Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որտեղ թերսնուցումը համարվում է գերակա խնդիր». Ռայմունդ Յելե

Մարտ 16,2017 21:07

«Սննդի որակին ուղղված պահանջները քայլ առ քայլ խստացվելու են».,- այսօր «Պարենային անվտանգության վիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը /ՊԳԿ/ այսօր հրապարակել է մի զեկույց, որտեղ նշվում է, որ տարածաշրջանում նկատվում է ավելորդ քաշով և ճարպակալմամբ պայմանավորված հիվանդությունների աճ, իսկ սա նաև պայմանավորված է սննդի որակով:

Իգնատի Առաքելյանի խոսքով` այսօր կան շատ խնդիրներ, և եթե չսկսենք խստացնել դեպի սննդի որակը ուղղված պահանջները, ապա ապագայում երկրում կարող ենք ունենալ շատ բարդ առողջական խնդիրներ:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:

Ասուլիսի սկզբում պարոն նախարարը առանձնացրեց այն երկու ծրագրեը, որոնք նախատեսվում է իրականացնել ՊԳԿ-ի հետ համատեղ: Առաջինը ֆիլոքսերակայուն տնկարանի ստեղծումն է, որտեղ կլինեն ֆիլոքսերակայուն խաղողի վազեր. «Մենք սրանով  կփորձարկենք, թե ինչքան բերք կարող ենք ստանալ, ինչ ազդեցություն կարող է ունենալ սա մյուս ոչ ֆիլոքսերակայուն այգիների վրա: Մեր երկրի գյուղատնտեսությունը պետք է պատրաստ լինի, որ ֆիլոքսերան կարող է զարգանալ, և դրա համար մենք պետք է ունենք ճգնաժամային ծրագիր, որով կկարողանանք անմիջապես արձագանքել այդ ռիսկերին»:
Երկրորդ ծրագիրը ձկնաբուծարաններից մեկում ջրախնայող համակարգի տեղադրումն է. «Այստեղ կարող ենք ուսումնասիրել, թե ինչպես է այդ խնայող համակարգը ազդում ձկան որակի վրա և ինչքան ջուր կարելի է խնայել: Այս պիլոտային ծրագրով կարող ենք մշակել ջուր խնայելու ուղղությամբ հետագա ծրագրերը: Սա ամբողջ աշխարհում գերակա խնդիրներից է,- նշեց նախարարը»: Այս 2 ծրագրերը ֆինանսավորվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից:

Ասուլիսը շարունակեց Ռայմունդ Յելեն, որը խոսեց սննդի որակի մասին` այն որպես բալանսավորված, վիտամիններով հարուստ սնունդ գյուղատնտեսության մեջ, և առանձնացրեց ՊԳԿ-ի կողմից հրապարակված զեկույցի հիմնադրույթները, ներկայացրեց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Պարենային անապահովության տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը:

«2015 թ-ին ավարտվեց հազարամյակի զարգացման ծրագիրը,իսկ 2016թ-ին սկիզբ դրվեց նոր 2030 թ-ի կայուն զարգացման ծրագրին: Նոր զարգացման ծրագրի շրջանակում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է այն անավարտ աշխատանքների վրա, որոնք ուղղված էին սովի և աղքատության վերացմանը: Անշուշտ, մենք պետք է ընդլայնենք այդ ծրագրերի շրջանակը, որպեսզի ներառենք ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրները: Դա չենք կարող անել առանց կայունությունը, որպես հիմնական շարժիչ ուժ համարելու»,- ասաց Ռայմունդ Յելեն:

Նրա խոսքով ` 2016 թ-ի զեկույցը ի տարբերություն 2015 թ-ի զեկույցի ընդլայնել երկրների ծածկույթը, և հազարամյակի զարգացման նպատակներից անցում է կատարել դեպի կայուն զարգացման նպատակներ. «Դա նշանակում է, որ մենք սովի և աղքատության հաղթհարումից պետք է անցում կատարենք  ավելի առողջարար և հարստացված սննդամթերքի: Մենք պետք է պայքարենք անառողջ սննդակարգի դեմ, որը նպաստում է ինչպես գիրությանը, այնպես էլ թերսնուցմանը»:

Պարոն Յելեն առանձնացրեց այն փաստը, որ ցորենի կամ հացահատիկային սննդամթերքի կիրառումը հետզհետե նվազում է` զիջելով իր տեղը կենդանական ծագում ունեցող սննդամթերքին: Այս փոփոխությունը տարբեր ազդեցություն ունի տարբեր երկրների վրա` կախված նրանց եկամուտներից: Ինչքան մեծ է եկամուտը, այնքան շատ է նրանց սննդակարգում տեղ գտնում կենդանական ծագում ունեցող սննդամթերքը:

Զարգացող երկրներում, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանի միջին զարգացվածության երկրներում ավելի շատ տարածված է թերսնուցումը, որոնք հիմնականում կապված են C և D վիտամինների պակասի հետ: Իսկ սննդակարգում քաղցրավենիքի ավելացումը, որը նույնպես պայմանավորված է երկրի եկամտի աճի հետ, հանգեցնում է գերաճի, գիրության:

Ռայմունդ Յելեյի համոզմամբ` թերզարգացման և գերաճի դեմ կարելի է պայքարել հետևյալ կերպ. սննդամթերքը հարստացնել որոշակի միկրոէլեմենտներով , կարևոր գործողություններից է երեխաներին դեռ վաղ հասակից ճիշտ սննդակարգի հետևել և սննդակարգում հավասարակշռություն պահապանել սովորեցնելը: Ավելի կարևոր դեր ունեն դպրոցական սննդամթերքի ծրագրերը և պարենի օգնություն տրամադրող ծրագրերը.
«Մենք Հայաստանում այս ուղղությամբ մեկ ծրագիր ենք պատրաստվում սկսել, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի դաշնության կողմից: Դպրոցական սննդամթերքի տրամադրման և սննդակարգի ուսուցման ծրագիրը ուզում ենք կապել նաև հավասարակշռված սննդակարգի հետ»:

Պարոն Յելեն ասաց, որ գերաճի դեմ պայքարին կարող է նպաստել նաև տեղական գյուղատնտեսական արտադրանքի ստեղծումը:

Նրա խոսքով Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որտեղ թերսնուցումը համարվում է գերակա խնդիր, սակայն վերջին տարիների ընթացքում իրավիճակը լավացել է` 15 տոկոսից իջնելով 8 տոկոսի. «Սա չի նշանակում, որ անելիքներ չկան: ՀՀ-ում աղքատությունը խնդիր է և կան սովի դեմ հաղթահարման խնդիրներ»:

Իսկ գերաճ Հայաստանում նկատվում է հիմնականում քաղաքներում ապրող երեխաների 17 տոկոսի մոտ:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031