնարավորություն է ունեցել ամբողջությամբ օգտագործել համալսարանական գիտելիքները։ Իսկ պրակտիկայի ընթացքում ձեռք է բերել մի շարք հմտություններ, ինչպիսիք են շուկայի հետազոտության եւ մրցակցային շուկայի վերլուծության իրականացումը, Բենչմարքի կիրառումը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը եւ այլն։ «Երբեք չեմ մոռանա, թե ինչպես առաջին օրը ամբողջ մարքեթինգի անձնակազմը ինձ հետ ծանոթանալիս ձեռքսեղմման փոխարեն ողջունում էր այտերը 2 անգամ համբուրելով։ Սկզբում անչափ տարօրինակ էր, սակայն ժամանակի ընթացքում դարձավ սովորական, քանի որ հասկացա, որ դա ողջույն ասելու իրենց ձեւն է»,-հիշում է մեր զրուցակիցը։

Կառավարման ֆակուլտետի ուսանող Հովսեփ Կարոյանը 7 շաբաթ Մարսելում է անցկացրել` Տեմպո Ուան Թայմ Օրգանայզեր կազմակերպությունում: Ասում է, որ մինչեւ համալսարան ընդունվելը արդեն գիտեր, որ լավագույն ուսանողները իրենց մասնագիտական պրակտիկան անցնում են Ֆրանսիայում. «Այս փաստը միշտ հանդիսացել է մոտիվացիայի աղբյուր, որպեսզի ավելի լավ սովորեմ: Իմ կազմակերպությունը գործում է ցամաքային բեռնափոխադրումների ոլորտում, եւ իմ պրակտիկայի ընթացքում ես ուսումնասիրում էի աշխատանքի կազմակերպումը՝ ներքին փաստաթղթաշրջանառությունը, կոմունիկացիան եւ վերահսկողական ծառայությունները, որոնք ամրապնդեցին իմ գիտելիքները մեծ կազմակերպությունների կառավարման վերաբերյալ»: Նա մի հետաքրքիր դրվագ պատմեց. «Մի անգամ, խոսակցության ընթացքում բացահայտեցի գործընկերներիս ազգային պատկանելությունը: Պարզվեց, որ ունեմ մեկական գործընկեր պորտուգալական, իտալական, հրեական, վիետնամական եւ սենեգալական ծագումով եւ միայն 3-ը՝ ֆրանսիական: Նրանք բոլորն այնքան ֆրանսիական էին, որ ես երբեք չէի նկատում նրանց տարբեր ազգություններ ունենալու փաստը: Միշտ զարմացել եմ, թե ինչպես է ֆրանսիական ապրելաձեւն ու մշակույթը կարողանում միավորել ու համախմբել ամենատարբեր ազգեր, որոնք բոլորը սիրում են իրենց երկիրը՝ Ֆրանսիան»: Կառավարման ֆակուլտետի ուսանող Մարգարիտ Հովհաննիսյանը 7 շաբաթ Բելգիայում է անցկացրել` Վալոնիայի արտահանման եւ ներդրումների գործակալությունում: Ասում է, որ երբ Հայաստանում նախատեսվող բիզնես հանդիպման կազմակերպման շրջանակներում հանդիպեց Եվրոպական միությունում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանին, հաճելի զգացողություն ունեցավ, երբ նա անմիջապես հարցրեց՝ արդյոք հա՞յ է:

Իրավաբանական ֆակուլտետի ուսանող Նարեկ Շարաֆյանը պրակտիկան անցել է Փարիզի 9-րդ թաղամասի ՏԻՄ-ում: «Փարիզի բնակչության անվտանգության ապահովման համատեքստում ծանոթացել եմ քաղաքի առջեւ ծառացած թիրախային խնդիրներին եւ դրանց լուծման համար լիազորությունների ապակենտրոնացման ձեւերին, որոնցում կարեւորվում է քաղաքի վարչատարածքային միավորների դերը: Լիազորությունների մասով, պետք է ընդգծել, որ դրանք ավելի ընդարձակ եւ հայեցողական են, քան Երեւանի վարչական շրջաններինը»,-հայտնում է մեր զրուցակիցը: Նարեկը հավելում է, որ իր համար անչափ տպավորիչ էին հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները, եւ, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների շրջանում նրանց քաղաքական կշռին ծանոթանալը: Անդրադարձ եղավ նաեւ կրթության ոլորտում գիտական բաղադրիչին: Ժան-Մարկ Լավեստը շեշտեց, որ Ֆրանսիական համալսարանն իրականացնում է եռաստիճան կրթություն, ասպիրանտուրայում ունեն 6 ուսանող, ու 2017-ի սեպտեմբերից կունենան եւս 6 ասպիրանտ, որոնք կֆինանսավորվեն ձեռնարկությունների կողմից: Նա կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ համալսարանն ունենա ֆրանսերենին տիրապետող դասախոսներ, որոնք կունենան գիտական աստիճան: Ուրախությամբ փաստեց, որ 2,5 տարի անց կունենան Ֆրանսիայում գիտական թեզ պաշտպանած մասնագետներ, որոնք կդասավանդեն համալսարանում:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Արտասահմանում պրակտիկա անցած ուսանողները:

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031