Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյանն իր՝ «թուրքական լրտես լինելու» եւ Դեմոյանի ատենախոսության մասին (Տեսանյութ)

Մարտ 16,2017 16:10

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ իրեն չսիրելու պատճառը, որ անընդհատ այս թեմայով աղմուկ է բարձրանում:

«Պատասխանը պարզ է: 2012թ. փետրվարի 28-ին նա այստեղ ատենախոսություն պաշտպանեց, ու ես իրեն բարեկամաբար խնդրեցի՝ լեզուն փոխի’ր, հայագիտական ինստիտուտի տնօրենին վայել չէ ռուսերենով պաշտպանելը: Այս առիթով Ալբերտ Մուշեղյանն էլ գրեց մի գրախոսություն՝ «Սադախլոյի ռուսերենով գրած ատենախոսությունը» վերնագրով: Ես Դեմոյանին խնդրեցի հանել նաեւ ատենախոսության ամենասարսափելի եզրահանգումը, որ իբր Արցախյան խնդրում Թուրքիան հանդիսանում է կոնֆլիկտի կողմ: Մինչդեռ, եթե Թուրքիան կոնֆլիկտի կողմ լիներ, կնշանակեր Կուր-Արաքսի եւ Ախուրյանի երկայնքով պատերազմ է ընթանում: Կոնֆլիկտի կողմ, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը չէ, կոնֆլիկտի կողմեր միայն Արցախն ու Ադրբեջանն են: Ինքն ասաց, որ որպես գիտնական իրավունք ունի ունենալու իր կարծիքը, ես էլ ասացի, որ որպես խորհրդի նախագահ՝ նման փաստաթղթի տակ ստորագրություն չեմ դնի ու չմասնակցեցի այդ պաշտպանությանը: Բայց ինքը ի վերջո դարձավ դոկտոր, թեեւ երկու անգամ ԲՈՀ-ը մերժել էր նրա աշխատանքը, ինչից հետո ԲՈՀ-ի դեմ արշավ էր սկսվել: Դրանից հետո ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին պաշտոնանկ արեցին, եւ Դեմոյանը դոկտոր դարձավ: Փառք Աստծո, որ դարձավ:

11 տարի հետո էլ նա սկսեց գրել, որ ես գրագողություններ եմ արել՝ տողատակում պարսկերեն օգտագործելով, մինչդեռ բացում տեսնում ես, որ դա իմ աշխատանքն է՝ պարսկերեն թարգմանված: Ինքս ինձ հղում էի արել, մինչդեռ ինքն ինձ գրագող էր համարում:

Մի փոքր հանդարտվել էր, ընդհուպ այն պահը, երբ հայտարարեց, որ ես թուրքական լրտես եմ եւ Հայաստանի 10 ղեկավարներից 9-ը թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցում են: Միայն ինձ բացահայտեց, եւ թուրքական որոշ թերթեր էլ գրեցին, որ նույնիսկ իրենց գործակալներին բացահայտելու համար նման կարեւոր պաշտոնի մարդն է գործի մեջ մտել: Սա ամոթալի բան էր:

Ես լռել եմ, քանի որ մեր ժողովրդի նրբագույն խնդիրների հետ գործ ունենք եւ ամոթ է, որ երկու հայագիտական հաստատություն խնդիր ունենան անձնական դրդապատճառներով»,-նշեց պարոն Մելքոնյանը:

Նա հավելեց. «2016 թ. մարտին Հայկ Դեմոյանը ներկայացրել էր իր թեկնածությունը՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրման կոնցեպցիայի հեղինակ, որին ես էլ եմ մասնակցել՝ «թուրքական լրտես լինելով» հանդերձ: Այն, որ Աճառյանն էլ է եղել, դա ինձ հանգստացնում է, նրա դեմ էլ են ժամանակին նման բաներ գրել (ժպտում է- Գ. Հ.): Ես գնացել մասնակցել եմ ե՛ւ Ցեղասպանության թանգարանում եւ նախագահականում՝ այս խնդրի քննարկմանը, ու երբ 2016 թ. նրա ներկայացրած թեկնածությունը մերժվեց հանձնաժողովի կողմից, եւ մեկ ուրիշը նախագահի մրցանակը ստացավ, նորից ինքը ինձ թիրախավորեց: Ընդ որում, ինձ թիրախավորելով՝ նա ձեռնոց նետեց ամբողջ հայագիտությանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031