Բրիտանական խորհրդի աջակցությամբ Միացյալ Թագավորության հանրահայտ «Կանդուկո» ներառական պարային խումբը հանդես կգա Հայաստանում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեցին կազմակերպիչները: Սա ներառական պարային խմբի երկրորդ այցն է Երեւան:
«Կանդուկո»-ի արտահայտման միջոցը պարն է: Պարային խմբի գեղարվեստական համաղեկավար Ստինե Նիլսենի խոսքերով` ընկերության հիմնադրման առաջին տարիներին հաշմանդամություն ունեցող եւ չունեցող պարողների միասին բեմ բարձրանալը մեծ նորություն էր, ինչը մեծ ոգեւորություն էր առաջացրել հանդիսատեսի շրջանում: Հանդիսատեսին դուր է գալիս տեսնել արտահայտման նոր ձեւեր բեմի վրա:
«Կանդուկո»-ն ամենամյա շրջագայություններով հանդես է գալիս Մեծ Բրիտանիայում եւ աշխարհում՝ 18,000 հանդիսատեսի առջեւ եւ իրականացնում լայնածավալ ուսուցողական ծրագիր: Կանդուկո»-ի Հայաստան առաջին այցի արդյունքում մեծ ոգեւորություն ստեղծվեց եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին նախաձեռնեց «Պար` առանց սահմանների» ծրագիրը, որի շրջանակում «Փոքր» թատրոնին կից հիմնադրվեց հայկական առաջին ներառական, պրոֆեսիոնալ թատերախումբը:
«Երկար զրույցներ ունեցանք «Փոքր» թատրոնի եւ «Կանդուկո»-ի հետ, հասկացանք` որտեղից սկսել, ինչ անել եւ մենք բոլորս միասին աշխատելով կարողացանք առաջ տանել այս գաղափարը, եւ այսօր ունենք հրաշալի ներառական պարային խումբ, որը շատ մեծ պոտենցիալ ունի առաջընթացի եւ Հայաստանում շատ բան փոխելու, որովհետեւ սա ոչ միայն մշակութային արտահայտման նոր ձեւ է, այլեւ գործիք է հայ հասարակության մեջ փոխելու շատ կարծրատիպեր»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Կարդացեք նաև
«Պար` առանց սահմանների» ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկանց անկախ սահմանափակումներից հավատալ սեփական ուժերին:
«Այսօր առավոտյան աշխատաժողով անցկացրինք «Փոքր» թատրոնի պարողների հետ եւ տեսանք, որ 4 տարվա ընթացքում նրանց հմտությունների մակարդակը աճել է, ինչն էլ բավականին ոգեւորիչ է»,- հավելեց Ստինե Նիլսենը:
Արեւիկ Սարիբեկյանի խոսքերով` անցյալ տարի, երբ «Կանդուկո»-ն նշում էր իր 25-ամյակը, նրանց պատմությունների մեջ «Փոքր» թատրոնի պատմությունը եւ համագործակցությունը ներառվել է որպես լավագույն օրինակ. «Ուրախ եմ, որ մենք այսօր Հայաստանում նշելով Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի 15-ամյակը, կարող ենք հյուրընկալել «Կանդուկո»-ին եւ մեր այս տոնական տարվա ընթացքում հայ հանդիսատեսին հնարավորություն տալ եւս մեկ անգամ դիտելու «Կանդուկո»-ի հրաշալի ներկայացումները»:
Ըստ Հայաստանում Բրիտանական դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ըմայաս Մորզի` «Կանդուկո»-ն մտածելու տեղիք տվող աշխատանքներ է ստեղծում, որոնք ոգեւորում են մարդկանց, ընդլայնում են նրանց ընկալումը եւ թույլ են տալիս ավելի լայն կերպով պատկերացնել մարդկային կարողությունը, արվեստը. «Շատ ուրախ եւ ոգեւորված ենք նորից «Կանդուկո»-ին ողջունել Հայաստանում»:
«Փոքր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը շնորհակալություն հայտնեց Բրիտանական խորհրդին, «Կանդուկո» պարային խմբին` ոգեւորության աղբյուր հանդիսանալու եւ իրենց ուղղորդելու համար:
Միացյալ Թագավորության հանրահայտ ներառական պարային խումբը հանդես կգա Հայաստանում մարտի 16-ին եւ 17-ին, ժամը` 19.30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` երկու մասից բաղկացած «Set and Reset/Reset» և «Beheld» ներկայացմամբ:
Հյուրախաղերը տեղի կունենան «ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնի շրջանակում: Մուտքն ազատ է:
Մերի ԻՍԱՅԱՆ