Ընտրարշավը բացի իր բոլոր դրական եւ բացասական դրսեւորումներից՝ նաեւ աշխատատեղեր է ստեղծում: Ճիշտ է, ժամանակավոր: Հարուստ կուսակցություններն, օրինակ, վարձում են մի քանի տասնյակ հեռուստատեսային օպերատորների, որոնք պետք է անմահացնեն իրենց լիդերների արժեքավոր մտքերը: Գործընկերներս դրանից լավ են զգում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մայիսին հարսանիքներ չեն լինելու, եւ օպերատորները պարապուրդի մեջ են հայտնվելու: Բազմաթիվ երիտասարդներ գիտեմ, որոնք այս կամ այն չափով տիրապետում են համակարգչին եւ դարձյալ երկու ամիս առանց գործի չեն մնալու: Այդ ամենը եթե ոչ ամբողջապես օրինական (որովհետեւ գումարները, ենթադրում եմ, վճարվում են «սեւ կանխիկով»), ապա գոնե երեւացող աշխատանք է:
Այլ բան է քարոզչությունը: Այստեղ, ինչպես ասում են, որքան գետնի վրա է, այնքան էլ գետնի տակ: Քարոզչությամբ զբաղվում են ոչ միայն կուսակցականները` ընտրարշավի ժամանակ, այլեւ, այսպես կոչված, «ֆեյքերը»: Ամեն մի «խոշոր» կուսակցություն կամ դրամապանակի առումով «նշանավոր» քաղաքական գործիչ իր պարտքն է համարում ընտրությունների ժամանակ ունենալ այդպիսի մի «ֆեյքերի բրիգադ», որի անդամներից որեւէ մեկի կարծիքը կոպեկի գին չունի՝ եթե մարդը չի համարձակվում ներկայանալ իր անուն-ազգանունով, ոչ նա, ոչ էլ նրա տեսակետը, առանձին վերցրած, ոչ մեկին չի հուզում: Բայց եթե նրանք մի քանի տասնյակ մարդուց բաղկացած «զանգված» են կազմում, ապա ընթերցողները, օգտատերերը, իրենց կամքից անկախ, «շեղվում են» հենց այն ուղղությամբ, որտեղ տանում է «ֆեյքերի բրիգադը»:
Լինում են ոչ միայն «ֆեյք» անձինք, այլեւ «ֆեյք» կայքեր, որոնք ստեղծվում են միմիայն ընտրությունների համար: Հայտնի չէ, թե ով է այդ կայքերի «պաշտոնական» սեփականատերը, խմբագիրը, ովքեր են այն հեղինակները, որոնք գրում են այդ կայքերում, որտեղ է գտնվում նրանց խմբագրությունը, որ հեռախոսով կարող ես նրանց զանգել եւ այլն: Փոխարենը հայտնի է, թե նրանք ում կողմից են եւ ում դեմ են. այդ կայքերում չես գտնի որեւէ լրատվական նյութ՝ այդ բառի «դասական» իմաստով, ծայրից ծայր «գնահատողական դատողություններ» են հօգուտ «պաշտպանյալ» քաղաքական գործչի եւ ընդդեմ նրա բոլոր հակառակորդների:
Մեծ հաշվով դա քաղաքական ուժերի եւ առանձին գործիչների կողմից ռեսուրսների վատնում է: Այո, Հայաստանի բնակչության համարյա կեսը համացանցում է կամ օգտվում է սոցիալական ցանցերից: Բայց օգտվողներից ոչ բոլորին է հետաքրքրում նախընտրական պայքարը, եւ հետաքրքրվողներից ամենեւին ոչ բոլորն են «հալած յուղի» տեղ դնում «ֆեյք» անձերի եւ կայքերի քարոզչությունը: Նույնիսկ իրական մարդկանց քարոզչությունն են Հայաստանում ընդունում մեծ վերապահումներով:
Բայց ընդհանուր տհաճություն այդ «ֆեյքերի» առկայությունից ես, օրինակ, զգում եմ: Մոտավորապես այնպիսի դիսկոմֆորտ, որն առաջանում էր խորհրդային շրջանի հասարակական զուգարանների պատերին նայելուց:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վերջին նախադասությունը վերջն էր: /Նույնիսկ հոտը տվեց քթիս… 🙂 /