Քարակերտի բնակիչ 22-ամյա Լեւոն Կարապետյանն ուսանող է: Ամեն օր պետք է գյուղից Երեւան գա ու հետ դառնա, բայց միշտ չէ, որ Գյուղակադեմիայում սովորող Լեւոնի հնարավորությունը թույլ է տալիս: Թեպետ իր ասելով՝ նրա ընտանիքը գյուղի շատ ընտանիքներից համեմատաբար ապահովված է. «Մեր գյուղում շատ ուսանողների գիտեմ, որ վարձը չմուծելու համար դասի չի կարողացել գնալ կամ անվճար է սովորել, բայց ճանապարհածախս չի ունեցել, որ դասի գնա: Ես արդեն ամաչում եմ իմ ընկերության մեջ դուրս գամ. ամեն ինչից կտրվում ենք ֆինանսի, աշխատանք չունենալու պատճառով: Մեկ-մեկ գնում ենք Երեւան, հետ չենք ուզում գանք, էնտեղ էլ գնում ենք, չենք կարողանում ապրել: Աշխատանք ես փնտրում, ամսական 60 հազար են առաջարկում: Ուսանողն էդ փողով տան վա՞րձ տա, թե՞ ապրի ու դասի գնա»:
Ուսումնական կյանքի դժվարությունները ուղիղ համեմատական են դժվար ապրուստի հետ. մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, երբեմն բանվորություն են անում, որ հարկ ու տուրքերի տակից դուրս գան: Հիմա էլ սպասում են գարնանային աշխատանքներին, որպեսզի դաշտերում աշխատեն. ոմանք սեփական, ոմանք էլ որպես վարձու աշխատող: Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում բնակիչները նաեւ պտուղ-բանջարեղեն են մշակում, սակայն միշտ չէ, որ արդյունքը հաջող է ու գոհացուցիչ է լինում: Եթե եղանակային պայմանները նպաստավոր են լինում, իրացման ժամանակ են, ըստ գյուղացիների, խնդիրներ առաջանում. «Ինչ կարողանում ենք, էս շուկաներում իրացնում ենք, ինչ չէ՝ մնում, փչանում է, թափում ենք: Մարդիկ իրենց տան հայաթը կարտոլ են ցանում, ջուրը կտրում են, չորանում ա, խոզ ենք պահում, ուզում ենք միսը ծախենք, դրսից սառեցրած մսերը բերում են, մեր արտադրանքը մնում ա»,- պատմում է Լեւոնը եւ ասում, որ հենց նման անհաջողությունների պատճառով է, որ շատերը չեն կարողանում օրվա հացը վաստակել, եւ ելքը գտնում են արտագնա աշխատանքի մեջ. «Արդեն գյուղի 30 տոկոսը գնացել է, մնացածն էլ էս ամսին կգնա, ով էլ ուզում է ստեղ մնա, որ մի բան անի, բանկերից փող է վերցնում, մի բան էլ բանկերին է պարտք մնում, ու էդ տարվա աշխատանքն էլ գնում, կորում է»:
Քարակերտում էլ հարակից մի քանի գյուղերի պես խմելու ջուրը գնում են. «Գյուղում 3 ցիստեռն կա, օրումեջ, երկու օրը մեկ ջուր են բերում, առնում ենք 40 լիտրը 250 դրամով»,- մեզ հետ զրույցում քարակերտցու ապրուստը ներկայացնում է Լեւոն Կարապետյանը:
Քարակերտցիները հիշում են, որ 1990-ական թվականներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, փորձել են ջրագիծ անցկացնել, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել, ջրագիծն էլ գրվել է «սառույցին». շինարարությունը դադարեցրել են ու խողովակները տարել՝ ՀԷԿ կառուցել:
Լեւոնն ասում է, որ իրենց գյուղում էլ, շատ բնակավայրերի պես, ընտրությունների ժամանակ անհնարը դառում է հնարավոր. «Գյուղում երկհարկանի վթարային շենքեր կան, գազ չէին անցկացնում, հիմա ընտրությունների շեմին արդեն քաշում են: Արտեզյան ջրերի հոր պետք ա փորվեր` թույլ չէին տալիս, հիմա էլ իրենք են առաջարկում ՝ ձայների դիմաց, ժողովուրդը չի ուզում, կամ էլ բուժումներով են ուզում մարդկանցից ձայն վերցնել. հիվանդ մարդկանց ասում են, որ կտանեն բուժման, միայն իրենց քվեարկեն»:
Իսկ թե որ կուսակցությունն է նման քայլերի դիմել` Լեւոնը թաքցնում է ու ժպտում, ապա ավելացնում. «Էսօր մեր տնից պետական աշխատող չունենք, խոսում եմ, սաղ էլ ուզում են խոսան, բայց ում տնից պետական աշխատող կա՝ վախենում են, որ կհեռացնեն, ու չեն խոսում»:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ»
16,03.2017