Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 15-ին հանդիպումներ է ունեցել Հունաստանի խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մասնավորապես` Պանայոտիս Զխուրիտիսի («Անկախ հույներ» կուսակցության փոխնախագահ), Լիանա Կանելիի (Կոմունիստական կուսակցություն), Սիլվանա Ռապտիի (ՊԱՍՕԿ` Համահունական սոցիալիստական շարժում), Էվի Խրիստոֆիլոփուլուի («Դեմոկրատական համախմբում» կուսակցություն) , Գեորգիոս Կումուցակոսի («Նոր ժողովրդավարություն» կուսակցություն) հետ։
Կարեն Միրզոյանը հույն խորհրդարանականներին է ներկայացրել իրավիճակն Արցախում և նրա շուրջ, ինչպես նաև անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ապահովմանը։
Անդրադառնալով Արցախում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին ու վերջին զարգացումներին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հաստատակամությունը՝ ամրապնդել ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա հիմնված անկախ պետականությունը։
Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափով համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ։
Կարդացեք նաև
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ