Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զեւս ստուդիա» ընկերության երիտասարդ աշխատակցի մահը ո՞ւմ պատճառով է

Մարտ 16,2017 15:30

Երեք տարի անց. տուժող կողմը մարտի 15-ին մտադիր է հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2014թ. ապրիլի 14-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Երեւանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում՝ ազատ տնտեսական գոտում պատասխանատու անձի կողմից աշխատանքի անվտանգության կանոնները ոչ պատշաճ կերպով հրահանգավորելու հետեւանքով, վերջինիս հետ պայմանագրային հիմունքներով չափագրումներ իրականացնող «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լեւոն Դավիթի Հունանյանը «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության 3-րդ մասնաշենքի տանիքի վրա առկա արեւային լուսավորությունը ապահովող օրգանական ապակուց թմբաձեւ երդիկը կոտրվելու պատճառով ընկել է 3-րդ մասնաշենքի հատակին, որից հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է 1-ին Համալսարանական հիվանդանոց եւ գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվածի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նախաքննության ընթացքում երիտասարդի հայրը՝ Դավիթ Հունանյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ 2014թ. հուլիսի 16-ին ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:
Քննիչի կողմից 25.04.2014թ.-ին նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է մեկ տարի հետո՝ 25.04.2015թ.-ին: Տուժող կողմը չէր ստացել մի շարք հարցերի պատասխանները:

Նշենք, որ 14.11.2014թ.-ին քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Է. Ավդալյանը:
Հենց այս քննիչն էլ 10.06.2015թ.-ին որոշում է կայացնում դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին: Մի քանի օր հետո տուժող կողմը միջնորդում է դատատեխնիկական փորձաքննություն իրականացնող փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու մասին:

«12.08.2015թ.-ին տուժողի իրավահաջորդ Դավիթ Հունանյանին է ծանոթացման ներկայացվել 29.07.2015թ. Հմ-15-1538 Ճարտարագիտատեխնիկական փորձագետի եզրակացությունը, թեեւ նշանակվել էր դատատեխնիկական փորձաքննություն: Փորձագետ Ա. Բադեյանը 14.03.2016թ. հարցաքննության արձանագրությամբ եւ 01.04.2016թ. լրացուցիչ հարցաքննության արձանագրությամբ հակասեց իր կողմից տրված եզրակացությանը»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է փաստաբան ներկայացուցիչը՝ Լ.Սիմոնյանը:

16.09.2015թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Է.Ավդալյանի կողմից 12.08.2015թ. թվագրմամբ որոշում է կայացվում քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Երեւան քաղաքի նախկին դատախազ Ա.Դավթյանի կողմից 2015թ. սեպտեմբերի 28-ին որոշում է կայացվել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը բավարարելու եւ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հ.Հարությունյանը քրեական գործը ընդունում է իր վարույթ: Անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Հարությունյանի որոշմամբ քրեական գործով վարույթը դարձյալ կարճվում է:

Տուժողի հայրը, նրա ներկայացուցիչը բողոքարկում են քննիչի այդ որոշումը՝ դիմելով դարձյալ Երեւան քաղաքի դատախազին:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Հարությունյանի` քրեական գործով վարույթը կարճելու մասին եւ Երեւան քաղաքի դատախազ Ր. Ասլանյանի՝ բողոքը մերժելու մասին որոշման կապակցությամբ տուժող կողմը բողոքում է:
Տուժող կողմը ներկայացնելու է բազմաթիվ ապացույցներ, որոնք, չգիտես ինչու, չեն գրավել քննիչների ուշադրությունը, իսկ վերահսկող դատախազներն էլ դակել են կարճող որոշումները, առանց խորանալու երիտասարդի մահվան եւ պատճառահետեւանքային կապի միջեւ: Բերեմ մեկ օրինակ. Ճարտարագիտատեխնիկական փորձագետի եզրակացության համաձայն, Ազատ տնտեսական գոտում գտնվող «Զեւս ստուդիա» ՍՊԸ տնօրեն Հ. Մուրադյանի կողմից չի կատարվել «Անվտանգության տեխնիկայի, աշխատանքի պաշտպանության եւ արտադրական սանիտարիայի» ներածական հրահանգավորման հրահանգը:

«Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լեւոն Հունանյանը չի հրահանգավորվել աշխատանքի անվտանգության վերաբերյալ, հրահանգավորումների անցկացման գրանցամատյաններում բացակայում են Լեւոն Հունանյանին համապատասխան հրահանգավորում անցկացնելու վերաբերյալ գրառումները: Համաձայն հրահանգի 2.4.1 կետի՝ արգելվում էր բարձրանալ տանիք՝ առանց ադմինիստրացիայի թույլտվության, թեեւ գործում առկա էին փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ տանիքի վրա բարձրանալու դեպքերը բազմաթիվ են եւ փաստացի չէին արգելվում: Անհասկանալի էր, թե ինչ մետաղական կոնստրուկցիաների մասին է եղել խոսքը, երբ տանիքին առկա են եղել օրգանական ապակուց պատրաստված երդիկներ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Այս գործով այլ բացահայտումների մասին կարդացեք վաղվա «Առավոտում»:

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031