Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հաղթանակը եւ Ադրբեջանի պարտությունը՝ ըստ Գեւորգ Կոստանյանի (Տեսանյութ)

Մարտ 16,2017 16:45

«Ադրբեջանի հիմնական դիրքորոշումներից մեկն այն է, որ փախստականները վերադառնան իրենց տները, նոր մյուս հարցերը քննարկեն: Կարծում ենք, դրանով է պայմանավորված իրենց դիրքորոշումը, որ Հայաստանը պարտավորություն ստանձնի ադրբեջանցի փախստականների նկատմամբ: Նրանց նպատակն էր, որ մենք ստեղծենք պայմաններ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Ղարաբաղ»,- այսօր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում» լրագրողների հետ քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել էր Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, ինչպես նաև Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում մարտի 7-9-ը տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման հարցում։

Այդ վճիռները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է երկու տարի առաջ, բայց կողմերը դեռևս չեն կատարել դրանք։ ԵԽ նախարարների կոմիտեի պատվիրակները որոշում են ընդունել՝ ի գիտություն ընդունել Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացված տեղեկությունները։ Նաև հայկական կողմին հրավիրել են ներկայացնելու գործողությունների ծրագրով նախատեսված քայլերն ու արդյունքը՝ դատարանի որոշման իրագործման ուղիներն ու միջոցները քննարկելու համար։ Հայկական կողմն անցկացված քննարկման ժամանակ պնդել է, թե չի կարող ստանձնել Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարումը, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ իրական հնարավորություններ։ Առաջարկվել է ապահովել երեք պայման:

Մանրամասները`տեսանյութում

Ինչ վերաբերում է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանը, ապա պատվիրակները ընդունել են Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագիրը։ Ինչպես նաև Ադրբեջանի իշխանությանը հրավիրել են՝ մանրամասն տեղեկություններ ներկայացնելու այդ ուղղությամբ գործող աշխատանքային խմբի վերաբերյալ, որը կդառնա դատարանի առաջարկած մեխանիզմների ստեղծման պատասխանը՝ լուծելու նյութական հարցերը։

Պատվիրակները որոշել են նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի վերանայումը վերսկսել այս տարվա հունիսին կայանալիք նիստի ընթացքում։ Մարտի 7-9-ը տեղի ունեցածը Գեւորգ Կոստանյանը համարում է հայկական կողմի հաղթանակը եւ ադրբեջանական կողմի պարտությունը: Նա չի բացառում, որ դա կդառնա նախադեպային եւ ադրբեջանահայ փախստականները կհեղեղեն ՄԻԵԴ-ն`ընդդեմ Ադրբեջանի հայցերով:

Ուշագրավ է, որ մինչեւ անցյալ տարի նոյեմբեր ամիսը ադրբեջանական կողմը նույնպես պասիվ կեցվածք է ունեցել: Նոյեմբեր ամսից սկսել են պնդել, որ հարցը պետք է դեկտեմբերին քննարկվի: Հայկական կողմին հաջողվել էր այն հետաձգել մինչեւ մարտը: Առհասարակ, հայկական կողմը կարծում է, որ այս հարցը ԼՂՀ հարցի համատեքստում է, որն էլ Մինսկի խմբի ենթակայության ներքո է: Ադրբեջանի դիրքորոշմամբ պայմանավորված, հայկական կողմը պնդել է, որ հարցի քննարկմանը պետք է մասնակցի նաեւ ԼՂՀ- ներկայացուցիչը: Բավական երկար եւ կոշտ բանակցություններից հետո ԵԽ նախարարների կոմիտեում, Հայաստանի պատվիրակության կազմում, հարց քննարկմանը ներկա է գտնվել եւ հարցի շուրջ իր դիրքորոշումն է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը: Գեւորգ Կոստանյանը սա էլ է համարում աննախադեպ ձեռքբերում:

Մանրամասները`տեսանյութում

Հիշեցնենք, Էմիլ Բաբայանն ասել էր «Ցանկացած վճիռ, ցանկացած փախստականի կամ ցանկացած անձի իրավունքներ, որոնք որ առնչվում են «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործին, դրանք կարող են պաշտպանվել և կարող են վերականգնվել, կարող են փոխհատուցվել միայն Արցախի Հանրապետություն տարածքում: Սակայն այս պահին Ադրբեջանի Հանրապետության մեղքով ստեղծված իրավիճակում դրա մասին խոսելը դեռևս վաղ է: Ես ներկայացրեցի այն մի քանի նախապայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ընդհանրապես սկսվի որևէ հարցով փոխհատուցման կամ որևէ այլ մեխանիզմ ստեղծելու մասին խոսակցությունը: Որպեսզի կարողանանք որևէ վճռի կատարման մասին խոսել, նախ անհրաժեշտ է ապահովել անվտանգության մեխանիզմների ներդրումը Արցախի Հանրապետությունում, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, և ընդհանրապես լարվածության ընդհանուր թուլացում: Որովհետև այս պատերազմական պայմաններում, երբ ամեն օր սահմանում զինվոր է զոհվում, խոսել վճռի արդյունավետ կատարման մասին, կարծում ենք, անհնարին է»:

Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի բնակիչ Մինաս Սարգսյանը, հիշեցնենք, Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցում պնդել էր, որ 1992-ին նա իր ընտանիքի հետ ստիպված թողել է գյուղում գտնվող իր երկհարկանի տունն ու դարձել փախստական։ Մինաս Սարգսյանը վերջերս մահացել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031