Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայից մինչեւ Քովեն Գարդեն եւ այլ հեղինակավոր թատրոններ

Մարտ 16,2017 15:00

Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի
«Աշխարհի երգիչ» մրցույթի եզրափակիչ փուլ

Վերջին օրերին օպերային արվեստի երկրպագուների եւ մասնագետների շրջանում խոսակցության «նյութը» լոնդոնաբնակ օպերային երգչուհի Անուշ Հովհաննիսյանն է (լուսանկարում): Նա անցել է 2 տարին մեկ անցկացվող հեղինակավոր BBC Քարդիֆի «Աշխարհի երգիչ» մրցույթի եզրափակիչ փուլ: Երգչուհու անվան շուրջ խոսակցություններն ավելի «ահագնացան», երբ www.sardanapalo.org կայքէջում տեղադրվեցին հատվածներ Լիստի «Սարդանապալ» օպերայից, որը գրվել է 170 տարի առաջ եւ երբեւէ չի կատարվել՝ նույնիսկ հատվածաբար: Իսկ հիշյալ օպերայում հերոսուհու՝ ստրկուհի Միրայի դերերգը հատվածաբար մեկնաբանում է սոպրանո Անուշ Հովհաննիսյանը: Նշենք, որ օպերան վերջերս է հայտնաբերվել արխիվում: Շուտով կթողարկվեն ձայներիզ եւ վավերագրական ֆիլմ:


2016թ. BBC «Աշխարհի երգիչ» մրցույթի ժյուրին աշխարհի 6 քաղաքներում 4 փուլով լսումների արդյունքում ընտրել է 20 մասնակցի: Ի դեպ, մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել 3 արվեստագետ: Հայաստանը ներկայացրել է միայն Անուշ Հովհաննիսյանը: Տեղեկացնենք նաեւ, որ նախկինում այս մրցույթին հայազգի երգիչներից մասնակցել է միայն մեր կոնսերվատորիայի շրջանավարտ, գերմանաբնակ, Էրֆուրտի օպերային թատրոնի մեներգիչ, բաս Վազգեն Ղազարյանը:


«Առավոտը» Անուշ Հովհաննիսյանին ներկայացրել է դեռեւս 2009թ., երբ երգչուհին Տ. Սազանդարյանի եւ Գ. Գասպարյանի անվան մրցույթների մրցանակներին էր արժանացել: Նա 2008-ից Երեւանի կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգչուհի էր եւ կարճ ժամանակահատվածում հասցրել էր հանդես գալ ավելի քան 5 դերերգով, այդ թվում՝ Ալիսա (Դոնիցետի՝ «Լուչիա դի Լամերմուր»), Կլարինա (Ռոսինի՝ «Ամուսնության մուրհակ»), Սանտուցա (Մասկանի՝ «Գեղջկական պատիվ»): Այդ ժամանակ երգչուհին դեռեւս սովորում էր Երեւանի կոնսերվատորիայում եւ մեր հետաքրքրությանը, թե նրան չի՞ ձգում Ազգային օպերային թատրոնի բեմը, Անուշ Հովհաննիսյանը հակիրճ պատասխանել էր՝ ամեն ինչ իր ժամանակն ունի: Այդժամ ուսանող երգչուհին չէր էլ կարող պատկերացնել, որ իրեն Երեւանի կոնսերվատորիայից հետո սպասում է ուսումը Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայում, ինչին հաջորդելու էր բեմելը հեղինակավոր Քովեն Գարդեն օպերային թատրոնում:

Անդրադառնալով «Աշխարհի երգիչ» մրցույթին, տեղեկացնենք, որ եզրափակիչ փուլը կկայանա հունիսի 15-ին եւ 18-ին՝ օպերային երգարվեստի գծով, իսկ հունիսի 11-ին եւ 16-ին՝ կամերային երաժշտության: Ընդ որում, եզրափակիչ անցած երգիչներն իրենք են որոշում երկու ուղղությունները՝ կամերային երաժշտության եւ օպերային արիաների: Մեր երգչուհին սեփական նախաձեռնությամբ հանդես կգա նշված երկու ուղղություններով: Եզրափակիչ փուլը հեռարձակվելու է BBC հեռուստատեսության եւ ռադիոյի ուղիղ եթերով:

«Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանն ասաց, որ իր սիրելի ուսանողուհու՝ Անուշի հաջողությունների սկիզբը, անկասկած, օպերային ստուդիայում նրա մարմնավորած կերպարներն էին եւ իհարկե՝ հեղինակավոր «Ստելա Մարիս» ու Բելինիի անվան բելկանտոյի մրցույթների առաջին հորիզոնականներում հայտնվելը: Երաժշտագետը տեղեկացրեց նաեւ, որ Անուշ Հովհաննիսյանն այս տարվա փետրվարին Քովեն Գարդենում մեներգով հանդես է եկել Woold Works ժամանակակից խորեոգրաֆիայով բեմադրված բալետային ներկայացման մեջ, ինչից հետո որոշ բալետային քննադատներ կարծես շրջանցելով մասնագիտական դաշտը, անդրադարձել են երգչուհու բարձրարվեստ կատարմանը: Երաժշտագետն առանց մանրամասնելու ասաց, թե հայ երգչուհին, չնայած իր երիտասարդ տարիքին, ցանկալի ու սպասված է հեղինակավոր այլ թատրոններում եւս: Նելլի Ավետիսյանի ասածից կարող ենք հետեւություն անել, որ Անուշ Հովհաննիսյանին գերխիտ գրաֆիկի պատճառով գոնե մոտ ժամանակներս չենք տեսնի Երեւանի թատրոնում: Իսկ վերջին շրջանում արտասահմանյան ներկայանալի թատրոններում բեմ բարձրացող, ու դարձյալ բազմազբաղ հայաստանցի արվեստագետների հետ շփումներում համոզվել ենք, որ նրանք պատրաստ են եւ համապատասխան հրավերի դեպքում սիրով հանդես են գալիս Երեւանում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Անուշ Հովհաննիսյանը համաշխարհային օպերային գրականության տարբեր կերպարներում:

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031