Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Իշխանյանը սովորեցնում էր մտածել

Մարտ 16,2017 22:11

Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցերեկույթը կազմակերպել էր հենց նրա անվան դպրոցը: Միջոցառումը տեղի ունեցավ Ազգային գրադարանում, որտեղ Ռաֆայել Իշխանյանը 4 տարի եղել է տնօրեն: Փոքրիկը, որ մարմնավորում էր Իշխանյանին, ասաց. «Ես Ռաֆայել Իշխանյանն եմ…» մի պահ հուզվեց, գուցե պատասխանատվությունից, հավաքեց իրեն ում միջոցառումը շարունակվեց:

«Տերյանն ինչպես որ կա». «Բակունցի լեզվական արվեստը»,«Երրորդ ուժի բացառման օրենքը», «Իրական պատմություններ», «500 բառ և մի շարք այլ գրքեր հեղինակել  է պատմաբան, լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանը: Նա դասավանդել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում: Նրա շնորհիվ է ընդունվել Լեզվի մասին օրենքը:

Միջոցառմանը ներկա էին  լեզվաբանի կուրսեցի, վաստակավոր լրագրող Էդվարդ Շահինյանը և Բյուրակն Իշխանյանը` նրա տիկինը: Որդին՝ Ավետիք Իշխանյանը նշեց. «Երբեք մեզ չէր ասում, որն է ճիշտ, որը` սխալ, հայրս մեզ սովորեցրեց մտածել: Հաճախ էր ինչ-որ հարցի շուրջ բանավիճում հետս: Դա  տևում էր մինչև գիշերվա երկուսը»: Ավետիք Իշխանյանը ներկա ուսուցիչներին կոչ արեց իր հոր օրինակով մտածել սովորեցնել:

Քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը, որը Ռաֆայել Իշխանյանի փեսան է`Վարդուհի Իշխանյանի ամուսինը, շեշտեց Իշխանյանի մայրենի լեզվի հանդեպ ունեցած սերը. «Ծայրահեղ բանաձև էր տվել` հայը նա է, ով հայերեն է խոսում: Կատակով հարցնում էի, եթե հիմա բոլոր չինացիները հայերեն խոսեն, ուրեմն հայե՞ր են»:

Իշխանյանը ռուսատյաց չէր, ասում էր պետք է համագործակցել, ոչ թե ծառայել: Հենց այս թեման է ամփոփվում «Երրորդ ուժի բացառման օրենքը» գրքում: «Երազում էր Անկախության մասին, միշտ պայքարել է, նույնիսկ մի շարք այլախոհերի, այդ թվում` Պարույր Հայրիկյանի ընտանիքին է օգնել: Նա ասում էր`լավ ու վատ անկախություն չկա «անկախությունն  անկախություն է»,- ավարտեց խոսքը Մանուկյանը:

Ազգային գրադարանի նախկին փոխտնօրեն Անահիտ Հարությունյանը խոսելով Ռաֆայել Իշխանյանի մատենագրական գործունեության մասին, մի փաստ արձանագրեց, որ 63 տարեկանից հետո գրադարանում աշխատողներին թոշակի են ուղարկում, սակայն մատենագիրը տարի առ տարի ավելի հմուտ է դառնում: Նրա ձեւակերպմամբ, գիտության մեջ տարիք չկա:

Հանդիպումն ավարտվեց տիկին Բյուրակնի այն հուշով, որ ամուսինը գրադարանավարուհիների համար գեղեցկության մրցույթ էր կազմակերպել:

Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Մարգարյան says:

    Ռաֆայել Իշխանյանը չէր հոգնում յուրաքանչյուրին բացատրելուց, որ բոլոր քաղաքակիրթ ազգերը խիստ կարևորում են իրենց մայրենի լեզվի գործածությունը, ուստի հայը ևս պետք է հայերենով խոսելու, գրելու և ստորագրելու արժանապատվություն ունենա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031