Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում «ջան»-ի առեւտուր չկա

Մարտ 16,2017 14:00

Արցախում «ջան» չկա: «Ջան», որպես ֆիզիկական մարմին, իհարկե, բոլորն ունեն, դրան գումարած՝ Արցախը պահող հպարտ ու անկախ ոգին: «Ջան» չկա, որպես դիմելաձեւ, որ մենք առիթով ու անառիթ շռայլում ենք այստեղ:

Հումորի մասին խոսելիս, անգլիացի հնէաբան-գրող-հետախույզ Լորենս Արաբացին իր «Armenians are impossible» հարցազրույցում ասել է. «Անգլիական հումորն, ի տարբերություն ամերիկյանի, չասված բառերի մեջ է»: Ահա այդպես էլ, արցախցու «ջան»-ը չասվածի մեջ է: Ցանկությունն ու ժամանակը օգնում են լսել այն: Հենց սիրեցիր Արցախը, կլսես այն «ջան»-ը, որը չի ստում, չի սիրաշահում, կոշտ ու կոպիտ՝ առաջին հայացքից, շոյում է, ու այստեղ քեզ զգում ես ռազմի դաշտից տուն դարձած զինվորի նման, ով, թույլ է տալիս իրեն թուլանալ ու ցած դնել վահանը: Թիկունքից խոցելի լինելու զգացումը Արցախում հօդս է ցնդում: Ուրցով համեմված համեղ սեւ թեյի մեջ ինտրիգներ չես փնտրում, որ կարդարացներ ուժասպառ անող մշտական զգոնությունդ:

Աջ ու ձախ հնչող այդ շա՛տ բարեհունչ «ջան»-ն անչափ վտանգավոր է: Խլացնում է լսողությունդ, բթացնում՝ զգոնությունդ, ու դու, քեզ պարուրող հաճելի թմբիրի մեջ, մերկ ու անպաշտպան կանգնում ես նախանձին, խանդին, չար մտքին ու մտադրությանը դեմ հանդիման: Հենց այդպես, անսպասելի, անժամանակ եւ խոցելի՝ հանում էին անմեղներին իրենց տաք անկողիններից ու աքսորում Սիբիր ստալինյան բռնաճնշումերի տարիներին:
«Ջան»-ի մեծ չափաքանակը վտանգավոր է: Եթե օրենսդիր լինեի, կարգելեի «ջան»-ի օգտագործումը ընտանիքի սահմաններից դուրս՝ դարձնելով այն միայն ամենամտերիմների ու ամենասիրելիների մենաշնորհը: Արդյունքը, հավատացե՛ք, հանրօգուտ կլիներ: Աշխատավայրում յուրաքանչյուրը կաներ այն, ինչ պարտավոր է, առանց ծանրութեթեւ անելու իրեն հասցեագրված «ջան»-երի քանակն ու արտաբերման որակը: Ամենից վտանգավորն առաջին «ջան»-ն է: Հերիք է մեկ անգամ օգտագործես, հայտնվում ես նարկոդիլերի ցանցում. թե՛ թմրանյութ հրամցնողն է գոհ, թե՛ «ջան»-ի ցանցն ընկած միամիտը: Ետդարձի ճանապարհ չկա: Եթե «ջան»-ի պահանջն ավելանում է առաջարկին ոչ համարժեք, սկսվում է հարաբերությունների նոր փուլ, նոր որակ: Փորձիր չկրկնել պահի մղումով ասված «ջան»-ը, ու դու կհայտնվես աննախանձելի վիճակում. անտեղի վերլուծություններ, մեկնաբանություններ ո՛չ քո օգտին, պատասխան անջան արձագանք, որը չի՛ կարող վաղ թե ուշ սառը պատերազմի չվերածվել: Ուրեմն, ինչո՞ւ ենք ասում այդ առաջին «ջան»-ն ու փչացնում ամեն ինչ: Ինչո՞ւ չենք կարող մեր հարգանքի, բարի կամքի օրաբաժինը դիմացինին փոխանցել գեղեցիկ կատակով կամ հաճոյախոսությամբ, որը չի պարտադրում ամենօրյա կրկնողություն, հենց այն պարզ պատճառով, որ այն մեր օրվա՛ վերաբերմունքն է: Եվ գուցե, դա դիմացինին ստիպի բարձրանա՝ իր իսկ համեմատ, ու դառնալ ավելի լավը: Գուցե ա՛յդ ժամանակ նա ձգտի վաստակե՛լ positive-ի իր օրաբաժինը, եւ գուցե այդժամ փոխվի աշխարհը:

Բայց ոչ, կա պահանջարկ, ուրեմն առաջարկ էլ պիտի լինի: Ու քաղցր թմբիրի մեջ ներքաշված՝ ես էլ ամեն օր «ջան»-ի իմ առ ու տուրն եմ անում:

(կրկին տունդարձի ճանապարհին)

ՀԱՍՄԻԿ Վ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

16,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031