Սակայն ոչ մի պետական կառույց դրանից ոչ միայն վատ չի զգում ու տիկնոջն օգնում այն հայրենականով փոխելու, այլեւ ասում է` ինչի՞դ է պետք
Ընտրությունից ընտրություն կուսակցությունների, պատգամավորության թեկնածուների նախընտրական ծրագրերում սոցիալական հատվածին մեծ տեղ է հատկացվում: Ամեն տարի բյուջեն հաստատելիս էլ գործադիրն այն սոցիալական է հռչակում: Բայց, չգիտես ինչու, հենց սոցիալական ծրագրերը մեր քաղաքացիներին շրջանցում են, հատկապես նրանց, որոնք այդ աջակցության իրական հասցեատերերն են:
Գալինա Հայրապետովան արդեն 28-29 տարի է՝ ապրում է Հայաստանում` Աբովյան քաղաքում, 19 տարի առաջ Հայաստանի քաղաքացիություն է ստացել` հետեւում թողնելով փախստականի կարգավիճակը: Հայաստան է արտագաղթել Բաքվից: Սակայն այսօր էլ նա պետական դռներն է թակում ադրբեջանական փաստաթղթով: Որեւէ մի կառույց հանձն չի առնում նրա` հաշմանդամության պատմությանը վերաբերող փաստաթուղթը փոխարինել հայկականով: Այդ փաստաթղթով կնոջ հիվանդությունն ու հաշմանդամության կարգն է հաստատված, եւ այն որպես հիմք է ծառայում պետական կառույցների, բուժհիմնարկների հետ առնչվելիս:
Տիկին Հայրապետովան սայլակով է տեղաշարժվում: Մեծ դժվարությամբ մի քանի անգամ հասել է մայրաքաղաք` բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (ԲՍՓ)` փաստաթուղթը նորով փոխարինելու հույսով, սակայն ԲՍՓ-ում տիկնոջը լսել եւ ոչնչով օգնել չեն ցանկացել: Խնդիրը միայն այն չէ, որ փաստաթուղթն ադրբեջանական է, այլ հիմնական խնդիրը փաստաթղթի մաշվածությունն է. փաստաթղթի օրիգինալ տարբերակը գոյություն չունի, եւ տիկին Հայրապետովան պատճենից է պատճեն անում ու այս կամ այն կառույցին տրամադրում: Իսկ պատճենն արդեն անընթեռնելի է, եւ շուտով, ինչպես մեր զրուցակիցն է ասում, դա էլ կվերանա:
Կարդացեք նաև
Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տիկնոջ խնդիրները փաստաթղթով չեն ավարտվում: Նա միայնակ է ապրում, օգնող ձեռք չունի. տեղից տեղ տեղաշարժվելու համար թոշակից գումար է վճարում, որպեսզի ինչ-որ մեկն ուղեկցի նրան:
Պատգամավոր Թեւան Պողոսյանը տիկնոջը օգնելու նպատակով դիմել է առողջապահության նախարարություն, այնտեղից պատգամավորի դիմումը մակագրվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ինչի մասին եւ տիկնոջը տեղյակ է պահվել: Գալինա Հայրապետովան սոցիալական գերատեսչությունից պատգամավորի միջոցով խնդրել է սոցիալական աջակցություն, այսինքն` սոցապը տրամադրի մի սոցաշխատողի, որը տիկնոջը ժամանակ առ ժամանակ կօգնի տեղաշարժվելու կամ այլ հարցերում: Նախարարությունից Գալինա Հայրապետովային մերժել են` նշելով, որ չեն կարող նման ծառայություն մատուցել:
Տարիներ ի վեր մեր երկրում սոցիալական ուղղվածությամբ կառույցները խոսում են սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման մասին, սակայն այն այդպես էլ իրականություն չի դառնում: Այսօր, երբ մի շարք ոլորտներում կառավարությունն իրեն կայացած է համարում, ամենամարդասիրական հարցերում, մեղմ ասած, թերանում է:
Ո՞ւմ է հասանելի սոցիալական աջակցությունը, եթե ոչ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող միայնակ մարդուն: Հռետորական այս հարցին հստակ չեն պատասխանում անգամ կուսակցությունների ու դաշինքների ծրագրերը, որոնք խնդիր ունեն ընտրվելու, էլ ուր մնաց` արդեն ընտրվածներն ու երկար տարիներ աթոռներ զբաղեցնողները:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
16,03.2017