Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում եւ՛ ընդդիմադիր, եւ՛ իշխանական ուժերը քարոզչական պաստառները փակցնում են նաեւ օրենքով չսահմանված վայրերում

Մարտ 16,2017 20:21

Այսօր Վանաձորում մեծ թվով շենք-շինություններ «զարդարված են» խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ու նրանց թեկնածուների նկարներով: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որոշմամբ, քաղաքում քարոզչական պաստառներ փակցնելու համար հատկացվել է 54 անվճար տարածք: Սակայն ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին, կարծես թե, չեն բավականացնում նշված տարածքները: Բացի օրենքով նախատեսված վայրերը, թեկնածուներն իրենց քարոզչական պաստառները փակցրել են նաեւ չնախատեսված վայրերում:

Aravot.am-ի հետ զրույցում, թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն ասաց, որ խախտումները գրանցվել են քարոզարշավի մեկնարկից 3 օր անց: Նա տեղեկացրեց նաեւ, որ այդ մասին հայտնել են Վանաձորի քաղաքապետարանին՝ պահանջելով վերացնել խախտումները: Իրավիճակի մասին իրազեկվել է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

«Էս պահի դրությամբ քանի գնում ավելանում են այդ պաստառները: Որովհետեւ տեսնում են, որ անհետեւանք է մնում, էն մյուսներն էլ են տանում եւ փակցնում իրենց պաստառները: Օրինակ, Տիգրան Մեծ պողոտայի վրա թույլատրվում է մենակ Տիգրան Մեծի 10 եւ 24 շենքերի վրա փակցնել, բայց պողոտայի վրա, ծայրից ծայր՝ բոլոր շենքերի վրա փակցված են: Սա քարոզչության խախտում է, նույնիսկ մինչեւ գրանցումը չեղյալ անելու տարբերակ կա»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ ինքը հրապարակային դիմել է բոլոր քաղաքական ուժերին, պահանջելով երկօրյա ժամկետում հեռացնել չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառները: Հակառակ դեպքում, քաղաքապետարանը ստիպված կլինի օրենքով իրեն տրված լիազորությունների սահմաններում հեռացնել դրանք:

«Մեր քաղաքական ուժերը մեկը մեկին հերթ չտալով ամբողջ քաղաքը ծածկել են քարոզչական նյութերով, մեծ մասամբ չթույլատրված վայրերում: Որոշ կազմակերպություններ՝ բանկեր եւ այլն, իրենք հեռացրել են այդ պաստառները, բայց բնակելի ու հասարակական շենքերի վրա փակցված են: Նաեւ դիտորդներն են արձանագրել, որ քարոզչական նյութերը հախուռն կերպով փակցված են՝ հատկապես քաղաքի կենտրոնական հատվածի շենքերի վրա: Ես Հանրապետական կուսակցությունն եմ ներկայացնում, եւ որպեսզի իմ կողմից չլինի էդ մաքրելու գործողությունը եւ քաղաքական երանգավորում չստանա, դրա համար ես հրապարակային կոչով դիմել եմ քաղաքական բոլոր ուժերին: Որպեսզի այն պաստառները, որոնք որ օրենքին համապատասխան ճիշտ վայրերում չեն փակցված, հեռացվեն: Առայժմ սպասում եմ»:

Համայնքի ղեկավարի խոսքով, նշված խախտումներն արձանագրվել են եւ՛ ընդդմիադիր, եւ՛ իշխանական ուժերի կողմից. «Մեր այն քաղաքական գործընկերները, ովքեր ընտրությունների օրինականություն ու չգիտեմ ինչի ջատագով էին հանդիսանում կամ նման կոչերով էին հանդես գալիս, հիմնականում նրանք են խախտել: Մեր ֆիքսված ժամանակաշրջանում Հանրապետական կուսակցությունից չսահմանված վայրերում որեւէ քարոզչանյութ չկար փակցված: Բայց, երևի թե, իրենք էլ տեսան, որ մյուսներինը համապատասխան վայրերում չեն, իրենք էլ են սկսել փակցնել: Բնականաբար, եթե ընդհանրական մոտեցում ցույց տրվի, որեւէ մեկի պաստառը չսահմանված վայրերում չենք թողնելու: Բոլոր քաղաքական ուժերը, ովքեր որ քարոզչություն են իրականացնում, բոլորի նյութերն անխտիր փակցված էր»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031