«Ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապած 700-ից ավելի հայց է ներկայացվել եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի»,- այդ մասին այսօր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ, ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
ՀՀ կառավարությունը պաշտոնապես ծանուցվել է եվրոպական դատարանի կողմից. «Մենք արդեն ներգրավված ենք պաշտոնապես այդ դատավարության մեջ որպես երրորդ կողմ, դեռևս ժամկետ ունենք ներկայացնելու մեր դիրքորոշումն այս հարցերի կապակցությամբ»:
Ադրբեջանի կառավարությունը ևս հայտարարեց, որ շուրջ 500-600 հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի: Այս առիթով Գեւորգ Կոստանյանն ասաց.
«Իրենք կարող են ավելի մեծ թիվ էլ ներկայացնել, հարցի երկրորդ կողմն է, բայց փաստը հետևյալն է, որը շատ կարևոր է. ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցերով Հայաստանը պատասխանող կողմ է, Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերով Հայաստանը երրորդ կողմ է: Բայց երկու դեպքում էլ Հայաստանը եվրոպական դատարանի կողմից ծանուցվում է»:
Այս պահին, ըստ Գեւորգ Կոստանյանի, Հայաստանը ծանուցվել է Ադրբեջանի կողմից ներկայացված 500 գործից ընդամենը 5-ով: Ստացվում է, որ եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված գործերով դեռևս 5 գործ է վարույթ ընդունվել, իսկ Ադրբեջանի դեմ ներկայացրած գործերից 23 գործ արդեն վարույթ է ընդունվել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ