Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կաթվածահար էր եղել երթևեկությունը. սպասում էին Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 16,2017 16:58

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում շնչելու ու շարժվելու տեղ չկար. մարդիկ սպասում էին Գագիկ Ծառուկյանի այցին։ Գյումրեցիների հոսքը դեպի հրապարակ չէր դադարում. ամբողջապես կաթվածահարվել էր Գյումրու կենտրոնական՝ Սայաթ-Նովա փողոցի երթևեկությունը։ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման էին եկել ծծկեր երեխաներին գրկած կանանցից մինչև խոր ծերության մեջ գտնվող մարդիկ, անգամ հենակներով քայլողները։

Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին սուլոցներով, ծափահարություններով, «Թագավորը եկավ, թագավորը» արտահայտությամբ։ Նախապես մի նեղ ճանապարհ էին բացել, որ պարոն Ծառուկյանը կարողանա գնալ դեպի Թատերական հրապարակի բեմ, սակայն կայծակնային արագությամբ հենց այդ նեղ ճանապարհում շրջափակեցին պարոն Ծառուկյանին՝ չթողնելով առաջ գնալ։ Վերջինս մի կերպ, հրմշտելով առաջ անցավ։

Հավաքվածները միմյանց ոտքեր կոխկրտելով, հրելով, խփելով, մինչև բեմ ուղեկցեցին Գագիկ Ծառուկյանին։ Մի պահ այնպես մի հրմշտոց սկսվեց, որ քիչ էր մնում Վարդան Ղուկասյանն ու Գագիկ Ծառուկյանը իրար հետ գետին տապալվեին։ «Պարոն Ծառուկյան, մեծատառով մարդ, քեզ ձեռքերի վրա պետք է տանեն», -ճչում էր մի տղամարդ, որին Վարդան Ղուկասյանի թիկնապահի կինը՝ «Ծառուկյանի դաշինքի» վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Թողեք գոնե մեծատառով մարդը տեղ հասնի»։

Ծծկեր երեխային գրկած մի կին էլ, որին հավաքվածները հորդորում էին առաջ չգնալ, քանի որ երեխան կարող է հանկարծ շնչահեղձ լինել, դժգոհեց, որ չկարողացավ գոնե մի հատ ձեռքով հպվել պարոն Ծառուկյանին։ Նկատենք, որ մի տարեց կնոջ այնպես հրեցին, որ պիտի բերանքսիվայր ընկներ, նրան հազիվ պահեց Ծառուկյանի այցը նկարահանող օպերատորներից մեկը՝ ընդհատելով իր աշխատանքը։ «Այ բալա, կյանքս փրկեցիր», -օրհնում էր տարեց կինը։

https://www.youtube.com/watch?v=fAGQNQWX3NE

Իհարկե, Գագիկ Ծառուկյանին հանդիպելու էին եկել մեծ թվով խնդրանք-նամակ ունեցողներ, անգամ մինչև պարոն Ծառուկյանի այցը բեմից հայտարարվեց, որ նամակները կարող են համակարգված, նախօրոք փոխանցել՝ առանց առաջ գնալու։

Գագիկ Ծառուկյանը Գյումրիում մոտ 40 րոպե մնաց։ Նա ելույթ ունենալուց հետո անմիջապես հեռացավ, ավելի ճիշտ՝ մի կերպ հեռացրեցին պարոն Ծառուկյանին, քանի որ ժողովուրդը հետևից վազում էր՝ մի իրարանցում, արտակարգ դրություն ստեղծելով։ Պարոն Ծառուկյանի ելույթի ժամանակ անգամ կային մարդիկ, որոնք փորձում էին գնալ ու նրա կողքին կանգնել։ Նրանց մի կերպ սաստում էին նկարահանող օպերատորները։

Այսօր այնքան մարդ էր հավաքվել Թատերական հրապարակում, որ գյումրեցիներից շատերը զարմացել ու միաժամանակ ուրախացել էին, օր օրի դատարկվող Գյումրիում դեռ այդքան մարդ է ապրում։

Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանի այցից հետո մոտ ժամ տրանսպորտ նստել չէր լինում. քաղաքային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները քիչ էին մնում շուռ գային ծանրաբեռնվածությունից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    Ողբամ զքեզ Գյումրի քաղաք: Ողբամ զքեզ Հայաստան աշխարհ:

  2. Էդիկ says:

    Փաստորեն, մարդը միշտ քծնում է փողոտին, հիմա եկել էր փողի քայլող մեշոկը, ու էսպես հա, իրոք ողբալի է, սակայն մի բան է պարզ.իրավիճակի պատասխանատու իշխանություններն են և նաև նրանք, որոնք աղքատ երկրում հարուստ են դարձել:Ինչպես ասվում է՝ձեր սրած մախաթը….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031