Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կգնահատի Ջրառատ համայնքի աղմկահարույց դեպքերն այս նախընտրական շրջանում, ասաց. «Դատապարտում եմ եւ կարծում եմ՝ պետք է օրենքի առջեւ պատասխան տան, պարտադիր»:
Հարցին՝ հիմնականում ՀՀԿ-ի թեկնածուների միջեւ են բախումներ տեղի ունենում, սա կանխատեսելի՞ էր, նախարարը պատասխանեց. «Ոչ միայն: Ցանկացած կուսակցություն մեր հասարակության հայելին է, եւ ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ անկախ կուսակցական պատկանելությունից»:
Դիտարկմանը՝ հիմնականում վարկանիշային թեկնածուներն են իրար դեմ դուրս եկել, Ամիրյանը պատասխանեց՝ «Դա փաստում է, որ հասարակության մեջ մշակութային պակաս կա, մենք պետք է լրացնենք դա»:
Ամիրյանը նաեւ ասաց, որ ՀՀԿ-ի հնարավորությունները այս խորհրդարանական ընտրություններին շատ բարձր է գնահատում, որովհետեւ ՀՀԿ-ի ծրագրերը շատ իրատեսական են:
Կարդացեք նաև
Նախարարը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, հիմնավորելով՝ ժամը հարմար չէ, աշխատանքային է, լրագրողներն էլ հարցեր տալով դրդում են օրենք խախտել եւ աշխատանքային ժամին քարոզչությամբ զբաղվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ