Այսօր «Ելք» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի ավտոտնակների կտուրներին էր: Նա, ինչպես մյուս համայնքներում, բարձրախոսով բարեւում էր բազմաբնակարան շենքերի բնակիչներին, ներկայանում էր եւ վստահեցնում էր, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելք կա, դուխով լինեն, գլուխները բարձր պահեն, գնան տեղամաս եւ քվեարկեն իրենց օգտին:
Աջափնյակում ամենուրեք Արման Սահակյանի եւ ՀՀԿ-ի մյուս թեկնածուների նախընտրական շտաբներն էին տեղակայված: Շենքերի բնակիչները ողջունում էին Փաշինյանին, ձեռքով անում, մի կին, պատուհանը բացելով՝ ուրախությամբ թռչկոտեց ու ձեռքերը թափահարեց՝ քաջալերելով «Ելք»-ի անդամներին:
Բակում նարդի խաղացող աջափնյակցիներից մեկը, տեսնելով Փաշինյանին, ասաց. «Երեք հոգի քո պես լինեն՝ մեզ բոլ ա: Երեք հատ»: Նիկոլ Փաշինյանը, ցույց տալով իր հետ շրջող «Ելքի» անդամներին՝ ասաց. «Հլը տես քանիսն են, ուրեմն պլանը գերակատարել ենք: 3 հոգի էլ ունենք, 4 հոգի էլ, 5 հոգի էլ, բայց մեզ 54 հոգի պետք է՝ կայուն մեծամասնություն կազմելու համար»:
Աջափնյակցին սրտնեղեց, թե՝ «Քո բախտը քո հետ ա, էս անտեր անձրեւը ինչի եկավ, սաղ ժողովուրդը թրջվավ: Արդար մարդը ե՞րբ ա բախտ ունեցել, որ ստեղ ունենար»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց, որ ընդհակառակը, 10 օր է՝ շրջում է, լավ էլ եղանակ է եղել. «Արդար մարդը այստեղ հիմա բախտ ունի»:
Փաշինյանը բեսեդկայում նարդի խաղացողներին ողջունեց, նրանցից մեկի փոխարեն զառ գցեց ու անցավ իր գործին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ