Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թումանյանի տուն-թանգարանում Թումանյանը «կկենդանանա»

Մարտ 16,2017 14:30

Թանգարանը օգտվում է նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններից
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն այսօր նորովի է ներկայանում իր այցելուներին: Այս մասին զրուցեցինք թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանի հետ:
«Մի քանի տարի է՝ Թումանյանի աշխատասենյակի մի մասում կա բանաստեղծի հոլոգրաֆիկ շարժապատկերը՝ «Պատրանք Վերնատանը» անվամբ: Թանգարանն այսօր առաջարկում է անիմացիոն տարբերակ, որտեղ ստեղծվում է պատրանք՝ Թումանյանը՝ Թիֆլիսի փողոցներից մեկում: Հաջորդ նորամուծությունը եղավ 20-րդ դարասկզբի թիֆլիսյան փողոցներից մեկի վերակերտումը, որտեղ ապահովված է նաեւ Թումանյանի ներկայությունը»,-ասում է փոխտնօրենը: Նա տեղեկացրեց, որ գրողի՝ Մեծ եղեռնի շրջանում որբախնամ աշխատանքները կազմակերպելը եւս հնարավոր է տեսնել շարժապատկերներով: Սմարթֆոններ ունեցողները թանգարանում կարող են օգտվել TumanianMuseum AR/VR անվճար հավելվածներից: iOS կամ Android հեռախոսների համար ստեղծվել է անվճար հավելվածը: Ներբեռնելով այն՝ մարդիկ կարող են տեսնել Սասունցի Դավթի եւ նրա ձիու՝ Քուռկիկ Ջալալիի կենդանացած պատկերը, թերթել բանաստեղծի տիկնոջ՝ Օլգայի լուսանկարների ալբոմը: Նույն հավելվածի մյուս տարբերակով կարող են տեսնել Լոռվա ձորը:

Տեղեկատվական երթից հետո թանգարանը առաջարկում է «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին» եւ «Ստվերների թագավորությունը»՝ 3D տարբերակով։ «Անիմացիաները մատչելի են՝ ընդամենը 100 դրամ, եւ մարդիկ այդպես բարեգործություն են անում, քանի որ ամբողջ հասույթը փոխանցվում է «Նվիրիր կյանք» հիմնադրամին»,- նշեց Անի Եղիազարյանը: Նաեւ հավելեց, որ թանգարանը Հայաստանի ամենաշատ այցելվածների հնգյակում է:

Փոխտնօրենի ասելով, հիմնականում այցելում են դպրոցականները, թեեւ այս տարի շատացել են մանկապարտեզի երեխաների այցերը: Մի փոքր պասիվ են ուսանողները՝ չնայած տոմսը մատչելի է:

Թանգարանը տարեկան մոտ 17000 այցելու ունի, որոնց մեծ մասը օգտվում է էքսկուրսավարի ծառայությունից: «Թանգարանը խնդիր ունի թեմատիկ առանձնացման: 5-6 տարեկան երեխան չպետք է շրջի ցուցադրության այն բարդ հատվածներով, մինչեւ որ հասնի իրեն ցանկալի մանկական հատվածին: Մենք ունենք հայեցակարգ, որը ներկայացրել ենք մշակույթի նախարարությանը»,-նշեց Անի Եղիազարյանը: Նրանից տեղեկացանք, որ թանգարանում ստեղծվում են ձեռագործ գրքեր: «Դա նոր է գործում, ունենում ենք պատվերներ, իսկ դրա հասույթը դրվում է այն գանձանակում, որը հատկացվում է որեւէ վիրավոր զինվորի ապաքինմանը»,- հավելեց մեր զրուցակիցը: Անդրադարձ եղավ նաեւ մեծ շուքով Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը առաջիկայում նշելուն:

 

Գ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031