Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցին, թե Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղադրում են իշխանություններին: Նա ՀՀԿ անունից ցավակցություն հայտնեց Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ. «Մենք ցավակցություն ենք հայտնում: Բոլորիս համար ցանկացած հայ մարդու կորուստը ցավալի է: Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցավակցություն է հայտնել:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ինչքան ես եմ տիրապետում ինֆորմացիային, որը, կարծում եմ, հնարավորինս մոտ է օբյեկտիվ լինելուն, Արթուր Սարգսյանի հիվանդության ժամանակ, հացադուլի ժամանակահատվածում, նրան բուժող բժիշկները, շտապ օգնությունը, առաջարկել են, որպեսզի նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց եւ Արթուր Սարգսյանն է մերժել: Եվ իմ ունեցած տեղեկություններով այս ամենն արձանագրված է, որը ցանկության դեպքում կարելի է տեսնել:
Ես ծանոթ եմ նաեւ Արթուր Սարգսյանի փաստաբանների հայտարարությանը: Այնտեղ կասկած է հնչում մահվան պատճառների՝ բժիշկների աշխատանքի հետ կապված: Ես բժիշկ չեմ, ոչ էլ իրավաբան եւ չեմ կարող գնահատական տալ: Բայց եթե փաստաբանները, հասարակությունը, բարեկամները պնդում են, թե փորձաքննություն է անհրաժեշտ, մենք որեւէ խնդիր չենք տեսնում: Եթե փորձաքննությամբ պարզվի, որ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, օրենքի խախտում է տեղի ունեցել, առանց վարանելու կարող եմ հայտարարել, որ մեղավորները կպատժվեն», – ասաց Էդուարդ Շարմազանովը:
«Եվ չորրորդ. բնականաբար կան շատ մարդիկ, որոնք անկեղծորեն են ցավում: Բայց չեմ կարող չասել նաեւ, եւ սա վերաբերում է նրանց, ովքեր փորձում են այս դժբախտությունը վերածել նախընտրական կրքերի, նախընտրական դիվիդենտներ շահելու: Սա անթույլատրելի է: Սա մարդկային ողբերգություն է եւ մարդկային ողբերգության վրա փորձել դիվիդենտներ շահել, ես ճիշտ չեմ համարում», – հավելեց նա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ