Վերջին շրջանում երաժշտարվեստի ոլորտում մշտապես հանդիպում ենք մեզանում առաջին անգամ ներկայացվող ստեղծագործությունների: Որոշ երկերի դեպքում տարակուսանք ենք ապրում, թե, օրինակ, ինչու Չայկովսկու «Մոսկվա» կանտատը խորհրդային տարիներին չի հնչել մեզ մոտ:
Այս առիթով, եւ ընդհանրապես, համաշխարհային երաժշտության գանձարանից Երեւանում մինչ օրս դեռեւս չհնչած ստեղծագործությունների առումով երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանն ասաց, թե համաշխարհային գանձարանն այնքան հարուստ է եւ մեր երկիրն էլ, ի վերջո, գերտերություն չէ, որ ամեն ինչ ներկայացվեր հանդիսատեսին:
Ինչ վերաբերում է կոնկրետ «Մոսկվա» կանտատը հայ ունկնդրին հասցնելուն, այն օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի մտահղացումն է եւ ստեղծագործությունը կմատուցվի Ազգային օպերային թատրոնում, մարտի 17-ին, թատրոնի նվագախմբի, երգչախմբի եւ մեներգիչների՝ ՀՀ վաստակավոր արտիստներ, մեցցո սոպրանո Քրիստինե Սահակյանի եւ բարիտոն Առնոլդ Քոչարյանի կողմից:
«Այս կանտատը Չայկովսկին գրել է 43 տարեկանում, երբ արդեն ճանաչված կոմպոզիտոր էր աշխարհում, իսկ ստեղծագործությունը նվիրված է Ալեքսանդր 3-րդ կայսեր թագադրման արարողությանը: Կարելի է պատկերացնել, թե ինչ լուրջ առաջադրանք էր ստացել կոմպոզիտորը, որի տեքստը գրել է Ապոլոն Մայկովը, որը ներկայացնում է Մոսկվայի պատմությունը՝ այն ընդհանրացնելով Ռուսաստանի հետ: Ի դեպ, Չայկովսկին այս ստեղծագործության համար վարձատրվել է 1500 ռուբլի, ինչից նա հիասթափված էր, փոխարենը կայսրից նա նվեր է ստանում ադամանդակուռ մատանի: Նշեմ, որ 6 մասից բաղկացած կանտատը մեղեդային է, մեներգիչներից պահանջում է լայն դիապազոն: «Տանջալից» են նվագախմբի եւ երգչախմբի պարտիաները»,- հայտնեց պարոն Բուդաղյանը: Հավելեց նաեւ, թե Օրբելյանի՝ օպերային թատրոն գալուն պես «աշխուժացել» է օպերայի ու բալետի խաղացանկը, ողջունելի է մաեստրոյի նախաձեռնությամբ գալա համերգների եւ մեզանում հազվադեպ հնչող ստեղծագործություններից կազմված համերգների անցկացումը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
16,03.2017