Այսօր Գյումրի այցելած Գագիկ Ծառուկյանը, խոսելով Շիրակի մարզի աղքատությունից, գործազրկությունից, ասաց, որ ինքը գիտի լուծումը․ այն, ինչ ասում է, իրականություն է դարձնելու։ «Սիրելի ժողովուրդ, երբ որ եղավ «50 պլյուս 1», համակարգ էլ կփոխենք, օրենք էլ, մարդկանց էլ կփոխենք, բանկի տոկոսներն էլ կփոխենք, ներդրումներ կանենք, աշխատատեղեր կլինեն»։
Գագիկ Ծառուկյանը խոսեց բանկի տոկոսներից՝ նշելով, որ բոլոր հավաքվածները վարկի տակ են։ «Ճի՞շտ է, թե՞ ոչ», -ժողովրդին հարցրեց Ծառուկյանը։ «Այո»,- բացականչեցին մարդիկ։ «Ունենք 650 հազար ընտանիք, ունենք 1 միլիոն 400 հազար վարկառու, ամեն տնից 2-3 հոգի։ Մինչև ստեղ հասնելը, 10 տեղ գյուղերում մարդիկ ճանապարհները փակել էին, ասում էին՝ փրկի պարոն Ծառուկյան։ Ես պատրաստ եմ փրկելու, ուղղություն էլ գիտեմ, ճանապարհն էլ գիտեմ, ցանկությունն էլ ունեմ։ Ես պարտք ունեմ ձեզ տալու, ոչ թե բարեգործություն, այլ համապատասխան ձեզ պայման ստեղծել , համակարգ փոխել, օրենք փոխել»։
«Թագավոր ախպեր», -գոչում էին հավաքված ծերունիները։
Գագիկ Ծառուկյանն էլ ավելի ոգևորված շարունակում էր․ «Ձեր ցավը տանեմ, 5-6 ընտրություն անցել եմ, բոլորին լսել եք, հավատացել եք, ձեր քվեն տվել եք, այսօր ձեզ ասում եմ՝ համապատասխան այնպիսի համակարգի կառույցին տվեք ձեր ձայները, որն ի վիճակի լինելու օրենք փոխի, պայման ստեղծի։ Էսօր սաղ վարկի տակ են, 30 տոկոսով մարդ վարկ է վերցնում, ո՞նց կարող է պատահել շահութաբեր լինի։ Եթե էսօր եկամուտը, շահույթը կարող է լինի 5-10 տոկոս։ Սիրելի ժողովուրդ, աշխարհում ավանդները բանկերում, ցանկացած մեկդ դրսում բարեկամ ունեք, հարցրեք 0,8 տոկոս է, 0,1 տոկոս է, Հայաստանում ավանդը 18 տոկոս է»։
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանը, հայտարարելով, որ համաշխարհային բանկից գումարներ են եկել Հայաստան 0 տոկոսով, հետաքրքրվեց, թե ժողովրդից ո՞վ է ստացել զրո տոկոսով ու ստանալով «Հեչ մարդ» պատասախանն, ասաց․«Դրա համար պետք է իրավունք տաք, որ համապատասխան մարդիկ պատասխանատվության ենթարկվեն, ինչի՞ համար 0 տոկոսանոց, 0,24 տոկոսանոց վարկը ժողովրդին տալիս եք 24-30 տոկոսով։ Պետք է պատասխան տան, ձեռքից պիտի վեկալենք համապատասխան միջին բիզնեսի զարգացման համար»։
Գագիկ Ծառուկյանը պնդեց, որ ինքը ո՛չ պաշտոնի, ո՛չ փողի, ո՛չ էլ պատգամավոր դառնալու կարիք ունի։ Ըստ նրա, եթե իրեն ձայն տան, «50 պլյուս 1» լինի քվեարկության արդյունքները, ինքը կլուծի բոլոր խնդիրները։ Ըստ նրա, մարդկանց աչքերից արցունք է թափվում, ընտանիքներ կան ամիսներով միս չեն օգտագործում, չգիտեն ոնց հոսանքի փողը տան։ «Թագավոր, թագավոր»,- բացականչում էին ծերունիները։
Գագիկ Ծառուկյանի ելույթն ամբողջությամբ տեսանյութում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ