ՕՐՕ դաշինքի անդամները Ջրառատի դեպքերը կապում են ընտրությունների հետ՝ ընդգծելով, իրենց համակիրներին թույլ չեն տվել գալ իրենց հավաքին, դրանից էլ ծագել է վեճը: Էլինար Վարդանյանը Ջրառատի դեպքերը քաղաքական հանցագործություն էր որակել: Մինչդեռ արդեն այսօր ՕՐՕ-ի՝ հիվանդանոցում գտնվող համակիրների հարազատները վստահեցնում են, որ ընտրությունների հետ կատարվածը ոչ մի կապ չունի:
Ավելին՝ armlur.am-ի հետ զրույցում Ջրառատում վիրավորված Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը վստահեցրել է, որ Լեւոն Երանոսյանի հետ արդեն գյուղի երիտասարդներին բոլորին բացատրել են, որ այսպես չի կարելի շարունակել, վերջը վատ կլինի. «Մենք հիմա գիծ ենք քաշել, ինչ եղել է երեկ, այսօրվանից ապրում ենք խաղաղ, հանգիստ, ոչ մեկի հետ պարտք ու պահանջ չունենք, մենք ոչ մի բողոք չենք ներկայացնում, ձեռք ձեռքի տվել, բարիշել ենք, մեզ արյուն պետք չի: Խնդրում եմ, այս ամեն ինչը ընտրությունների հետ չկապել»:
Aravot.am-ի հետ զրույցում նրանց փաստաբան Կարեն Մեժլումյանը մեր հարցին՝ դա քաղաքակա՞ն հանցագործություն է, թե՞ չէ՝ պատասխանեց. «Ես այս պահին չեմ ցանկանա հարազատների ասածին հակառակ ինչ-որ բան ասեմ, բայց դեպքերի զարգացումը, որ եղել է, համենայնդեպս կապ ունեցել է: Ամսի 10-ի դեպքը կապված է եղել ընտրողների հետ հանդիպման հետ»:
Հարցին՝ ճի՞շտ է, որ հաշտության են եկել կողմերը՝ պարոն Մեժլումյանը պատասխանեց. «Այսօր կարծես թե այո»: Նա ասաց, որ չի կարծում, որ հաշտությունից հետո գործը կկարճվի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ