Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի կուսակցական համակարգի կայացման հիմնախնդիրը նոր սահմանադրական իրականության պայմաններում

Մարտ 16,2017 16:32

Արտաշես Խալաթյան

ԵՊՀ ասպիրանտ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական,
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

• Խորհրդարանական կառավարման համակարգի պատշաճ գործառնման ինստիտուցիոնալ հիմքը կայուն և կայացած կուսակցական համակարգն է:
• Կուսակցությունների կայացման գործընթացի վրա ազդում են մի շարք գործոններ և մասնավորապես՝ կուսակցությունների կառուցվածքի և գործունեության հրապարակայնության և հաշվետվողականության սահմանադրական ու օրենսդրական համապատասխան երաշխիքները, կուսակցությունների խոշորացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ընտրական համակարգի ճիշտ ընտրությունը և այլն:
• Պարզ համամասնական ընտրակարգն օպտիմալ մեխանիզմ է անցումային ժողովրդավարություններում կուսակցությունների կայուն զարգացման համար խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում:
• Հայաստանի կուսակցական համակարգը չի համապատասխանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում ներդրված խորհրդարանական կառավարման ձևի օբյեկտիվ չափորոշիչ-պայմաններին` քաղաքական համակարգի ավանդական անձնակենտրոնության և գերհզոր նախագահի ինստիտուտի առկայության հետևանքով:
• Առանց կուսակցությունների կայացման, դրանց ներքին ժողովրդավարական կառուցակարգերի ամրապնդման և գործունեության ավանդական մեթոդների վերանայման խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանում չի կարող իրացնել իր ողջ ներուժը և կարող է միանգամայն օբյեկտիվորեն հանգեցնել փաստացի միակուսակցական համակարգի հաստատման:
• Քաղաքական համակարգում կուսակցությունների կարգավիճակի բարեփոխման համար հարկավոր է արմատապես վերանայել դրանց դերն ու նշանակությունը, օրենսդրական երաշխիքներ ստեղծել կուսակցությունների կայացման համար, այն է` օրենսդրորեն հստակ մեխանիզմներ սահմանել կուսակցությունների հրապարակային, թափանցիկ և հաշվետու գործելակերպի երաշխավորման համար, վերանայել գործող համամասնական-ռեյտինգային ընտրական համակարգն ու անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, աստիճանաբար ձևավորել կուսակցությունների գործունեության ժողովրդավարական քաղաքական ավանդույթ:

ՆԱԽԱԲԱՆ

Խորհրդարանական համակարգի հաստատումը Հայաստանում հավակնում է երկրաշարժի էֆեկտ ունենալ մեր երկրի հասարակական-քաղաքական կարգի համար: Հայաստանի երրորդ Հանրապետության 25-ամյա պատմության ընթացքում ձևավորված քաղաքական համակարգն այլևս համարժեք չէ նոր սահմանադրական իրողությանը, և դրա ապամոնտաժումն այլևս Սահմանադրության պահանջն է:

Այդուհանդերձ, գոնե ներկայումս հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կգործառնի նոր կառավարման մոդելը Հայաստանում՝ կդառնա՞ պետության բարենորոգման և առաջանցիկ զարգացման ինստիտուցիոնալ հիմքը, թե՞ կստեղծի սահմանադրական-քաղաքական սուր ճգնաժամեր` դրանցից բխող բոլոր բացասական հետևանքներով: Ամեն դեպքում միջին տարբերակ չի լինելու, քանզի նոր համակարգն էապես բարձրացրել է հասարակության և պետության սահմանադրական-քաղաքական հասունության և պատասխանատվության նշաձողը: Ուրեմն և կա երկու տարբերակ` կա՛մ հայրենի քաղաքական համակարգը ոչ հեռու ապագայում կհարմարվի «խաղի» նոր կանոններին, և մենք կարձանագրենք նոր որակի պետության կառուցման գործընթացի մեկնարկ, կա՛մ հայ հասարակության և քաղաքական ինստիտուտների ներուժը չի բավարարի նոր պահանջներին, ինչը կհանգեցնի պետության թուլացման:

Այս առումով ամենամեծ պատասխանատվությունը, թերևս, ընկած է Հայաստանի կուսակցական համակարգի վրա, որը պետք է ստանձնի քաղաքական և պետական որոշումների գեներացման գործառույթը և ուղղորդի հայոց պետականության նավը ներքին ու արտաքին քաղաքականության փոթորկալից հորձանուտում:

 

ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Խորհրդարանական կառավարման համակարգի փիլիսոփայության առանցքը քաղաքական իշխանության և կառավարման կոլեգիալության գաղափարն է: Դասական իմաստով պառլամենտարիզմը քիչ տեղ է թողնում անձերի և անձնիշխանության համար և հիմնված է կոլեգիալ քաղաքական ինստիտուտների վրա` կուսակցություններ, խորհրդարան, կառավարություն: Այս թվարկման հաջորդականությունն իսկ ցույց է տալիս, որ նշված եռամիասնության մեջ համակարգաստեղծ նշանակություն ունեն հենց կուսակցությունները: Ի վերջո, խորհրդարանական կառավարման ձևի դեպքում կուսակցություններն են այն միակ քաղաքական խողովակը, որի միջոցով ժողովուրդն իրականացնում է իր իշխանությունը` ձևավորելով օրենսդիր մարմին, որն էլ իր հերթին կազմավորում է պետաիշխանական մնացյալ համակարգը:

Կուսակցությունները խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում հանդիսանում են ժողովրդի իշխանության քաղաքական պատվիրակման շղթայի առաջնային օղակը[1]: Կուսակցություններն այն բանալին են, որով հասարակությունը գործարկում է պետական մեքենայի շարժիչը և ապահովում պետության մեխանիզմի բնականոն գործունեությունը[2]: Հետևաբար կուսակցությունների կայացվածությունը, դրանցում որոշումների ընդունման ժողովրդավարական կառուցակարգերի գործողությունը, ընտրություններին թեկնածուների առաջադրման գործընթացի թափանցիկությունն ու կուսակցությունների հանրային հաշվետվողականությունը, հստակ գաղափարախոսական-քաղաքական ծրագրի և տեսլականի առկայությունը, ինչպես նաև մի շարք այլ գործոններ ունեն անկյունաքարային կարևորություն ամբողջ պետական համակարգի ձևավորման և գործունեության սահմանադրականության համար, քանի որ պետական իշխանության բարձրագույն մարմինները, փաստորեն, ձևավորվում են կուսակցությունների կողմից, խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը ևս, ի վերջո, հանգում է խորհրդարանում ներկայացված որոշ կուսակցությունների ներկայացուցիչների քաղաքական համակեցությանը: Չմոռանանք նաև, որ ժողովրդավարական քաղաքական համակարգ ունեցող պետություններում Սահմանադրությունը, այդ թվում նաև Հայաստանի Սահմանադրությունը (հոդված 8) կուսակցությունների վրա դնում է ժողովրդի քաղաքական կամքի ձևավորման և արտահայտման առաքելությունը, ինչն արդեն իսկ հուշում է, որ կուսակցությունները պետք է ունենան սոցիալական զարգացման տեսլական` հիմնված հստակ և իրատեսական գաղափարախոսության ու քաղաքական ծրագրի վրա, որը ձևավորվում է ընտրողների հետ մշտական անմիջական և հետադարձ կապի ու շփումների արդյունքում: Կուսակցությունների քաղաքական ծրագիրը պետք է հիմնված լինի հասարակության տարբեր շերտերի շահերի ագրեգացման և համադրման վրա` շեշտադրելով որոշակի թիրախային սոցիալական խմբերի` որպես տվյալ կուսակցության առաջնային սոցիալական հենարանի:

Եթե կուսակցությունները կայացած չեն, չկան հստակ տարանջատված գաղափարական հոսանքներ, կաղում է կուսակցական կարգապահությունը, քաղաքական գործիչները չունեն քաղաքական մշակույթի անհրաժեշտ մակարդակ, անիմաստ է ակնկալել, որ խորհրդարանական կառավարման համակարգը կարող է իրացնել իր ողջ սահմանադրաիրավական և քաղաքական ներուժն ու ապահովել ժողովրդավարական և դինամիկ գործող հասարակական ու պետական կարգ: Ավելին, նման պայմաններում խորհրդարանական կառավարման համակարգը կարող է վերաճել ավտորիտարիզմի` միակուսակցական կառավարման, կամ մեկ կուսակցության, կամ քաղաքական բևեռի գերիշխանության ձևով:

Այստեղ կա ևս մեկ խնդիր: Կուսակցությունները նույնիսկ զարգացած ժողովրդավարություններում հանդիսանում են որոշակի շահերի վրա հիմնված մարդկանց միավորումներ, և միանգամայն բնական է, որ նրանց կորպորատիվ շահը կարող է և հակասության մեջ մտնել հանրային շահի հետ: Չէ որ քաղաքական գործիչները և նրանց ներկայացնող կուսակցությունները ձգտում են հնարավորինս երկար պահել իշխանությունը, ինչն օբյեկտիվորեն նրանց դարձնում է առավել զգուշավոր, որոշակիորեն ամբոխահաճո` հակված չլինելով գնալու հասարակության այս կամ այն հատվածին հուզող քաղաքական խնդիրների լիարժեք լուծման, արմատական փոփոխությունների, քանի որ դա կարող է հանգեցնել սոցիալական այլ խմբերի շրջանում իրենց քվեների նվազման: Նաև դրանով պայմանավորված` քաղաքական կուսակցությունները հակված են վերաճել փակ կառույցների և հանրային շահի սպասարկման իրենց հիմնական գործառույթի իրականացումը ստորադասել անձնական կամ խմբային շահերին: Հետևաբար, եթե չլինեն համապատասխան սահմանադրական – իրավական զսպիչ մեխանիզմներ, կուսակցությունները փաստացի կարող են իրենցով փոխարինել հանրային-պետական ինստիտուտները և խորհրդարանական կառավարման համակարգը վերածել կուսակցապետության:

Նման հակազդման մեխանիզմ է, օրինակ, խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում պետության գլուխը, ով, որպես կանոն, անկուսակցական է: Այդպիսին է միապետը խորհրդարանական միապետություններում` Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և այլուր, կամ նախագահը՝ Գերմանիայում, Իսրայելում, սահմանադրական փոփոխություններից հետո` նաև Հայաստանում: Անկուսակցական պետության գլխի ինստիտուտի առկայությունը թույլ է տալիս հավասարակշռել հանրային և պետական շահն ու քաղաքական համակարգի սուբյեկտների քաղաքական շահերն ու նկրտումները` ապահովելով սահմանադրական կարգի կենսունակությունը: Տարբեր պետությունների սահմանադրություններով կամ ընթացիկ օրենսդրությամբ նախատեսված են պետական պաշտոններ, որոնց ստանձնումը թույլատրվում է միայն անկուսակցական անձանց` գլխավոր դատախազ, ոստիկանապետ, կենտրոնական բանկի նախագահ և այլն, նախատեսված են նաև կուսակցությունների ներքին ժողովրդավարության, ֆինանսական թափանցիկության վերաբերյալ պահանջներ: Բնականաբար, շատ կարևոր է նաև հասարակության և պետության իրավագիտակցության և սահմանադրական մշակույթի բարձր աստիճանը, լայն իմաստով՝ ժողովրդավարական քաղաքական ավանդույթի առկայությունը, երբ քաղաքականության սուբյեկտների սահմանադրական վարքագիծը վաղուց արդեն դարձել է օրինակելի նորմ, որն ապահովվում է ոչ միայն պետության, այլև քաղաքացիական հասարակության ջանքերով: Ամուր սոցիալական իմունիտետով քաղաքացիական հասարակության գոյությունն ուժեղ կռվան է, որը սահմանափակում է կուսակցությունների քաղաքական սուբյեկտիվիզմը և թույլ չի տալիս, որպեսզի քաղաքական ուժերը դառնան փակ բյուրոկրատական կառույցներ:

Խորհրդարանական կառավարման համակարգի կենսունակ գործունեության և սահմանադրական կարգի ընդհանուր կայունության համար կարևոր է նաև, որպեսզի քաղաքական դաշտը բաժանված չլինի բազմաթիվ փոքր կուսակցությունների, այլ լինեն առավելագույնը 4-5 խոշոր և գաղափարական հստակ ու ինքնուրույն ուղենիշներով քաղաքական ուժեր, որոնք, ունենալով կայուն ընտրազանգված և սոցիալական համապատասխան հենարան, ունակ լինեն առանձին կամ կոալիցիայի ձևով խորհրդարանում կազմավորել կայուն մեծամասնություն և ձևավորել գործունակ կառավարություն:

Կայուն, խոշոր կուսակցությունների առկայությունն այլ հավասար պայմանների պարագայում վկայում է կուսակցական համակարգի որոշակի կայացվածության մասին և նախադրյալներ է ստեղծում կայուն և գործունակ օրենսդիր ու գործադիր իշխանության ձևավորման համար: Նման համակարգեր են գործում Իսրայելում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում և այլուր: Նշված պետություններում կայուն կուսակցական համակարգը թույլ է տալիս որոշակիորեն չեզոքացնել խորհրդարանական կառավարման համակարգի կառուցակարգային հիմնական ռիսկերից մեկը`խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը և որպես դրա հետևանք` կառավարությունների հաճախակի փոփոխությունը, ինչը բացասաբար է ազդում պետության սահմանադրական կայունության և զարգացման վրա:

Հատկանշական է, որ կուսակցությունների խոշորացման խնդրին մեծ կարևորություն է տրվել նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում, որում նշվում է երկբևեռ քաղաքական համակարգի ձևավորման կարևորության մասին, որի հնարավորություններն ընձեռում է նոր` խորհրդարանական կառավարման համակարգն ու դրա համատեքստում խորհրդարանի դերի բարձրացումն ու կայուն ընտրական համակարգի սահմանումը[3]:

Խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում կուսակցությունների համարժեք դերի և նշանակության ամրապնդման համար շատ կարևոր է նաև ընտրական համակարգը: Ընտրական համակարգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից յուրաքանչյուրն ունի տարբեր նշանակություն և առաքելություն, կենտրոնանում է որոշակի թիրախային հարցերի վրա: Օրինակ, մեծամասնական ընտրակարգի հիմնական նշանակությունը քաղաքականությունը շարքային ընտրողին ավելի մոտ դարձնելն է, երբ յուրաքանչյուր ընտրատարածքի բնակիչներ կկարողանան ընտրել իրենց պատվիրակներին խորհրդարանում, որոնք կներկայացնեն և կպաշտպանեն իրենց շահերը: Միևնույն ժամանակ, դասական մեծամասնական համակարգը կայուն և կայացած կուսակցությունների առկայության դեպքում կարող է լուծել նաև կառավարման կայունության խնդիրը, քանի որ կուսակցությունները, տեղերում ունենալով գործունակ կառույցներ և ընտրողների հետ գրագետ աշխատելով, կարող են առաջադրել ընտրողների վստահությունը վայելող թեկնածուների, ովքեր, շնորհիվ նրա, որ յուրաքանչյուր ընտրատարածքից ընտրվում է միայն մեկ թեկնածու, կկարողանան հաղթել իրենց մրցակիցներին և այդպիսով ապահովել նաև իրենց կուսակցության հաղթանակը կամ պատկառելի ներկայությունը խորհրդարանում: Այդպիսով, խոշոր կուսակցությունները կարողանում են դուրս մղել փոքրերին ու ձևավորել կայուն մեծամասնություն խորհրդարանում և գործունակ կառավարություն: Անկատար կուսակցական համակարգի պայմաններում մեծամասնական ընտրակարգը հանգեցնում է կուսակցությունների ռեսուրսի փոշիացմանն ու պառակտմանը և որպես հետևանք` քաղաքականության գերանձնավորմանը, համապետական և տեղական շահերի ներկայացվածության միջև համամասնության խախտմանը: Նման պայմաններում դժվար է ակնկալել, որ խորհրդարանում կձևավորվի գործունակ և կարգապահ մեծամասնություն, որն ի վիճակի կլինի ձևավորել «աշխատող» կառավարություն և ապահովել սահմանադրական կայունությունը երկրում:

Համամասնական ընտրական համակարգի պայմաններում քաղաքական ուժերը հայտնվում են շահեկան վիճակում, քանի որ խորհրդարանի ձևավորման ողջ գործընթացը կատարվում է կուսակցական ցուցակներով, և այդպիսով կուսակցությունները հնարավորություն են ստանում ընտրությունների արդյունքում անվերապահորեն ձևավորել օրենսդիր և գործադիր իշխանություն: Կարծիք կա, որ տեղական շահերը համամասնական ընտրակարգի պայմաններում ստորադասվում են համապետական շահին: Այդուհանդերձ, անցումային ժողովրդավարական համակարգերում նախընտրելի է հենց խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարզ համամասնական համակարգի կիրառումն այն պատճառով, որ կուսակցությունները նման պետություններում չունեն կուռ կազմակերպական կառուցվածք, գաղափարախոսական հենք և չեն տիրապետում ընտրողների հետ աշխատելու և սեփական վարկանիշը բարձրացնելու տեխնոլոգիաներին, որոնք վաղուց արդեն օրինաչափություն են արևմտյան կայացած քաղաքական համակարգերում: Այլ կերպ ասած` կուսակցությունները հատկապես խորհրդարանական կառավարման ձևի պարագայում ունեն որպես կուռ և դինամիկ քաղաքական-կազմակերպական և գաղափարական միավորներ կայանալու խնդիր, քանզի ժողովրդի կողմից ընտրվող ուժեղ նախագահի ինստիտուտի բացակայությունը կուսակցությունների վրա է դնում պետության կառավարման համար հիմնական քաղաքական և իրավական պատասխանատվությունը: Պարզ համամասնական ընտրակարգն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կուսակցությունների նշված խնդիրների լուծման համար, քանի որ մի կողմից թուլացնում է անհատի դերը քաղաքական գործընթացներում, ինչը կարևոր է խորհրդարանական կառավարման համակարգի բնականոն գործառնման համար, թույլ է տալիս քաղաքացիներին ընտրություն կատարել ոչ այնքան կամ ոչ միայն անձերի, այլ կուսակցութունների գաղափարների և ծրագրերի միջև, ընտրողների գիտակցությունում ձևավորում է հստակ կապ կուսակցության և նրա քաղաքական ծրագրի միջև, ինչը թույլ կտա հետագայում արձանագրել, թե խորհրդարան անցած կուսակցություններն ինչպես և որքանով են առարկայացնում իրենց նախընտրական ծրագրային դրույթները պետության քաղաքականության մեջ:

Այս ամենը մի կողմից նպաստում է կուսակցությունների կայացմանը` որպես ամենօրյա ռեժիմով գործող կազմակերպություններ, ընտրողների հետ ուղղակի և հետադարձ կապի միջոցով խթանում է կուսակցությունների «բրենդավորման» գործընթացը, իսկ մյուս կողմից կուսակցությունների մոտ ստեղծում է միավորման անհրաժեշտության գիտակցում, քանզի խորհրդարանական կառավարման պարագայում խորհրդարանում մեծամասնություն ստանալու կամ ներկայացված լինելու համար կուսակցություններից պահանջվելու է առավել մեծ քաղաքական, ֆինանսական և այլ ռեսուրսներ, որոնց, առանձին վերցրած, փոքր կուսակցությունները չեն տիրապետում, բայց կարող են ունենալ, եթե միավորվեն: Իսկ խոշոր կուսակցությունների առկայությունը, ինչպես նշվեց, կայունացնող ազդեցություն է ունենում քաղաքական համակարգի վրա և հատկապես պառլամենտական համակարգի պարագայում դառնում է ներքաղաքական և սահմանադրական կայունության երաշխիքներից մեկը:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ պարզ համամասնական համակարգն առնվազն անցումային շրջանում թույլ է տալիս խթանել կուսակցական շինարարության և կուսակցությունների կայացման գործընթացը և բարենպաստ պայմաններ ստեղծել խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետ գործողության համար:

Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգի այլ դրսևորումներին, մեծամասնական ընտրակարգին կամ մեծամասնական և համամասնական ընտրակարգերի խառը մոդելին, ապա այս ընտրական համակարգերը, ունենալով որոշ՝ երբեմն նաև ակնառու դրական կողմեր, այդուհանդերձ, կիրառելի են առավելապես զարգացած ժողովրդավարական համակարգերում, որտեղ գործում են կայացած պետական ինստիտուտներ և զանգվածային կուսակցություններ, հասարակությունն ունի ավելի բարձր իրավագիտակցություն և այլն: Պատահական չէ, որ նշված ընտրակարգերը գործում են հենց առաջադեմ եվրոպական երկրներում` Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում և այլուր:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Խորհրդարանական կառավարման համակարգի գործառնման արշալույսը Հայաստանի կուսակցական համակարգը դիմավորում է իրավական և քաղաքական բազմաթիվ խնդիրներով: Թերևս, ճիշտ կլինի փաստել, որ Հայաստանում ներդրվող կառավարման մոդելն իր բնույթով ավելի առաջադիմական է, քան այն սոցիալական միջավայրը, որում այն պետք է գործի: Սրա պատճառները բազմաթիվ են և հանգում են անկախությունից ի վեր Հայաստանում արմատավորված անձնակենտրոն քաղաքական ավանդույթին: Վերջինիս հիմքերը դրվեցին 1991թ., երբ Հայաստանում սկզբնավորվեց նախագահակենտրոն համակարգը, որը բյուրեղացավ 1995թ. Սահմանադրության ընդունմամբ:

Նախագահի ինստիտուտի գերարժևորումը և փաստացի անսահմանափակ լիազորություններով օժտումը դարձավ կուսակցությունների զարգացման հիմնական արգելակներից մեկը: Նախագահի ինստիտուտը չավարտված պատերազմի և սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրների պայմաններում որոշ առումով սկսեց օբյեկտիվորեն սահմանափակել քաղաքական համակարգի ժողովրդավարացման գործընթացը և ձևավորել իշխող կուսակցության հեգեմոնիայի վրա խարսխված, գործնականում որևէ սահմանադրական և քաղաքական հակակշռով չկաշկանդված անձնիշխանական քաղաքական-պետական համակարգ:

Սկզբնական շրջանում, որքան էլ պարադոքսալ հնչի, Հայաստանում կար նման իշխանական ուղղահայացի ձևավորման որոշակի սոցիալական պահանջարկ: Արտաքին քաղաքական վտանգաշատ իրավիճակը, կապիտալիստական-լիբերալ կացութաձևի անցման հետևանքով օրախնդիր դարձած սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումները, պետականության ավանդույթների բացակայության հետևանքով քաղաքական կուսակցությունների և մյուս կոլեգիալ քաղաքական ինստիտուտների անկատարությունը հասարակության մոտ «ուժեղ ձեռքի»՝ ինչ-որ առումով հիմնավորված անհրաժեշտություն էին առաջացրել: Այդ պատճառով նախագահը փաստացի դարձավ քաղաքական համակարգի միակ կենսունակ և լեգիտիմ ինստիտուտը` իր ձեռքում կենտրոնացնելով ընդարձակ լիազորություններ, որոնց մի մասը չուներ սահմանադրաիրավական հիմք, այլ իրականացվում էր մնացյալ քաղաքական ինստիտուտների ոչ պատշաճ գործունակության հետևանքով:

Նման դեպքերի համար դիպուկ է արտահայտվել պրոֆեսոր Ա. Հարությունյանը, ով գտնում է, որ, եթե պետության քաղաքական համակարգն ու պետական ինստիտուտները կայացած չեն, հասարակության իրավագիտակցության մակարդակը դեռևս թույլ չի տալիս ընկալել պառլամենտարիզմի էությունը, և որպես արդյունք՝ հանրությունը հակված է անձնավորել իշխանությունը, անկախ նախագահի սահմանադրական լիազորությունների ծավալից և հակակշիռներից ու զսպումներից՝ նրա փաստացի լիազորությունները կարող են գերազանցել Սահմանադրությամբ կանխորոշված շրջանակները: Այստեղ շատ բան կախված է նախագահի անձնական հատկանիշներից[4]:

Նախագահի` որպես անձ-ինստիտուտի նման կարգավիճակը ներքաղաքական հարթությունում նրան դարձրեց քաղաքական պատասխանատվության հիմնական սուբյեկտ, իսկ քաղաքական կուսակցությունները փաստացի դադարեցին գործուն մասնակցություն ունենալ պետության կառավարմանը: Այդ պատճառով խորհրդարանը ևս, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, ըստ պատշաճի չէր իրականացնում իր օրենսդրական և վերահսկողական գործառույթները: Նույնը վերաբերում է նաև կառավարությանը: Այս զարգացումներն անխուսափելիորեն հանգեցրեցին Հայաստանի քաղաքական կյանքի գերանձնավորմանը: Կուսակցությունները չդարձան ժողովրդի քաղաքական կամքի ձևավորման և արտահայտման խողովակը, այլ, փոխարենը, սկսեցին սպասարկել ուժեղ քաղաքական անհատների անձնական նկրտումները` թերանալով կուսակցաշինության գործում: Այս առումով, թերևս, առանձնանում է իշխող կուսակցությունը, որը նախագահի քաղաքական հենարանը լինելու ուժով ձեռք է բերել որոշակի կայուն կազմակերպական կառուցվածք և քաղաքական դիմագիծ: Սակայն այս իրողությունը հիմնականում պայմանավորված է նախագահի ինստիտուտի ազդեցությամբ, այլ ոչ թե կուսակցության բնականոն ներքին զարգացմամբ:

Այսօր արդեն, երբ սահմանադրական փոփոխությունների հետևանքով իրավիճակը կտրուկ փոխվել է, կուսակցությունները կանգնել են իրենց անցած քաղաքական ուղին վերաիմաստավորելու և արմատական վերափոխման հրամայականի առջև: Մասնավորապես, առաջնահերթ խնդիր է նրանց անձնակենտրոնության նվազեցումը, կուսակցությունների կառավարման ժողովրդավարական ապարատի ձևավորումը, քաղաքական ուժերի խոշորացման խթանումը և արդյունքում՝ բազմաթիվ փոքր, սոցիալական բավարար հենարան չունեցող, գաղափարախոսության իմաստով միմյանց կրկնող կուսակցությունների միավորումը կամ ավելի խոշորների կողմից դրանց կլանումը և մի քանի զանգվածային կուսակցությունների առաջացումը, որոնք կունենան հստակ գաղափարախոսական տարանջատվածություն, քաղաքական ծրագիր և կայուն սոցիալական հենարան:

Այս համատեքստում ընթացող զարգացումները, ցավոք, բավարար վստահություն չեն ներշնչում կուսակցական համակարգի շուտափույթ զարգացման առնչությամբ: Մասնավորապես, «Կուսակցությունների մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներում անպատասխան են մնացել այնպիսի հարցեր, ինչպիսիք են` կուսակցությունների կառավարման ներքին ժողովրդավարական մեխանիզմների և երաշխիքների սահմանումը, կուսակցության ընտրական ցուցակների կազմման, թեկնածուների առաջադրման հրապարակայնությունը, կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության ապահովման երաշխիքները և այլն: Ավելին` Ընտրական օրենսգրքով նախատեսված բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը կուսակցությունների ինստիտուցիոնալ զարգացումը խթանելու փոխարեն ուժեղացնում է անձի գործոնը կուսակցությունների մրցակցությունում, բացասաբար է ազդում կուսակցությունների կոնսոլիդացման և խոշորացման գործընթացի վրա և արդյունքում թուլացնելով կուսակցությունների քաղաքական ռեսուրսը՝ պարարտ հող ստեղծում առանձին ընտրատարածքներում ազդեցության խմբերի վարչա-ֆինանսական լծակների կիրառման համար:

Այս իրավիճակում տրամաբանական է, որ մենք ականատեսն ենք դառնում ոչ այնքան գաղափարական պայքարի, ընդհանուր արժեքների վրա հիմնված կուսակցական դաշինքների և միավորումների ձևավորման, որքան խոշոր կապիտալի տիրապետող անձանց շուրջ արհեստական միավորումների, որոնք չունեն ո՛չ հստակ գաղափարական հենք և ո՛չ էլ իրատեսական քաղաքական ծրագիր:

Այսպիսի կուսակցական համակարգի պայմաններում առաջիկա խորհրդարանական ընտրություններում միանգամայն հավանական է փաստացի միակուսակցական համակարգի հաստատումը, քանի որ միայն իշխող կուսակցությունն է, որ տիրապետում է բավարար ռեսուրսների թե՛ ներկուսակցական բարեփոխումների իրականացման և թե՛ քաղաքական անհրաժեշտ գործիքակազմով (նոր քաղաքական ծրագիր, թարմ կադրեր և այլն) հանրությանը ներկայանալու համար: Անշուշտ, այս հեռանկարն ամենևին ոգևորիչ չէ, սակայն ունի օբյեկտիվ հիմքեր, որոնց վերացումը և մրցակցային քաղաքական համակարգի ձևավորումը պետք է դառնան Հայաստանի քաղաքական դասի` առաջիկա տարիների մտահոգության գլխավոր առարկան:

Այս համատեքստում հարկ է առանձնացնել նաև քաղաքացիական հասարակության դերը քաղաքական մշակույթի զարգացման և նոր որակի քաղաքական համակարգի ձևավորման գործում: Ի տարբերություն կուսակցությունների, որոնք չեն կարողանում վեր կանգնել նեղ կոնյուկտորային շահերից և իրավամբ ստանձնել հանրային-քաղաքական նոր օրակարգի ձևավորման գործը, քաղաքացիական հասարակությունը վերջին տարիներին արձանագրել է բավականին հուսադրող հաջողություններ իրավագիտակցության բարձրացման, քաղաքական ակտիվիզմի աճի, հասարակությանը հուզող խնդիրների ձևակերպման և առաջմղման առումներով: Այս հանգամանքը հույս է ներշնչում, որ հասարակության ներսում գեներացվող առողջ քաղաքացիական գործընթացները, երիտասարդության` նոր սերնդի աստիճանական ներգրավումը հանրային-քաղաքական գործընթացներում ի վերջո կտան իրենց արդյունքը` բարեշրջելով հայ հասարակության և պետության զարգացման կեսդարյա հարացույցը:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

[1] Տե՛ս Müller W. C. Political parties in parliamentary democracies: Making delegation and accountability European Journal of Political Research 37, 2000, էջ 310

[2] Տե՛ս Силаев В. С., Роль партий в политической системе РФ, https://cyberleninka.ru/article/n/rol-partiy-v-politicheskoy-sisteme-rossiyskoy-federatsii , էջ 19

[3] Տե՛ս Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ /մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից, Երևան, 2014թ. հոկտեմբեր, https://moj.am/storage/uploads/ Sahmanadrakan. barepokhumner. 14.10.pdf, էջ 35-36

[4] Տե՛ս Арутюнян А. Ш., Институт президента в постсоветстких республиках: конституция и политическая реальность(Сравнительно-правовой анализ),Ереван, Петакан цараютюн, 2006, https://hrlibrary.umn.edu/russian/hrtsbook/Rinstituteofpresident.html#_Toc113431802

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031