Քիչ առաջ Մաշտոցի պողոտայում բախում տեղի ունեցավ ոստիկանների և «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված` Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցների միջև:
Երթն առաջնորդում է Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը: Քաղաքացիները գոչում են «Արթուր, Արթուր», «Հաց բերողին սպանել են»:
Մաշտոցի պողոտայում ոստիկանները թույլ չեն տալիս, որ երթի մասնակիցներն առաջ շարժվեն ու փողոցով երթ անցկացնեն, նրանք հորդորում են` երթն իրականացնել մայթերին: Պահանջում են, որ քաղաքացիները բացեն ճանապարհը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Վաղինակ Շուշանյանը պնդեց, թե փակելու են ճանապարհը: Ոստիկանները պատ կազմեցին քաղաքացիների շուրջ և թույլ չեն տալիս, որ նրանք առաջ շարժվեն: Քաղաքացիներն ի պատասխան ոստիկանների գոչում են.
Կարդացեք նաև
«Մի օր սաղիդ մորթելու են ձեր տան մեջ», «Կերաք գլուխը» և այլն: Մինչ ոստիկանները փորձում էին քաղաքացիներին հեռացնել փողոցից, Վաղինակ Շուշանյանն իր արյունոտ ձեռքը ցույց տվեց ու ոստիկանի այն հարցին, թե ինքն ի՞նչ իրավունք ունի ոստիկանի քաշելու, պատասխանեց. «Երբ տեսնում եմ` երեխա է շպրտում, ես չեմ հարվածում, քաշում եմ, որ չշպրտի: Ես այս պահին անձեռնմխելի եմ»: Այնուհետև մոտեցավ Լևոն Բարսեղյանը փորձեց հանդարտեցնել:
Նշենք, որ այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի ՀՀ արդարադատության նախարարություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Քննչական կոմիտեին հանձնարարել է «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեսանյութը` «Ազատություն» ռ/կ-ի: