Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը: Սա ըստ նախարարի, գյուղատնտեսական հողատարածքների արդյունավետ օգտագործման եւ ապրանքային արտադրության կազմակերպման համար նպաստավոր պայմաններ կստեղծի:
Նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասաց, որ եթե գյուղատնտեսության ոլորտում մեխանիզացիայի խնդիրները չլուծեն, առաջընթաց չեն ունենա:
Նախարարը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց ծրագիրը:
Իգնատի Առաքելյանն ասաց, որ կառավարության որոշման հաստատումից հետո նախարարության կայքում կտեղադրեն, թե որ լիզինգային ընկերություններին ու մատակարարողներին. «Եվ ցանկացած հարցով գյուղնախարարությանը դիմեն, որպեսզի պահանջարկը բավարարենք: Իհարկե, սա այն ամբողջ գումար չէ, որ կարող է Հայաստանում գյուղտեխնիկայի թարմացման հարցը լուծել, բայց սա սկիզբն է: Կտեսնենք՝ պահանջարկն, իրականությունը եւ ըստ այդմ կշարժվենք»:
Առաքելյանի ներկայացմամբ՝ մոտ 2.2 միլիարդ դրամի գյուղտեխնիկա կիրացվի լիզինգային այս ծրագրով, իսկ պետությունը մոտ 120 միլիոն դրամի կսուբսիդավորի. «Բացի սրանից, հիմա քննարկում ենք ծրագիրը կենտրոնացված մեքենատրակտորային կայան ստեղծելու եւ ծառայություն մատուցելու այն փոքր տնտեսություններին, որոնք հնարավորություն չունեն գյուղտեխնիկա գնել»:
Կարդացեք նաև
Ծրագրից օգտվելու պայմանների մասին էլ նախարարն ասաց, որ, այսպես ասած՝ ունեւոր հայտատուն պետք է 20% կանխավճար կատարի, իր վարկունակությունը հիմնավորի, պետք է դիմի տվյալ լիզինգային ընկերությանը եւ գնում կատարի: Իսկ չունեւորն էլ ծառայություն ստանալու համար պետք է դիմի այն ունեւորներին, որոնք ունեն տրակտոր եւ ծառայություններ են մատուցելու: Այս ծառայություններն, ինչպես վստահեցրեց նախարարը, վճարովի են լինելու, շուկայական հարաբերություններ են. «Կլինեն ընկերություններ, որոնք ունեն մի քանի գյուղտեխնիկա եւ մեկ օրով ծառայություն կմատուցեն, եւ կլինեն ընկերություններ, որոնք չունեն գյուղտեխնիկա եւ այդ ծառայությունները կգնեն»:
Պարոն Առաքելյանն ասաց, որ օրինակ տրակտորի համար վարկի մարումը 6 տարի է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ