Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ վճիռներն ավելացել են. Գեւորգ Կոստանյանի պարզաբանումները

Մարտ 16,2017 15:16

2016 թվականին ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ քննված հայցերի թիվը 60 տոկոսով աճել է: Հայաստանի դեմ կայացվել է 15 վճիռ, որից 13-ն առնվազն մարդու իրավունքների 1 խախտում է պարունակել: Այս թվերը 2015 թվականի համեմատ ավելացել են. ի՞նչ կարող է անել Հայաստանի կառավարությունը, որպեսզի նվազի նման վճիռների թիվը` նման հարց այսօր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ լրագրողներն ուղղեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին:

«Պետք է այնպես անել, որ ներպետական մակարդակում քիչ խախտվեն մարդու իրավունքները»,- պատասխանեց Գեւորգ Կոստանյանը:

Ըստ բանախոսի, Հայաստանը միակ երկիրը չէ, որի դեմ ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացնում. «Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների դեմ, ինչպես նոր ժողովրդավարության երկրների, այնպես էլ հին (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) կայացվում են վճիռներ՝ ճանաչելով այս կամ այն իրավունքի խախտում»: Այսինքն, այն հանգամանքը, որ վճիռներ են կայացվում ընդդեմ Հայաստանի, ճանաչվում են խախտումներ, առանձնահատուկ մոտեցում չէ: Այլ հարց է, որ բոլոր երկրները, այդ թվում Հայաստանը, պետք է ձեռնարկեն և ձեռնարկում են բոլոր այն միջոցները, որոնք պետք է նվազագույնի հասցնեն»:

Ըստ բանախոսի, այս առումով, միջոցներ պետք է ձեռնարկեն բոլոր պետական մարմինները: Ամենամեծ դերակատարումը, սակայն, ունի դատական համակարգը, որովհետև կապ չունի, թե որ ոլորտում է անձի իրավունքը խախտվում կամ իրացվում, այդ հարցը բոլոր դեպքերում քննարկման առարկա դառնում ներպետական դատարանում. «Ներպետական դատարանը պետք է լինի այնպիսին, որ եթե անգամ որևէ ոլորտում խախտվել է մարդու իրավունքը, դատական գործընթացի ընթացքում, արդարադատության արդյունքում շտկվի այդ սխալը: Մեծ բեռը, պատասխանատվությունը, իհարկե, ընկնում է դատարանների վրա: Երբ որ դատարանը չի վերականգնում մարդու իրավունքը, նոր ունենում ենք ՄԻԵԴ վճիռներ, որով ճանաչվել է խախտման փաստը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031