ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի մի մասը չի հստակեցնում իրենց` վարչապետի թեկնածուներին:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, ՀՀ սահմանադրությունը նման պահանջ չի դնում այս ընտրությունների ժամանակ. «Այդ պահանջը վերաբերում է հինգ տարի հետո կայանալիք ընտրություններին: Հետևաբար, նման որոշում քննարկելու համար ոչ մի հիմք չկա»:
Մեր այն դիտարկմանը, թե հանրությունը նաև վարչապետի թեկնածուով է կողմնորոշվում` որ ուժին ընտրել, պարոն Զուրաբյանն արձագանքեց. «Չկա նման բան: Դա իրենք են այդպես ասում (նկատի ունի ՀՀ իշխանություններին,-Տ.Հ.), դեռ մի բան էլ կարող է ստում են: Այն, ինչ հիմա իրենք անում են, դա բացարձակ չի բխում սահմանադրության պահանջներից: Առավել ևս, որ վարչապետի նշանակման մեխանիզմները 2017-ին այնպիսին են լինելու, որ բացարձակ չեն առնչվում կոնկրետ վարչապետի ֆիգուրի հետ: Դրա համար էլ այդ ֆիգուրի անունը տալու սահմանադրական պահանջ չկա: Նման հարցի քննարկումն անիմաստ է այս պահին: Երբ այդ հարցի քննարկումն իմաստ ունենա և սահմանադրական պահանջին համահունչ լինի, այդ ժամանակ կքննարկենք»:
Կարդացեք նաև
«Օհանյան Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դաշինքը նման հարց չի քննարկել: Մեր այն հիշեցմանը, թե, օրինակ, ՀՀԿ-ն հայտարարել է` ով է վարչապետի` իր թեկնածուն, պարոն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Իրենց հայտարարած վարչապետն ո՞վ է` Կարեն Կարապետյա՞նը: Քանի՞ պատգամավոր ունի նա այդ ցուցակում, ոչ մեկը: Իբր թե վարչապետ է: Աշխարհում յուրաքանչյուր վարչապետ մեծամասնություն, թիմ է ունենում, մինչդեռ սա Սերժ Սարգսյանի թիմն է, որ ինքը նախագահությունից հետո վարչապետ պիտի դառնա»:
Արմեն Մարտիրոսյանը հորդորեց իրենց դաշինքի վարչապետին փնտրել ցուցակի առաջին եռյակում: Իսկ թե ինչպես է որոշվելու որն է այդ անձանցից վարչապետը, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ շատ հեշտ, քանի որ բոլորն էլ փորձառու և կայացած գործիչներ են. «Երեք առաջնորդներով կնստեն, կորոշեն` ով է. այն սկզբունքով, որ համապատասխանում է վարչապետին ներկայացված պահանջներին: Ընտրությունները կկայանան, կվերջանան, մեծամասնություն կունենանք կամ կոալիցիա կլինենք, նոր այդ ժամանակ կորոշենք»:
«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը մեր հարցին պատասխանեց ժողովրդական ասացվածքով, թե մինչև գետը չթռնենք, չենք ասում հոպ. «Ելքը» իր` վարչապետի թեկնածուին կհայտարարի այն ժամանակ, երբ 54 մանդատ ստանա: Դա սահմանադրական պահանջ չէ»: Այն փաստին, որ ՀՀԿ-ն հայտարարել է իր վարչապետի թեկնածուին, պարոն Մարուքյանն արձագանքեց. «Իրենք մտածում են, որ բարձր վարկանիշ ունեցող վարչապետ ունեն, բայց այդպես չէ: Այդ վարչապետը թող պատասխան տա` ինչու է քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվել, ինչու «Գազպրոմի» ղեկավար է եղել, բայց ՀՀ-ն միշտ գազի գծով միլիարդավոր դրամների պարտքեր է կուտակել»:
Ըստ Էդմոն Մարուքյանի` վարչապետի հարցն իշխանության կողմից ներդրված կեղծ հարց է: Նա նույնիսկ կասկածներ էլ ունի, որ իշխանության այդ հայտարարությունը, թե իրենց վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը, իրականություն չի դառնա. «Իրենց որևէ ասածի ոչ մեկ չի հավատում: Ասում են, որ ոչ մեկի վրա չեն կրակելու, բայց Ջրառատում երեկ մարդկանց վրա կրակում էին»:
«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորի թեկնածու Էդգար Առաքելյանն էլ նշեց, թե արդեն ենթադրելի է` ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն` Արթուր Բաղդասարյանը. «Այլ տարբերակ մենք չունենք, դա արդեն ենթադրելի է»:
Հիշեցնենք, որ բացի ՀՀԿ-ից «Ազատ դեմոկրատները» ևս հայտարարել են, որ իրենց վարչապետի թեկնածուն լինելու է Հրանտ Բագրատյանը:
Նաիրա Զոհրաբյանն էլ «Ազատության» հետ զրույցում ի պատասխան լրագրողի հարցի, թե կարելի՞ է ենթադրել, որ «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուն լինելու է Գագիկ Ծառուկյանը, արձագանքել էր. «Իհարկե, կարելի է ենթադրել, և դուք շատ ճիշտ ենթադրություն արեցիք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ