Լրահոս
Օրվա լրահոսը

«Կովի պտուկները հիշեցնեմ էլի». ՀՎԿ պատգամավորի թեկնածուն հիշեց կով կթելու դասընթացները

Մարտ 16,2017 13:22

«Հայկական վերածնունդ»-ի վարչության անդամ, ՀՎԿ պատգամավորի թեկնածու Կարեն Թումանյանը:այսօր դժգոհեց, որ իրենց նախընտրական պաստառները շատ են պոկում: Aravot.am-ի հարցին՝ ովքե՞ր են պոկում ու ինչո՞ւ, պարոն Թումանյանը պատասխանեց՝ ոստիկանության դերը չեն ստանձնել: Մեր հարցին՝ հնարավո՞ր է քաղաքացիները չեն համակրում իրենց թեկնածուներին ու պոկում են, նա բացառեց. «Չեմ ուզում կոնկրետ անուններ տալ կամ ասել՝ քաղաքական ուժերի պաստառները չեն պոկում, բայց մի բան ակնհայտ է՝ ՀՎԿ-ի վարկանիշը, տարբեր հարցումների արդյունքներ վկայում են, որ շատ բարձր է»:

Մեր դիտարկմանը, թե ՕԵԿ-ի վարկանիշը շատ բարձր չէր, ինչ է փոխվել, պարոն Թումանյանն արձագանքեց՝ «Հայկական վերածննդի» պլատֆորմն է պատճառը, իսկ ՀՎԿ-ի գաղափարական առաջնորդը կարող էր լինել այլ կուսակցություն. «ՀՎԿ-ի գաղափարը մի կուսակցության գաղափար չէ, համադրում է, ՕԵԿ-ի ղեկավարն է նախաձեռնողը, ուրիշ մեկը կարող էր լինել, պետք չէ սեւեռվել ՕԵԿ-ի վրա»:

Պատգամավորի թեկնածու Մարիաննա Ֆրունջյանն էլ ասաց, որ ոլորտների հստակ բաժանում կա, մշակվել են իրական հիմնախնդիրները, օրենսդրության հետ կապված հարցերը:

Պարոն Թումանյանից հետաքրքրվեցինք՝ այն, ինչ խոստանում է ՀՎԿ-ն՝ կոռուպցիայի վերացում, աշխատատեղեր, պրոֆեսիոնալ բանակի անցում, խոստանում են նաեւ այլ քաղաքական ուժեր, ինչու պետք է քաղաքացին իր ձայնը ՀՎԿ-ին տա, ի պատասխան. «Սա առաջին անգամ է ՀՀ քաղաքականության մեջ, երբ Արթուր Բաղդասարյանը երեսուն քայլերը ներկայացրեց, ամեն քայլի հետ ներկայացված ցույց տվեց ֆինանսական աղբյուրները, բայց երբ վերացական են ասում, թե լավ կլինի, կանեմ ու չեն ասում՝ ինչի հաշվին, քեզ չեն հավատում, իսկ մենք ֆինանսավորման աղբյուրները ցույց ենք տալիս»:

Պարոն Թումանյանի խոսքով, մեր կառավարությունը չգիտի՝ ինչպես գումարները նորմալ ծախսել. «Կովի պտուկները հիշեցնեմ էլի, մեր հմուտ գյուղատնտեսները չգիտեն՝ ինչպես կթել, 250.000 դոլար պետք է տաս, Հոլանդիայից ինչ-որ չնթռլոյի բերես, որ սովորեցնեն՝ ինչպես կովի պտուկին ձեռք տաս, էսպիսի բաների վրա են գումարները ծախսում: Մենք չունենք ըմբոստ ծրագրեր, որովհետեւ վախենում ենք, որովհետեւ կասեն՝ փող չկա, պոպուլիզմ է»:

Aravot.am-ի հարցին, թե նախորդ ընտրություններին էլ էր ՕԵԿ-ը խոստանում կոռուպցիայի վերացում, տնտեսական աճ, աշխատատեղեր, աղքատության ցուցանիշի նվազում, այդ խոստումներն իրականացա՞ն, երբ ՕԵԿ-ը խորհրդարան անցավ ու ՀՀԿ-ի հետ էլ կոալիցիա կազմեց, պարոն Թումանյանը պատասխանեց. «Իսկ ինչու հարց չի կանգնում, հլը փորձեք, այսօր ժեկի պետին պաշտոնից հանենք, տեսեք ինչ վայնասուն կսկսվի, Արթուր Բաղդասարյանը երկու անգամ նույն խնդրով հրաժարական տվեց, որովհետեւ հասկացավ՝ ինքը որոշումների վրա չի կարողանում ազդեցություն ունենալ իր քաղաքական ուժով: Դրա համար, այսօր ժողովրդին խնդրում ենք՝ մեզ տվեք ձեր քվեները, որ մեր լեզուն երկար լինի, որ այս անգամ կարողանանք մեր երեսուն քայլը կյանքի կոչել, որովհետեւ եթե չունենանք ԱԺ-ում որոշակի դեր, որոշումների վրա ազդեցություն, էլի նույն պատմությունն է լինելու»:

Մեր հարցին՝ այսինքն, ձեր խոստումներն էլի կմնա՞ն չիրականացված, պարոն Թումանյանը պատասխանեց. «Չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031