Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայան. Օտարերկրյա ներդրողներին չի մտահոգում ՀՀ-ի փակ սահմաններն ու Վերին Լարսի անվստահելի ճանապարհը (Տեսանյութ)

Մարտ 16,2017 14:50

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ համամիտ չէ այն կարծիքի հետ, որ Հայաստան վատորակ նավթամթերք է ներմուծվել. «Եթե այն ներմուծվում է ԵԱՏՄ երկրներից, ապա եթե կա համապատասխան սերտիֆիկատ եւ փաստաթուղթ, որը վկայում է, թե ինչ որակի նավթամթերք է ներմուծվել Հայաստան, ապա մենք այն հիմք ենք ընդունում: Իսկ եթե այն ներմուծվում է 3-րդ երկրներից, ապա մենք ինքներս ենք որակը ստուգում»:

Թե ինչն են ստուգելու, եթե ըստ նախարարի, անորակ նավթամթերք չի ներկրվում, այս հարցին ի պատասխան Կարայանն ասաց. «Մանրածախ շուկան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան չի աշխատել:

Այսօր էլ կառավարության նիստին վարչապետը նախարար Կարայանին հանձնարարեց  մեկ ամսում բենզինի, դիզվառելիքի եւ այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման եւ վերահսկման գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն` համապատասխան թույլտվությունները ըստ վառելիքի տեսակների տարանջատման վերաբերյալ` հաշվի առնելով շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:

Սուրեն Կարայանից լրագրողներն այսօր նաեւ հետաքրքրվեցին, թե ի՞նչ նորություն կա օտարերկրյա ներդրողներին Հայաստանի շուկայում ներգրավելու ուղղությամբ, ո՞ր ոլորտներից եւ ո՞ր երկրներից են ներդրողներ հայտնվել: Նախարարն ասաց, որ ներդրումային ծրագրերը ներկայացվել են, բայց չցանկացավ մանրամասնել, թե որ կազմակերպություններն են. «Բազմաթիվ առաջարկություններ կան մեր վերջին այցի շրջանակներում, որ Ֆրանսիայի հանրապետությունում էինք: 2-3 կազմակերպություն արդեն հետաքրքրություն են հայտնել, եւ մոտ ժամանակներս կայցելեն Հայաստան,որպեսզի ներդրումներ իրականացնեն: Դա հիմնականում դեղագործական, սննդի արտադրության ոլորտն է»:

Aravot.am-ի այն հարցին՝ օտարերկրյա ներդրողներին չի՞ մտահոգում Հայաստանի փակ սահմանները, շրջափակումն ու պատերազմը, Կարայանը պատասխանեց՝ «Հակառակը, Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար գրավիչ է այն հանգամանքով, որ ոչ թե սահմանները փակ են, այլ Հայաստանն այն հարթակն է, որով օտարերկրյա ներդրողներին հնարավորություն է ստեղծվում մուտք գործել շատ մեծ շուկաներ, դա Եվրասիական տնտեսական միության շուկան է, որի անդամ ենք մենք, դա այն արտոնյալ ռեժիմն է, որից մենք օգտվում ենք, որ Եվրամիությունից օգտվում ենք, դա GSP+ ազատականացված ռեժիմն է»:

Մեր այն հարցին էլ՝ այդ ներդրողները Վերին Լարսի անվստահելի ճանապարհի մասին տեղյա՞կ են, նախարարը պատասխանեց՝ «Այո, բոլորն էլ տեղյակ են»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031