Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան-Հայկ Դեմոյան «փոխհրաձգությունը» շարունակվում է (Տեսանյութ)

Մարտ 16,2017 16:52

Մարտի 16-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում կայացավ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովը:

Սպասվում էր, որ ակադեմիայի համակարգում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կանդրադառնա ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից եւ պետական միջոցներով տպագրված «Հայոց պատմություն» բազմահատորյակի երրորդ հատորի առաջին եւ երկրորդ գրքերին, որոնք նա խոտան էր անվանել։

Սակայն Դեմոյանն անսպասելի լքեց դահլիճը, իսկ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը դիմելով ժողովին՝ ասաց, որ մամուլում շրջանառվում է մի գրախոսություն` «Կոթողային խայտառակություն վերնագրով», որի պաշտոնական պատասխանը գրքույկի եւ CD-ի տեսքով պատրաստ են ներկայացնել:

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ձեռնպահ էին մնացել մամուլում հրապարակված գրախոսությանն անդրադառնալուց, քանի որ ստեղծվել էր հեղինակավոր հանձնաժողով, որը պետք է գնահատական տար կատարած աշխատանքին եւ կարծիք հայտներ գրախոսության մեջ արտահայտված տեսակետի վերաբերյալ:

Պատմության ինստիտուտի տնօրենը իր ելույթից հետո պատասխանեց լրագրողների հարցերին, նաեւ մեզ փոխանցեց Հայկ Դեմոյանի խմբագրմամբ հրատարակված «Կոթողային խայտառակության» պատասխանը՝ «Խայտառակության կոթողը» վերնագրով:

«Բոլոր խնդիրներին մեկ առ մեկ անդրադարձել ենք: Իմիջիայլոց, այս հատորները Աշոտ Մելքոնյանը չի գրել, գրել են շուրջ 60 հայագետներ: Երբ ստացվեց գրախոսությունը, հրավիրեցինք մեր բոլոր հեղինակներին եւ խնդրեցինք իրենց բաժինների վերաբերյալ տալ պարզաբանումներ, անհատապես ամեն մեկը ներկայացրեց իր կարծիքը, որից հետո ընդհանրացրինք եւ առանձին գրքույկով տպագրեցինք, ինչպես իրենք արել էին` խախտելով պայմանավորվածությունը»,-ասաց պարոն Մելքոնյանը:

 

Նա շեշտեց, որ իրենց դեմ ուղղված գրախոսության մեջ գիտամեթոդական բովանդակային բնույթի ոչ մի դիտողություն իրական հիմք չունի, նաեւ կոչ արեց համեմատել երկու գրքերը. «Մարտ ամսից մինչեւ հիմա ուղիղ մեկ տարի աշխատել են, որպեսզի գտնեն գոնե լեզվաոճական կամ տեխնիկական բնույթի սխալներ, իհարկե, տեխնիկական բնույթի սխալներ կան. տեքստում ռուսերեն կամ անգլերեն բառերը տառատեսակի փոխելու արդյունքում վերջին պահին տպագրելուց առաջ վերածվել են հիերոգլիֆների»,-նշեց նա:

Պատմության ինստիտուտի տնօրենն անդրադարձավ մի քանի խնդրի. «18-րդ դարի Արցախի, Սյունիքի մելիքությունները պետականության դրսեւորում են՝ մեր այս մտայնությունը, համոզմունքը կասկածի տակ է առնվում գրախոսների կողմից՝ պատճառաբանելով, որ դրա հատկանիշները չկան: Երկար-բարակ էջերը նշված են՝ դուք կհամոզվեք՝ մենք 17-18-րդ դարերում պետականություն ունեցե՞լ ենք, թե՞ ոչ:

Հաջորդը, երբ 1918 թ. սեպտեմբերի 15-ին Նուրի փաշայի զորքերը մտան Բաքու, այնտեղ բնաջնջեցին 30000 հայ: Պարոն Դեմոյանը վիճարկում է՝ ասում է, որ ուռճացված է թիվը, քանի որ Բախշի Իշխանյանը այդ մասին այլ կարծիք ունի: Մինչդեռ ինքը նկատել է միայն առաջին տողը, որտեղ գրվում է, թե միայն սրախողխող արվածները 13000 հոգի էին, իսկ թե հետագայում քանի մարդ սպանվեց, ինչ եղանակով, ինքը նկարագրում է որպես ականատես եւ տալիս է 29800 թիվը: Նույնիսկ 1957 թ. Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի կողմից հրատարակված մի գրքում ադրբեջանցի պատմաբանները խոստովանում են, որ կոտորվել է 30000-35000 մարդ:

Մենք ցեղասպանության բաժինն ավարտում ենք հետեւյալ խոսքերով, որ Հայոց մեծ եղեռնը մարդկության դեմ ուղղված ամենամեծ ողբերգությունն է ու հանցագործությունը՝ նկատի ունենալով Առաջին աշխարհամարտը: Մեր ընդդիմախոսները վիճարկում են այս հարցը. որքան էլ դա լինի մեզ՝ հայերիս համար այդպես, այն վիճելի է, քանի որ մարդկությունը տարածքային եւ մարդկային կորուստների առումով ավելի մեծ ոճրագործություններ է տեսել: Կներեք, բայց ես սա չեմ մեկնաբանում, որովհետեւ հայ մարդ եմ, եւ դա հարվածում է իմ սրտի ամենախորը հատվածներին:

Հաջորդն էլ այն է, որ ես Ջավախքից եմ, ինչի համար հպարտ եմ: Ժամանակին Հայկ Դեմոյանն իմ ատենախոսության դեմ փորձեց գրել եւ ստացավ պատասխան, որը մամուլում հրապարակվեց 2013 թ. նոյեմբերի 6-ին: Ասում է՝ իբր պատմությունը գրել ենք ջավախքակենտրոն տեսանկյունից, սա ե՛ւ ինձ է վիրավորում, ե՛ւ երկրացիներիս: Ջավախքը բավական ծանր սոցիալ-քաղաքական իրավիճակներ է ապրել, փառք Աստծո, որ սահակաշվիլիական միջավայրից ազատվել է եւ այսօրվա իշխանություններն ավելի բարյացակամ են…Մեր փոքրիկ հայ աշխարհը հակադրել մայրաքաղաք Երեւանին, անկեղծ ասած, ազնիվ չէ…

Մի փաստ էլ կա, որ ուղղակի սարսափեցնում է մարդու՝ իբր մենք չափից ավելի շատ ենք ներկայացնում 1915 թ. ապրիլի 24-ի լույս 25-ի դեպքերը, ձերբակալված հայերի թվաքանակը: Մեր գրախոսները գտնում են, որ մտավորականների 2800 թիվը արհեստականորեն ուռճացրել ենք»,-տարակուսանք է հայտնում պատմության ինստիտուտի տնօրենը:

Աշոտ Մելքոնյանը գերմաներեն կարդաց, ապա թարգմանեց թուրք պատմաբան Յուսուֆ Հալաջօղլուի «Հայկական հարց» գրքի 60-րդ էջում գրված հետեւյալ հատվածը. «Այդ հրամանով միայն Ստամբուլում ձերբակալվեց 2345 մարդ: Վիճարկվում է, որ թիվն ավելացրել ենք: Այդ դեպքում ինչո՞ւ է թուրք հայատյաց պատմաբան Յուսուֆ Հալաջօղլուն նման բան ասում` վկայակոչելով ռազմական եւ ներքին գործերի նախարարությունների արխիվը: Մենք հայերս երկար ժամանակ իմացել ենք, թե 600-800 հոգի են ձերբակալվել, մինչդեռ թուրք պատմաբանը ուզում է ցույց տալ, որ ոչ թե 600-800 պոտենցիալ ապստամբներ կային, այլ դրանք ավելի շատ էին՝ 2345 հոգի, որը իրական թիվն է»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ խնդրի գումարային մասին: Աշոտ Մելքոնյանը փաստեց, որ պետական սուղ միջոցներից 19 մլն դրամ է տրամադրվել 4000 տպաքանակով կոթողային աշխատանքը տպագրելու համար, ու որոշման ակունքներում էլ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր: Հետո 19 մլն-ը կրճատվել- դարձել է 17 մլն: Նրա հավաստմամբ, ամեն ինչ իրականացվել է մրցույթով, հաղթել է «Զանգակ» հրատարակչությունը, որին էլ փոխանցվել է ամբողջ գումարը: «Մենք աշխատել ենք գրոշներով: Նույնիսկ պարտք ենք մնացել «Զանգակին», որը պատրաստվում ենք փակել հատորները վաճառելուց հետո»,-հավելեց Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարտիկ says:

    Թուրքական լրտեսը Աշոտ Մելքոնյանն է՞, թե՞ Հայկ Դեմոյանը, որը Թուրքիայի նախագահի գալու առթիվ անջատում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերը։

  2. Աբրահամյան says:

    Ամոթ է: Կողքի հարևաններին նյութ եք տալիս: Էթիկայի սահմանները անցնում են արդեն:

  3. Ara says:

    Դեմոյանն իմ ատենախոսության դեմ փորձեց գրել եւ ստացավ պատասխան, որը մամուլում հրապարակվեց 1913 թ. նոյեմբերի 6-ին????????

    • Գոհար Հակոբյան says:

      Հարգելի Արա, շնորհակալություն, որ տեղեկացրիք վրիպակի մասին: Այն արդեն ուղղված է: Հարգանքով` Գոհար Հակոբյան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031